[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ` ՙԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ՚

Մարտի 2-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցած ՙԻմ ընտանիքը՚ ինտելեկտուալ խաղին, որին  ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ասկերանցիներ, ողջույնի խոսք ասաց միջոցառման կազմակերպիչը` Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։

 Ի դեպ, ՙԻմ ընտանիքը՚ ինտելեկտուալ խաղն արդեն դարձել է ավանդական, այն անցկացվում է 4-րդ անգամ՝ դպրոցի շնորհալի աշակերտների և նրանց ծնողների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ ամեն անգամ մասնակիցների քանակն ավելանում է։ Խաղի կայացմանն աջակցել և հովանավորել են Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը և Ասկերանի պատվավոր քաղաքացի, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։

-Անժխտելի է, որ հաստատուն գիտելիքներով օժտված մարդն անպարտելի է, իսկ ամուր, հզոր պետության հիմնաքարը՝ ազատ, գիտակից ու բանիմաց քաղաքացին, ու հենց գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ,- ասաց Աիդա Գյանջումյանը` մրցասպարեզ հրավիրելով խաղի մասնակիցներին։

Թիմերից մեկը ներկայացնում են Ն զորամասի  զինվորներ Տիգրանն ու Արմանը, ովքեր իրենց ողջույնի խոսքում վստահեցրին, որ հայրենիքի պաշտպանության գործը գտնվում է հուսալի ձեռքերում, և Պաշտպանության բանակը ձեռնարկում է ամեն ինչ, որպեսզի խաղաղությամբ բացվեն Արցախ աշխարհի բոլոր առավոտները։ 

Խաղն ընթացավ 4 փուլով՝ յուրաքանչյուրում հնչեցին 5-ական հարցեր։ Դրանք բազմազան էին՝ համաշխարհային մշակույթ,  արագ կողմնորոշվելու ունակության դրսևորում, հանելուկներ, տրամաբանական հարցեր։ Մրցակից թիմերի միջև ծավալվեց առողջ մրցակցություն։ Երրորդ փուլի արդյունքների ամփոփմամբ պարզվեց, որ չորրորդ՝ եզրափակիչ փուլ են դուրս եկել հայր և որդի Ալավերդյանները, մայր և որդի Գաբրիելյանները, հայր և դուստր Խաչատրյանները։ Եզրափակիչ փուլն ընթացավ համառ և անզիջում մրցապայքարում, որի ընթացքում հաղթեցին մայր և որդի Ալյոնա և Արթուր Գաբրիելյանները։ 

Խաղի յուրաքանչյուր փուլն ընդմիջվում էր երաժշտական դադարով։ Միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները։

Հաղթող և դիտարժան խաղ ցուցադրած թիմերին շնորհավորեց դպրոցի տնօրեն Մ. Ավանեսյանը՝ մեկ անգամ ևս փաստելով, որ ընտանիքն է հանդիսանում այն հզոր ու ամուր հենասյունը, որի վրա հենված է կայուն պետությունը։ Հաղթող թիմը արժանացավ դպրոցի տնօրենի պատվոգրի, ինչպես նաև հովանավորի կողմից հատկացրած դրամական պարգևի։ Դրամական պարգևներ ստացան խաղին մասնակցած  բոլոր թիմերը։  

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց ավանդական դարձած խաղի անցկացումը, ինչը նաև համախմբվածության և միասնության, իսկ մատաղ սերնդի համար` հոգևոր արժեքների գնահատման յուրօրինակ կոչ է։ Նա շրջվարչակազմի ղեկավարի անունից Ասկերանի գեղատեսիլ վայրերից մեկը խորհրդանշող նկար հանձնեց հաղթող թիմին։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան