Logo
Print this page

ՙԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ՚

Այս  խորագիրն էր կրում Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցում անցկացված երաժշտական փառատոնը:

Դպրոցի ընդարձակ դահլիճում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Ելույթների սպասող աշակերտները բազմագույն տարազներով էին: Փառատոնին մասնակցում էին 5-րդ դասարանցիները: 

Հինգ դասարաններից յուրաքանչյուրը ներկայացրեց մեկ պետություն: Առաջինը բեմ  բարձրացավ Ռուսաստանը ներկայացնող  5-րդ ՙա՚-ն: Հաղորդավար աշակերտների` վարժ ռուսերենով այս երկրի մասին հիմնական տեղեկություններ (դրոշը, աշխարհագրական դիրքը, բնակչության քանակը, մայրաքաղաքը, նրա տեսարժան վայրերը,  մշակութային արժեքները,  արտարժույթը, առանձնահատկությունները, սովորությունները, ուտելիքները) ներկայացնելուց հետո սկսվեցին ռուսական ժողովրդական աշխույժ, կենսուրախ, վարակիչ  երգ-պարերն  ինչպես բեմում, այնպես էլ դահլիճում: 

Հանդիսատեսը դեռ չէր հասցրել հայացքով ճանապարհել ՙռուսներին՚, գալիս են Հունաստանը ներկայացնող 5-րդ ՙբ՚-ի երեխաները:  Եվ նորից մի քանի խոսք` արևոտ այս երկրի մասին, որից հետո  դահլիճում սփռվում է հոգեպարար ՙՍիրտակի՚-ն: Բեմեզրին նստած կիթառահարն ու ջութակահարը նվագակցում էին: Ելույթ ունեցողների շարժումների, երաժշտության, գույների, երգերի համադրությամբ հանդիսատեսին է փոխանցվում այդ երկրի ողջ կոլորիտը: 

 Եվ այսպես` հերթով  ներկայացվում են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, իսկ վերջում` մեր հարևան Վրաստանը: Կրքոտ լեզգինկային հաջորդում է լիրիկական ՙՍուլիկո՚-ն: 

Այնուհետև փառատոնի բոլոր մասնակիցները հնչեցնում են Արցախի ձայնը` ՙԽաղաղությունը մեզ ոչ ոք նվեր  չի տվել,  մենք այն նվաճել ենք դաժան պատերազմում, նվաճել ազգովի: Խաղաղություն ամենքին և ամենուր. այս ենք միայն բոլոր ազգերին մենք կամենում՚:

Փառատոնը նախաձեռնել էր դպրոցի երաժշտության ուսուցչուհի և խմբակավար Գայանե Հարությունյանը:  Դա նրա կողմից կազմակերպված երրորդ փառատոնն էր: Առաջինը նվիրված էր հայրենասիրական, երկրորդը` ազգագրական երգերին: 

Փառատոնին ներկա էր ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, որը բարձր գնահատեց կատարվածը` նշելով, որ նման միջոցառումները  նպաստում են ժողովուրդների համերաշխությանն ու մերձեցմանը: Նա երեխաներին կոչ արեց ցուցաբերել պատրաստակամություն` գիտելիքներ ձեռք բերելու գործում, ակտիվորեն  մասնակցել արտադպրոցական խմբակներին, որոնք անձին հնարավորություն են տալիս ձևավորվել որպես լիարժեք անհատ: 

Նախարարը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին, դպրոցի ղեկավարությանը, ի մասնավորի` երաժշտության ղեկավարին. այդքան մեծ բազմություն միանգամից հավաքել բեմում, տարբեր երկրների երգեր երգել ու պարել` անկասկած մեծ ջանքեր են պահանջել:

Ավելացնենք, որ փառատոնին մասնակցում էին նաև այդ դասարանների բոլոր ներառական երեխաները,  ինչը միջոցառումը ուսանելի է դարձնում նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին ինտեգրելու առումով:

Հանդիսատեսը թողեց դահլիճը` իր ունկերում տանելով  փառատոնի  ՙՄենք մեզ ոչ մեկից չենք գերադասում՚ կարգախոսը, բայց և` ՙԵս եմ , դուք եք, մենք բոլորս հայ ենք, փառք մեր ազգության, փառք մեր հայության՚  երգի ոգևորիչ  տողերը:  

Երաժշտական լեզվի արտահայտչամիջոցները համընդհանուր են և հասկանալի բոլորին, ու ինչպես հայ, այնպես էլ այլ լեզվի ստեղծագործություններով օգնում  են ավելի լավ ճանաչել իրար, լինել հարգալից միմյանց նկատմամբ: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.