[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵՄԱՆԵՐՆ ԱՐԴԻԱԿԱՆ ԵՆ, ԱՆՀՐԱԺԵՇՏ է ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ

 Օրերս Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ՝  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Լևոն Թավադյանին և նույն ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Քամալյանին:

Հանդիպումը Կենտրոնի գիտաշխատողների հետ աշխատանքային խորհրդակցության ձևաչափով էր։ Մինչ այդ հյուրերը ծանոթացան կառույցի շենքային պայմաններին, առկա հնարավորություններին ու տեխնիկական զինվածությանը։

Ողջույնի խոսքում Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը կարևորեց նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք միտված են կառույցի զարգացմանը և շարունակական բնույթ են կրելու։ 

Լևոն Թավադյանի խոսքով՝ գիտությունն ու կրթությունը պետականության կարևոր բաղադրիչներից են, ուստի Արցախի գիտական կենտրոնի կայացման գործընթացը միշտ էլ եղել և մնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ուշադրության կենտրոնում: Ակադեմիկոսներն այստեղ են ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հանձնարարականով, այն է՝ տեղում ծանոթանալ կատարված և կատարվելիք գիտական աշխատանքներին: Թեմատիկ ֆինանսավորումը, որ արվել է Հայաստանի գիտպետկոմի (ԳՊԿ) կողմից, կխթանի Կենտրոնի գործունեությանը՝ ասաց Լ. Թավադյանը։ ՙԾանոթանալով Արցախի գիտական կենտրոնի ինֆրակառուցվածքներին, մենք նկատեցինք, որ գործիքների առումով այստեղ լուրջ խնդիրներ կան։ Կարելի է ասել՝ նույնն է վիճակը նաև Հայաստանում,-ասաց Լ. Թավադյանը։-Փորձարարական աշխատանքները շատ դժվար է իրականացնել առանց ինֆրակառուցվածքների՝ նույնիսկ եթե համագործակցում եք Հայաստանի առաջատար գիտական կենտրոնների հետ։ Նաև տեղյակ եմ պայմանների բարելավման ուղղությամբ տարված աշխատանքներին՚։ 

Ներկաները լսեցին Արցախի գիտական կենտրոնում 2017թ. իրականացվող՝ ՀՀ ԳՊԿ-ի կողմից ֆինանսավորվող թեմաների վերաբերյալ հաշվետվությունները, որոնք ներկայացրին իրենք՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողները՝ Անյուտա Սարգսյանը (ՙԼՂՀ հիմնական կերային ռեսուրսների որակական ցուցանիշների ուսումնասիրությունը՚), Արևիկ Իսրայելյանը (ՙԼՂՀ կաթնաթթվային բակտերիաներից և խմորասնկերից ստացված հակամանրէային պատրաստուկների օգտագործման հետազոտությունը՚), Կարինե Հարությունյանը (ՙԼՂՀ դեղաբույսերի հակաբորբոքային և հակաօքսիդանտային ակտիվությունների ուսումնասիրությունը՚), Քրիստինե Սարգսյանը (ՙԼՂՀ տարածքում արտադրվող մեղրի որակի և անվտանգության հետազոտում՚), Նարինե Բաղյանը (ՙՀետերոցիկլիկ տեղակալված նոր սերնդի ամինաթթուների ասիմետրիկ սինթեզն ու հետազոտումը՚), ինչպես նաև՝ Բորիս Պետրոսյանը (ՙԱրցախի սեյսմոլոգիական և երկրադինամիկական ցանցերի զարգացում՝ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով՚)։  Զեկուցողները կարևորեցին նշված գիտական թեմաների այժմեականությունն ու հրատապությունը՝ Արցախի տնտեսության զարգացման առումով, միաժամանակ պատասխանեցին ներկաների հարցերին։  

Ներկայացված  թեմաների վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտեցին հյուրերը։ 

Ակադեմիկոս Լևոն Թավադյանը մասնավորապես ասաց. ՙԱնչափ գոհ եմ այցից։ Տեսնում եմ, որ այստեղ՝ Արցախի գիտական կենտրոնում, անընդհատ թարմացվում են ինֆրակառուցվածքները, և համոզված ենք, որ դա շարունակական է լինելու։ Ինչ վերաբերում է այստեղ ներկայացված գիտական աշխատանքներին՝ բոլոր թեմաներն էլ ակտուալ են։ Ինքս էլ զրուցել եմ դրանց գիտական ղեկավարների հետ, և մեր բոլորիս  ցանկությունն է, որ այդ թեմաներն Արցախում կիրառական բնույթ կրեն և անպայման տպագրվեն բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում։ Որպես ղարաբաղցի՝ ուրախ եմ գիտությամբ զբաղվող այս երիտասարդների համար, ովքեր բավականին ինքնավստահ կարողանում են ներկայացնել իրենց մտքերը՚։ Նա միաժամանակ կարևորեց երիտասարդ գիտաշխատողների շփումը հայտնի գիտնականների հետ։ 

ՙՄենք համոզված ենք, որ դուք ամեն ինչ կներկայացնեք ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը։ Հիրավի, Արցախում  գիտությամբ զբաղվելը փոքր-ինչ դժվար է՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված,-ասաց Ստեփան Դադայանը։- Ուստի, ձգտում ենք խորացնել մեր համագործակցությունը հայաստանյան գիտական կենտրոնների և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ՚։ Գիտական կենտրոնի ղեկավարի խոսքով՝  արցախցի գիտաշխատողները զրկված են միջազգային գիտաժողովներին մասնակցելու հնարավորությունից, ուստի հյուրերին խնդրեց հնարավորության սահմաններում նրանց ևս ընդգրկել նման միջոցառումներին։ Նա անդրադարձավ նաև Կենտրոնի առջև ծառացած մյուս խնդրիներին, հատկապես նորաստեղծ լաբորատորիայի համար արդիական սարքավորումների ձեռքբերմանը։ ՙԱյսօր մեր հետազոտությունների միայն 20-30 տոկոսն է տեղում իրականացվում, և դա` սարքավորումների բացակայության պատճառով։ Եթե կարողանանք անհրաժեշտ մի քանի սարքավորում ևս ձեռք բերել և գոնե 20 տոկոսով  ավելացնել հետազոտությունների քանակը՝ Կենտրոնի համար դա մեծ առաջընթաց կլինի՚,-հավելեց Ս. Դադայանը։ 

Հանդիպման ավարտին խոսք եղավ Արցախի գիտական կենտրոնի հետագա կարգավիճակի մասին։ Նման հարցադրմամբ հանդես եկավ Կենտրոնի փոխտնօրեն Անյուտա Սարգսյանը։ Ըստ փոխտնօրենի՝ ՀՀ ԳԱԱ-ին կից գործելը Կենտրոնին հնարավորություն կտա լիարժեք զարգանալ։ Այդ կապակցությամբ Լևոն Թավադյանը նշեց, որ նման հարց արդեն իսկ քննարկվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ ՙՑանկացած գիտական կենտրոն պետք է կապված լինի այլ գիտական օջախների հետ։ Դա ոչ միայն զուտ վարչական, այլ նաև այլ խնդիրներ է իր մեջ պարունակում՚,- նշեց ակադեմիկոսը։    

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ