Logo
Print this page

ՙՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ՚ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ ՙՍահմանադրություն և իրավունք՚ դպրոցականների հանրապետական առաջին օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը։

Օլիմպիադան կազմակերպվել է ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ 

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, գոհունակություն հայտնելով առաջին անգամ նմանատիպ օլիմպիադայի կազմակերպման համար, նշել է. ՙԴպրոցականները ևս մեկ անգամ հնարավորություն ստացան ցույց տալ իրենց գիտելիքներն Արցախի օրենսդրության իմացության ոլորտում։ Հանձնաժողովը՝ ստուգելով և վերլուծելով, համոզվել է, որ կան բավականին բարձր մակարդակի աշխատանքներ՚։

Ս. Ասրյանը, շնորհակալություն հայտնելով  ԱԵԳՄՄ-ին` նախաձեռնության համար, հավաստիացրել է, որ օլիմպիադան կդառնա ավանդական:

ԱԵԳՄՄ հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանն իր հերթին միավորման, օլիմպիադայի կազմկոմիտեի և իր անունից շնորհակալություն հայտնեց  նախարար Ս. Ասրյանին` պատրաստակամության և բազմակողմանի աջակցության համար, ինչի արդյունքում հնարավոր եղավ կյանքի կոչել նման գաղափարը։

Օլիմպիադային մասնակցել է 55 աշակերտ, 20-ը՝ Ստեփանակերտից, 35-ը՝ շրջկենտրոններից։

Ամփոփելով արդյունքները` Ա. Հարությունյանը նշել է. ՙԴեռ 10 օր առաջ, երբ անցկացնում էինք օլիմպիադան, կարծիք էինք հայտնել, որ Արցախի աշակերտները ոչ պակաս գրագետ ու ակտիվ են, քան մյուս երկրների աշակերտները։ Հանձնաժողովը դրանում լիովին համոզվել է աշխատանքների ստուգման ու ամփոփման ժամանակ՚։ 

1-3-րդ մրցանակային տեղերն զբաղեցրած աշակերտներին (Աշոտ Գաբրիելյան, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դաս., Գուրգեն Առստամյան` Ստեփ. Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի 11-րդ դաս., Արեն Խաչատրյան` նույն դպրոցի 11-րդ դաս.,) տրվեցին օլիմպիադայի խորհրդանիշով նվերներ և դրամական խրախուսումներ (համապատասխանաբար՝ 30, 20 և 15 հազար դրամ) հովանավոր Կարեն Սարգսյանի կողմից, իսկ գովասանագրի արժանացել է  6 աշակերտ` Արսեն Դավթյան` ֆիզմաթ դպրոց, Լուսինե Դանիելյան` ք. Բերձորի հ. 1 միջն. դպրոց, Մերի Օհանյան` Մարտակերտի Վ. Բալայանի անվան հ. 1 միջն. դպրոց, Գոհար Միրզաջանյան` Մարտունու Ն. Ստեփանյանի անվան հ. 1 միջն. դպրոց, Ֆլորա Համբարձումյան` Շուշիի Խ. Աբովյանի անվան միջն. դպրոց,  Մարիամ Ասրյան` Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջն. դպրոց:

 

Էվելինա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.