[ARM]     [RUS]     [ENG]

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ` ՆՎԻՐՎԱԾ ԵԼԵՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Մարտի 14-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում մեկնարկեց պարուսույց Ելենա Սարգսյանի հիշատակին նվիրված մրցույթ-փառատոնը:

Տեղի ունեցավ մրցույթ-փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էին ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, ՄԵՀ նախարար Նարինե Աղաբալյանը:

Ստեփանակերտում ճանաչված ու սիրված անձնավորություն էր Ելենա Սարգսյանը: Արցախում պրոֆեսիոնալ պարարվեստի հիմնման և զարգացման գործում նրա ավանդը չափազանց մեծ էր: 1960-ական թվականներին Բաքվից նրան` որպես պրոֆեսիոնալ պարուհու, հրավիրեցին Ղարաբաղի նորաստեղծ երգի-պարի պետական համույթ: Եվ նա մեծ սիրով համաձայնեց: Երկար ժամանակ նա մնում էր անսամբլի անկրկնելի մենակատար-պարուհին: Հետագայում, երբ բացվեց Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցը, աշխատում էր որպես պարուսույց: Իսկ երբ անկախության տարիներին նախկին Պիոներների տունը վերակազմավորվեց և վերանվանվեց Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, հետո հիմնվեց պարարվեստի քոլեջը, նա նույնպես մեծ նվիրվածությամբ աշխատում էր նաև այս հաստատություններում: Կենսուրախ և անչափ աշխատասեր, խիստ ու պահանջկոտ, սրտացավ ու անաչառ, միշտ մարտական ոգով տոգորված ու գործին անմնացորդ նվիրված. այսպիսին էր Ելենա Սարգսյանը, այսպիսին են հիշում նրան հարազատները, ընկերները, գործընկերները, սաները: Ավտովթարի զոհ դարձած և վաղաժամ մեզանից հեռացած պարուսույցը բոլորիս մեջ թողեց խոր ափսոսանք, ցավ, կարոտ…

Տարիներն անցան: Նրա գործն այսօր շարունակում են գործընկերները, աշակերտները և հիշում, կարոտում, մտովի նրա հետ քննարկում, խորհուրդ հարցնում: Եվ հենց այս կարոտից, ցավից ծնվեց նրա հիշատակին նվիրված մրցույթ-փառատոն կազմակերպելու գաղափարը, խոստովանում է Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Նաիրա Նաջարյանը, մարդ, ով երկար տարիներ բախտ ունեցավ աշխատել նման անհատականության հետ:

Մրցույթ-փառատոնի բացման արարողությունը վերածվեց հուշ-երեկոյի: Ելենա Սարգսյանի մասին իրենց հուշերով կիսվեցին մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են նրա հետ. Էլմիրա Կարապետյանը, Տատյանա Միրզոյանը, Ստելլա Զաքարյանը, Կարինա Գրիգորյանը: Ելույթները համադրվում էին գեղեցիկ պարերով, որոնց բեմադրությունն արել են նրա աշակերտները, գործընկերները, և որոնք կատարում էին այն հաստատությունների սաները, պարուհիները, որտեղ աշխատել է Ելենա Սարգսյանը` պարարվեստի քոլեջի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, պարի պետական համույթի… Իսկ հնչած խոսքերին լրացնում էին ցուցադրվող` նրա կյանքի տարբեր դրվագների մասին պատմող լուսանկարները, որոնք օգնում էին վերականգնել նրա լուսավոր, քնքշություն, միաժամանակ խիզախություն արտահայտող դեմքը: Գեղեցիկ և հուզիչ ստացվեց մրցույթ-փառատոնի մեկնարկը, հաստատում են հանդիսատեսներից շատերը: Երկար մտահղացված և Պալատի աշխատողների միասնական, թիմային աշխատանքի շնորհիվ կյանքի կոչված այս միջոցառումը յուրատեսակ պատգամ է մատաղ սերունդներին, ասում է Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Նաիրա Նաջարյանը, և ուղեցույց` թե ինչպիսի նվիրվածությամբ պետք է աշխատել, սիրած գործին նվիրվել, որպեսզի նրանք տարվեն, սիրեն պարարվեստը և հասնեն բարձր պրոֆեսիոնալիզմի:

Հավելենք` մրցութային ելույթները տեղի կունենան մարտի 24-ին` ՙԺողովրդական պար՚ և ՙԱզգագրական պար՚, իսկ 31-ին` ՙԴասական պար՚ և ՙԺամանակակից պար՚ անվանակարգերում: Իսկ մենք Ելենա Սարգսյանի հիշատակին նվիրված մրցույթ-փառատոնին մաղթենք բարի երթ, մասնակից-խմբերին` հաջող ելույթներ: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ