[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԻՎԸ` ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ԲԱՐՁՐ

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն  օրերս իր աշխատասենյակում ընդունեց Այգեստանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մարատ Բարսեղյանին, ով, ս.թ. փետրվարի 23-ին ՌԴ Յարոսլավլ քաղաքում մասնակցելով MMH (խառը մենամարտեր) մարզաձևի  աշխարհի առաջնությանը, գրավել է 3-րդ մրցանակային տեղը։

Սերգեյ Գրիգորյանը կարևորել է Մարատի մեծ նվաճումը՝  այն համեմատելով սահմանապահ զինվորների ամենօրյա սխրագործությունների հետ։

-Սիրելի՜ Մարատ, քո ձեռքբերումը միայն քեզ չի պատկանում, այլև ամբողջ շրջանին ու հանրապետությանը, որի հանդեպ մենք՝ Արցախ աշխարհի պատասխանատուներս, չենք կարող անտարբեր մնալ։ Մեծ հպարտություն է, երբ շրջանում նպատակամետ ու հայրենասեր սերունդ է մեծանում, ով ջանք ու եռանդ չի խնայում Հայրենիքի փառքն ու պատիվը բարձր պահելու համար։ Քո ու քեզ նման նվիրյալների շնորհիվ է, որ հայ ազգն աշխարհին ներկայանում է իր լավագույն կողմերով,- ասաց Ս. Գրիգորյանը՝ Մարատին հանձնելով դրամական պարգև և  հուշանվեր։ 

Մարատ Բարսեղյանը ծնվել է 2000 թվականի մարտի 8-ին ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքում։ Սպորտով սկսել է զբաղվել   մանկուց։ Նրա առաջին մարզիչը  եղել է հայրը, ով մինչ այսօր էլ  շարունակում է նրա հետ պարապել։ Տեղափոխվելով Արցախ՝ 10 տարեկանից սկսել է զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով՝ մարզիչ Էդուարդ Ավանեսյանի մոտ։ Բազմաթիվ մրցումների է նա մասնակցել ՀՀ-ում և ՌԴ-ում ՝ զբաղեցրել 1-ին և 2-րդ մրցանակային տեղերը, արժանացել մեդալների և պատվոգրերի։ 

MMH  մարզաձևով սկսել է զբաղվել 2015 թվականից։ Արցախում կայացած համանուն առաջնությանը Մարատը դարձել է չեմպիոն, իսկ Հայաստանի առաջնությանը՝ գրավել 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Մարատի եղբայր Վասակը զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով։  2014-ից մարզիչ Գարեգին Աղաբալյանի մոտ սկսել է զբաղվել MMA մարզաձևով։ Վասակը բազմիցս  արժանացել է ԼՂՀ առաջնությունների չեմպիոնի կոչման, ՀՀ առաջնություններում երկու անգամ զբաղեցրել է 1-ին տեղը։ Մասնակցելով միջազգային համանուն մրցումներին՝ նվաճել է պատվավոր 1-ին հորիզոնականը։ Եղբայրները բազում երազանքներ ունեն՝ կապված ընտրած մարզաձևի հետ։ Այժմ նրանք ուժերի գերլարումով գիշերուզօր մարզվում են, առջևում մեծ երազանք ունեն պահած՝ դառնալ աշխարհի չեմպիոն՝ գլխավերևում բարձր պահելով մեր  եռագույնը։ 

Չինական ասացվածքն ասում է՝ հայրերը ծառեր են տնկում, զավակները զովանում են դրանց ստվերում։ Ըստ իս, հայոց արծիվ զավակները զորացնում են իրենց հայրերի տնկած ծառերն ու ամեն մի նվաճումով հայրենասիրության խոր ու անսասան արմատներ ձգում հայրենի հողում։ Այդ նշանաբանով էլ եղբայրները  շարունակում են իրենց ամենօրյա մարզումները՝ փայփայելով  երազանքը՝ մի օր Արցախ բերել  MMA մարզաձևի  աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան