[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿԱՐՈՏԱԽՏԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՄԻՇՏ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄԵԶ՚

Կան մարդիկ, ովքեր ՙաստղ՚ չեն, բայց իրենց գործունեությամբ, իրենց մարդկային կերտվածքով միջավայր են ստեղծում, մթնոլորտ են ձևավորում, տարիների աշխատանքը հանրագումարվում է, դառնում վաստակ, ապրած կյանքը՝ լեցուն, ամբողջական։

Նման մարդիկ հեռու են մեծ հավակնություններից, փառքի հետևից չեն վազում, բայց ունեն տեղ, որ միայն իրենցն է։

Մարտին Ալոյանը, օժտված լինելով դերասանական շնորհքով, խաղընկեր լինելով վարպետ դերասանների և հմտանալով փորձառու ռեժիսորների ձեռքի տակ, Ստեփանակերտի Վ. Փափազյանի  անվան  հայկական պետական դրամատիկական թատրոնում աշխատելու տարիներին կարողացել է  կերտել բազմաթիվ էպիզոդիկ և գլխավոր դերեր, արժանացել հանդիսատեսի  համակրանքին։ Նա նկարահանվել է Գ. Ղազարյանի ՙՏունը, որ կրակում է՚, ՙՄարդի ապա՚, Ս. Հասան Ջալալյանի ՙ10-րդ նահանգ՚ (Վաչագան Բարեպաշտ), Ջ. Ավետիսյանի ՙԸնդհատված մանկություն՚ (պապ), ՙԹևանիկ՚ (Կյաժ Սեթո), Ա. Աբադիի ՙԵվա՚ (պապ) ֆիլմերում։ 

Ծնվել է 1957թ. Ստեփանակերտում։

 2012-ին պարգևատրվել է Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով, 2014¬ին արժանացել  ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման։ Ալոյանն Արցախյան գոյամարտի տարիներին, ինչպես նաև խաղաղ ծառայության օրերին, իրեն դրսևորել է  որպես պրոֆեսիոնալ խիզախ կապավոր, մասնակցել է կարևոր ռազմագործողությունների, այդ թվում՝ Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի շարք բնակավայրերի ազատագրման մարտերին։ Արժանացել է մեդալների, այդ թվում՝ ԼՂՀ՝ ՙՇուշիի ազատագրման համար՚ (2004թ.), ՙՄարտական  ծառայություն՚ (2005թ.), ՙՄայրական երախտագիտություն (2007թ.), ՀՀ՝ ՙԳարեգին Նժդեհ՚ (2007թ.)։ 

2016-ի ապրիլյան քառօրյա  պատերազմի ժամանակ առաջինների շարքերում կամավոր մեկնել է սահմանամերձ գոտի, կանգնել հայ զինվորի կողքին, պաշտպանել Թալիշ գյուղի դիրքերը։

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Մ. ԱԼՈՅԱՆԻ  հետ։-Անմիջական էր Ձեր մուտքը թատրոն։ Սովորել եք Ստեփանակերտում, ապա՝ դպրոցն ավարտել Երևանում, վերադարձել եք ծննդավայր և աշխատանքի անցել Ստեփանակերտի մայր թատրոնում։ Հավանաբար, հնարավորություն եղել է դերասանական պրոֆեսիոնալ կրթություն ստանալու համար, բայց ... չեք ստացել։ Ձգտում չկա՞ր, թե՞... 

-Ձգտում միշտ եղել է, բայց հանգամանքներն այլ բան են որոշել։ Երևանում Ավ. Իսահակյանի անվան դպրոցում սովորելու տարիներին մասնակցում էի թատերական խմբակներին։ 1975-ին, երբ դպրոցն ավարտեցի, ուզում էի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ընդունվել։ Այդ տարիներին Ստեփանակերտի մայր թատրոնի տնօրենը հայտնի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանն էր։ Նա ինձ ճանաչում էր, տեսավ, ասաց գեղարվեստա-թատերականում ղարաբաղցիներից կուրս են ուզում բացել, ինձ էլ պիտի ընդգրկեն։ Ինչ-ինչ պատճառներով կուրսը չստացվեց, բայց ես Ստեփանակերտի թատրոնում աշխատելու հրավեր ստացա։ Բարձրագույն կրթություն ստանալու ցանկությունս լսելով, Գուրգեն Գաբրիելյանը փաստարկեց, թե թատրոնի լավագույն դերասաններից ոմանք մասնագիտական կրթություն չունեն։ Որոշեցի  մասնագիտական կրթություն ստանալու  խնդիրը միառժամանակ հետաձգել։ Այսպես հայտնվեցի Ստեփանակերտում, տնօրենի աշխատասենյակում։ Ուրախացավ, ուղարկեց երկրորդ հարկ, որտեղ ընթացիկ փորձեր էին ընթանում։ Նստած էին մեր թատրոնի լավագույն դերասանները, մի աթոռ էլ՝ դատարկ, որ ինձ համար էր նախատեսված։ Տեքստը տվեցին կարդալու, կողքիս նստած էր Ժաննա Գալստյանը, ցույց տվեց, թե ինչպես վերաբերվեմ։ Կարդում եմ, բայց նկատեցի ներկաների ծիծաղն ու ժպիտները։ Ամաչեցի, բայց նրանք իրենց գոհունակությունն այդ ձևով էին արտահայտել։ Դա իմ խաղացած առաջին դերն էր ուկրաինական գրող Ն. Զարուդնիի ՙԾիածան՚ պիեսում (Ռոման)։ 

-Մի խոսքով՝ նավից պարահանդես։ 

-Այսպես, սկսեցի խաղալ։ Հետո զորակոչվեցի խորհրդային բանակի շարքերը, հատուկ նշանակության զորամասում կապի ծառայության վրա էի։ Հետո՝ նորից թատրոն։ 

-Ներեցեք ընդհատելուս համար, գուցե խոսենք Ձեր ընտանիքի Երևան տեղափոխվելու հանգամանքների մասին։

-Երևան տեղափոխվեցինք 1968-1969 թվականներին։ Պատճառն այդ տարիներին կատարված դեպքերն էին Մարտունու շրջանի  Բերդաշեն գյուղից   դպրոցական տղայի սպանությունն ազերի տնօրենի ձեռքով, դրան հաջորդած իրադարձությունները՝ ժողովրդական ըմբոստության ալիքը, ապա մարզում սկսված զանգվածային ձերբակալությունները, հայերին ադրբեջանական բանտերը լցնելը և այլն։ Ես այն ժամանակ 10 տարեկան էի, երեխաներով խաղում էինք մարզահամալիրի աստիճանների մոտ, նկատեցինք բարձրացող ծուխը, վազեցինք, տեսանք բանտարկյալներին տանող վառվող մեքենան, հարայ-հրոցը, գոռում-գոչյունները... Հայրս՝ Գուրգենը, դատավարության ընթացքում ընկերների հետ դահլիճում էր, գործողությունների ականատեսն ու գուցեև ենթադրյալ մասնակիցն է եղել։ Նրան հարցաքննության համար մի քանի անգամ կանչել էին Բաքու, մի օր էլ հայրս մտավ տուն և ասաց, որ պետք է շտապ տեղափոխվի Երևան։ Մի բարձրաստիճան պաշտոնյա մեզ արյունակից, հորս հայտնել էր, որ իրեն ևս պիտի բանտարկեն։ Մի խոսքով՝ գնաց, աշխատանքի մտավ, մեր ընտանիքն էլ տարավ։ Հորս նման այլ ընտանիքներ ևս տեղափոխվեցին փրկվելու համար։ 

-Բայց Ղարաբաղը միշտ Ձեզ ձգել է, Դուք մինչ աշխատանքի անցնելն էլ հաճախ էիք երևում Ստեփանակերտում։ 

-Այո։ Ծննդավայրս, որտեղ անցել է իմ մանկությունը, միշտ ձգել է ինձ։ Գալիս, մնում էի և՜  արձակուրդներին, և՜ ամառները, ընկերական շրջապատս այստեղ էր։ Մեր ընտանիքը մի քիչ ուշացած տեղափոխվեց Արցախ։ Եկան 1992-ին, երբ ես ռազմի դաշտում էի, իրենք չկարողացան հեռու մնալ։

¬ Ո՞րն եք համարում Ձեր գործունեության ամենաակտիվ շրջանը։

-Ամենաակտիվ շրջանը 1978-ից սկսած մինչև պատերազմն էր։ Բավականաչափ զբաղված էի։ Ամենահաճելին այն էր, որ աշխատել եմ թատրոնի անվանի դերասանների հետ՝ Բենիկ Օվչյան, Մամիկոն Միքայելյան, Մարգո Բալասանյան, Նվարդ Ասատրյան, Ժաննա Գալստյան...Խաղացել եմ Գենադի (Վ. Ռոզով՝ ՙԵրջանկության որոնումներ՚), Դավիթ (Ա.Պապայան՝ ՙԳնա մեռիր, արի սիրեմ՚), Ջեկսոն (Մարկ Տվեն՝ ՙՀեքլբերի Ֆիննի արկածները՚), Վահիկ (Վ. Հակոբյան՝ ՙՔո սերը քո տունն է՚), Ստեփանոս (Վ. Օվյան՝ ՙՊըլը¬Պուղի՚), Վարազդատ (Լ. Միքայելյան՝ ՙՎարազդատ՚), Արտաշես (Ս. Խալաթյան՝ ՙՍերը պահարան չի հարցնում՚), Պեռա (Բ. Նուշիչ՝ ՙՏիկին մինիստրուհի՚), Արիս (Ժ. Անանյան՝ ՙԼույս քեզ տեսնողին՚), Զաքարե (Մուրացան՝ ՙՌուզան՚), Պահակապետ (Հ.Հակոբյան՝ ՙՍերը ճամփեզրին՚), Լուկա  Կուպյելո ( Էդուարդո դե Ֆիլիպո՝ ՙԾննդյան տոները սինյոր Կուպյելոյի տանը՚)...

-Ձեր թատերական գործունեությունն ընդհատումներով եղավ...

-Եղավ մի պահ, որ ես ինձ թատրոնում լավ չէի զգում. կատարում էի գլխավոր դերեր, բայց մնում էի սկսնակի հաստիքում, քանի որ մասնագիտական կրթություն չունեի։ Դուրս եկա, գինեգործի մասնագիտություն ձեռք բերեցի, աշխատեցի, բայց թատրոնը միշտ ինձ ձգել է։ Թատրոնը սիրել եմ։ Երբ հեռու եմ եղել, կարոտախտ եմ ունեցել։

Կարոտախտը կարծես թե միշտ հետևում է մեզ։ Ի՛նչ թատրոն ունեինք... Կար ժամանակ, որ 100 հոգի էին աշխատում, ստեղծագործական կազմը 40-45 էր, խաղացանկում 30-35 բեմադրություն ունեինք, դերասանների զբաղվածությունը մեծ էր։ Նախկինում պետական հոգածությունն ավելի մեծ էր, վառելիքով ապահովված էինք, հյուրախաղերի հնարավորություն ունեինք։ Իմիջիայլոց, միշտ անցած ժամանակներին երանի ենք տալիս, երևի դա գալիս է թատրոնն ավելի լավը տեսնելու ցանկությունից։ 

-Ինչպիսի՞ն կցանկանայիր տեսնել թատրոնը։ 

-Վերջին տարում թատրոնի ստեղծագործական աշխատանքը հունի մեջ է մտել, և դա կապված է նոր նշանակված գեղարվեստական ղեկավարի՝ Ռուզան Խաչատրյանի հետ։ Թատրոնը համալրվել է երիտասարդ, շնորհալի դերասաններով, մթնոլորտը ստեղծագործական է, մարդկային հարաբերությունները՝ աշխատանքային։ Կցանկանայի վերականգնվեր ՀՀ թատերական միության Արցախի մասնաճյուղը։ Կուզենայի վերականգնված տեսնել գեղարվեստական խորհուրդը, որը լուծարվել է, այցելեինք գյուղական բնակավայրեր, որտեղ թատրոնի կարոտ կա։ 

-Մարտին, Դուք նաև անցել եք Արցախյան պատերազմի փորձությունների միջով։ 

-Պատերազմն ահավոր երևույթ է, նույնիսկ մարդու բնավորությունն է փոխվում։ Երբ զորացրվեցի, 50-ս լրացել էր, նորից թատրոն եկա և ինքս ինձ դժվար էի ճանաչում, մի տեսակ կոպտացել էի։ Կոմիտաս Դանիելյանը, որ այն ժամանակ թատրոնի տնօրենն էր, կեսլուրջ¬կեսկատակ հարցրեց. ՙԿարողանալո՞ւ ես բեմին հարմարվես՚։ Ասացի՝ կարոտել եմ, կարոտից խաղն ավելի լավ է ստացվելու։ 

-Դեպք պատերազմից, որ հաճախ եք հիշում։ 

-Դժվար է առանձին դեպքերի մասին խոսել։ Պատերազմին մասնակցել եմ և՜ որպես կապավոր, և՜ որպես զինվոր։ Երբ բերեցին առաջին ՙԳրադ՚ կայանքը, մոտեցա Կոմանդոսին, ասացի՝ կաբինետային աշխատանքն ինձ դուր չի գալիս, ուղարկեք հրետանային զորամաս։ Այն ժամանակ մեզ՝ մարտիկներիս համար վիրավորական էր, երբ առաջին գիծ չէին ուղարկում։ Մասնակցեցի Շուշիի, Աղդամի  ազատագրմանը, ապա գործուղվեցի Մարտունու շրջան, Կարմիր շուկա, որտեղ դրությունը լուրջ էր։ Ավոն մի քանի անգամ եկավ։ Պատի տակ նստած, ինքնաձիգս էի մաքրում։ Ճանաչում էր, մոտեցավ, նստեց։ Նայեցի, համազգեստն այնքան էր մաշվել, որ ծնկի մասում պատռվել էր։ Ասացի՝ Ավո, հրամանատար ես՝ ինչո՞ւ չես պահանջում։ Ասաց, իրենք չե՞ն տեսնում։ ...Մի շաբաթ հետո եկավ նոր համազգեստ հագած, ասաց՝ Մարտին ջան, աղե՞կ է...Ուրիշ մարդ էր, հասարակ, պարզ, անկեղծ, հերոսական։

-Կրկին վերադառնանք թատրոնին։ Եղե՞լ է, որ հրաժարվեք Ձեզ  առաջարկած դերից։ 

-Միայն մեկ անգամ։ Ես միշտ  հարմարվել եմ ռեժիսորներին, ամբիցիա չեմ ունեցել։ Առհասարակ կաբինետ մտնել, խնդրել չեմ սիրում։ 

 -Ձեր սիրած դերը, որ խոր հետք է թողել։ 

-ՙԳնա մեռիր, արի սիրեմ՚ ներկայացման մեջ Դավիթը։ 

-Դերը, որ երազում եք խաղալ։ 

-Թող հավակնոտ չհնչի՝ երազում եմ Լիր արքա խաղալ։ Սրտիս մոտիկ են ողբերգական դերերը, չնայած մշտապես հանդես եմ եկել և՜ դրամատիկ, և՜ կոմիկական դերերով։ Կցանկանայի մեր բեմում դասական գործեր տեսնել, դա անհրաժեշտ է և՜ դերասանին, և՜ հանդիսատեսին։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ