[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՄԲ Է ԵՎ ԴՐՈՇ՚

ՙԳրիգոր Նարեկացի՚ պետհավատարմագրված համալսարանի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում մարտի 21-ին նշվեց պոեզիայի միջազգային օրը։

Հավաքվել էին գրողներ, արվեստագետներ, պոետիկ արվեստի երկրպագուներ։ 

Միջոցառումը բացեց համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանը, նշելով, որ այդ օրը տոն է հռչակվել 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ¬ի 30-րդ վեհաժողովում՝ նպատակ ունենալով պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը, քանի որ արվեստներից գեղեցկագույնը կարող է պատասխան տալ մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին։ Հայ ժողովրդի համար բանաստեղծությունը եղել է հոգևոր սնունդ, և այն զարգացման երկար ճանապարհ է անցել՝ Գողթան երգերից մինչև մեր օրերը, Դավթակ Քերթողից մինչև Նարեկացի, Քուչակ, Շիրազ ու Սևակ։ Բանախոսը նշեց, որ Արցախի գրական ընտանիքն այսօր աշխարհին ներկայանում է իր ինքնատիպ  պոեզիայով, և պատահական չէ, որ Անդրկովկասում առաջինը Արցախում կազմակերպվեցին պոեզիայի միջազգային փառատոներ, որոնց մասնակցեցին աշխարհի թվով 15 երկրներից ճանաչված դեմքեր, իսկ Արցախի պոետներից Վարդան Հակոբյանը, Հրանտ Ալեքսանյանը, Ռոբերտ Եսայանը մասնակցել են Մակեդոնիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի պոեզիայի փառատոներին, թարգմանվել և հրատարակվել առանձին գրքերով։ Արցախյան գոյամարտի տարիներին պայքարի մեջ են եղել պոետների գործերը և նրանց տեքստերով գրված երգերը։ Մայակովսկին է ասել՝ ՙբանաստեղծությունը ռումբ է և դրոշ՚։

Պոեզիայի մասին իրենց պատկերացումներն են ներկայացնում և իրենց գործերից կարդում բանաստեղծներ Ժաննա Բեգլարյանը, Դավիթ Միքայելյանը, Ռոբերտ Եսայանը, Արիս Արսենին, Սոկրատ Խանյանը, Կիմ Գաբրիելյանը, Սոֆյա Սարգսյանը, Զինաիդա Բալայանը, Զարինե Սառաջյանը։ 

Բանասեր Նաիրա Թամրազյանը ողջունեց տոնի առթիվ՝ ասելով, որ օրը հոգևոր աշխարհում լինելու պահեր է պարգևում, և կարդաց Չարենց ու Կապուտիկյան։

Նահապետ Քուչակից ու ճապոնական թանկաներից կարդաց արձակագիր, լրագրող Համլետ Մարտիրոսյանը։ 

Դերասան Ռուզան Գասպարյանը և բանասեր Ռենա Մովսիսյանը անդրադարձան Գուրգեն Գաբրիելյանին և Հովհաննես Գրիգորյանին։

Վարդան Հակոբյանը կարդաց արցախյան բարբառով գրած իր գործերից։

Պոեզիան իր մեջ ամփոփում է ժողովրդի հոգևոր դրսևորումները, արտահայտում է մարդկանց երազանքները, հույսերը։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ