[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՇՈՒՇԻՈՒՄ

Մարտի 20-ին Շուշիի արվեստի կենտրոնում բացվեց  Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողական ցուցահանդեսը:

Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: 

Բացման խոսքում քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանն ասաց, որ ներկայացվել են   ՙԶարդարային-կիրառական արվեստ՚  և ՙԴիզայն՚ բաժինների 37 ուսանողների աշխատանքներ: Դրանք բազմաբովանդակ են.  փայտի փորագրություն, կարպետագործություն, գորգագործություն, կավագործություն,  բազմաժանր նկարներ: 

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, շնորհավորելով քոլեջի  տնօրինությանն ու ուսանողներին` հերթական ցուցահանդեսի կապակցությամբ, ասաց, որ ցուցանմուշների  մեծ քանակությունն առաջին իսկ հայացքից  հուշում է կատարված աշխատանքների մասին: ՙԲազմիցս ներկա գտնվելով ինչպես քոլեջի ներսում, այնպես էլ Շուշիում և Ստեփանակերտում  կազմակերպվող ցուցահանդեսներին, նկատում ենք, որ այստեղ հավաքվել է ուսուցչական և ուսանողական  այնպիսի կոլեկտիվ, որը նպատակաուղղված աշխատանք է կատարում՚,- քոլեջի գործունեությունը գնահատեց նախարարը` ընդգծելով, որ արդեն հարյուրամյակի շեմը բախող  այս ուսումնական հաստատությունը, որ  ստեղծման տարիներից ի վեր ունեցել է մանկավարժական ուղղվածություն` երջանկահիշատակ Արսեն Խաչատրյանի ղեկավարությամբ, նրան հաջորդած Ալբերտ Խաչատրյանի տնօրինության օրոք  մանկավարժական մասնագիտություններին զուգահեռ  արվեստի որոշ մասնագիտություններ  մտցվեցին:  Արդեն  ուրվագծվում էր,  որ քոլեջն ուղղվածությունը փոխելու է դեպի արվեստի ճյուղերը: Եվ այդպես էլ այսօր կա. զարդարային-կիրառական արվեստի գրեթե բոլոր ճյուղերով ցուցահանդեսին գործեր էին ներկայացված: Ս. Ասրյանը կոլեկտիվին  մաղթեց նոր ձեռքբերումներ, առկա   կարողությունների  դրսևորում: 

Քոլեջի բարեկամ, նկարիչ, քանդակագործ, ՙԳյուրջյան՚  կիրառական  արվեստի  ինստիտուտի տնօրեն Յուրի Հովհաննիսյանն ընդգծեց ցուցադրված գործերի   գունային գամման, թեմատիկան,  վարպետությունը` նշելով, որ քոլեջի երիտասարդ ղեկավարությունը, շարունակելով հաստատության լավագույն ավանդույթները, ջանք չի խնայում պահելու նրա մակարդակը,  համահունչ քայլելու ներկայիս պահանջներին: Նրա խոսքով` արդյունքը բավականին  ուրախալի է, ներկայացված են բոլոր ոճերի աշխատանքներ: ՙՄասնագիտական առումով ինձ ուրախացնում է ուսանողների վարպետության աստիճանի աճը: Դինամիկան ակնհայտ է, 2-3 տարուց այն ավելի ակնառու կլինի, և մեծ նվաճումմերի կհասնեն: Փայտի փորագրության և կավագործության ոլորտում բավականին հասունացել են և հասել նրան, որ լիարժեք կարող են բավարարել անգամ հայաստանյան պահանջկոտ հանդիսատեսին՚,-ասաց նա: 

Քոլեջի երկարամյա տնօրեն Ալբերտ Խաչատրյանը նշեց զարդարային-կիրառական բաժնի կայացման  դժվարին ճանապարհը: 1994թ. հիմնադրված այդ բաժինը քայլ առ քայլ, տարեցտարի իր բոլոր ճյուղերով զարգանում է, կատարելագործվում, ինչի վկայությունը  ցուցահանդեսն է, որի աշխատանքներում նկատվում է ոչ միայն ուսանողին հատուկ ձիրքը, այլ նաև վարպետին հատուկ կարողությունները: Նրա համոզմամբ`  քոլեջը կարևոր աշխատանք է կատարում նաև այն առումով, որ այսպիսի աշխատանքներով նա աշխուժացնում է քաղաքի մշակութային կյանքը,  քոլեջն իր նպաստն է բերում  Շուշիի մշակութալուսավորական նախկին հեղինակության վերականգնմանը: 

Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաև Բելգիայից ժամանած խորհրդարանականները, որոնց  Շուշիի անցած և նորօրյա կյանքի մասին որոշ տեղեկություններ տվեց ԱՀ ՄԵՀ  նախարար Ն. Աղաբալյանը: Նա ասաց, որ Արվեստի կենտրոնի երկրորդ հարկում  ժամանակավոր ցուցադրություններ են լինում և առաջարկեց նաև Բելգիայի արվեստագետների աշխատանքները ներկայացնել այդտեղ: 

 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ