[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Մարտի 20-ից սկսվել են  Արցախի հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Ինչպես տեղեկացանք  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից, մեկնարկել է  ուսուցիչների վերապատրաստման  երկրորդ հնգամյա փուլաշրջանը: ՙՀանրակրթության մասին՚ ԼՂՀ օրենքի համաձայն` հինգ տարվա ընթացքում բոլոր մանկավարժները պետք է անցնեն  վերապատրաստումներ, ինչը բխում է կրթական բարեփոխումների պահանջից` հաշվի առնելով ուսուցչի դերը դրանք կյանքի կոչելու  գործում: Ինչպես հայտնի է, գործընթացն սկսվել է 2012 թվականից, և անցյալ տարի ավարտվել է  մանկավարժների վերապատրաստման առաջին հնգամյա փուլը: 

Վերապատրաստումներն  անց են կացնում ՀՀ կրթության  ազգային ինստիտուտի (ԿԱԻ), այդ թվում` Վանաձորի, Գորիսի, Արարատի, Եղեգնաձորի մասնաճյուղերի մասնագետները` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության  հովանու ներքո: ՀՀ ԿԱԻ մանկավարժական կադրերի վերապատրաստման և ատեստավորման բաժնի աշխատակից, դասախոսական խմբի պատասխանատու Գրիգոր Առստամյանի տեղեկատվությամբ`  վերապատրաստումներն անցկացվում են 12 առարկաների գծով` 28 դասախոսների մասնակցությամբ: 20 խմբերում ընդգրկված են շուրջ  580  ունկնդիրներ` Արցախի բոլոր շրջաններից:

Այս տարվա վերապատրաստումներում կան մի շարք նորություններ: Եթե նախորդ հնգամյայում դասընթացները 80-ժամյա էին, այս տարի դրանք 120 ժամ են: Նախորդ տարիների պես անցկացվում են   երեք ուղղությամբ`  առարկայական, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օրենսդրություն: Բայց եթե անցած տարիներին պարապմունքներն անցել են լսարանային ռեժիմով, ապա այս տարի կեսը  արտալսարանային ժամեր են. հանձնարարված թեմաներով ինքնուրույն աշխատանքներ, դասալսումներ, քննարկումներ և այլն: Դասալսումները կկազմակերպվեն  վերջին երկու օրերին` Ստեփանակերտի դպրոցներում: Դասալսումների ղեկավարները, բնականաբար, կլինեն Ստեփանակերտի ուսուցիչները, քանի որ նրանց դասարաններում  պետք է անցկացվեն: Նրանց մոտ դասեր  կլսեն շրջաններից եկած ուսուցիչները, բայց, ցանկության դեպքում, կարող են վարել նաև վերջիններս: Գ. Առստամյանը նշեց, որ Հայաստանում արդեն մեկ տարի պարապել են այդ ձևով,  արդյունքները տեսանելի են: 

Վերապատրաստումների վերջին օրը` մարտի 28-ին,  ուսուցիչներին կտրվեն  վկայականներ ՀՀ  ԿԱԻ-ի կողմից` հինգ տարվա ժամկետով: Ցանկացողները դրանից հետո կարող են դիմել Հանրապետական հանձնաժողով` տարակարգ ստանալու նպատակով:  

Գ. Առստամյանը նշեց, որ բոլոր ծրագրերը, մոդուլները  հաստատված  և հավանության են արժանացած ՀՀ ԿԳՆ-ի կողմից, բնականաբար, հաշվի կառնվեն նաև ուսուցիչների կարծիքը և ցանկությունը` ելնելով նրանց կարիքներից, հավելեց  վերապատրաստող խմբի պատասխանատուն:

Վերապատրաստումներն ընթանում են Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում, իսկ ՏՀՏ գծով` ինչպես այս, այնպես էլ հ. 1, և հ. 11 դպրոցների համակարգչային կաբինետներում: 

Վերապատրաստող դասախոսական կազմի մեջ են դասագրքերի, ձեռնարկների, ծրագրերի հեղինակներ: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ