Logo
Print this page

ՙԱՐՑԱԽԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹԹԽՄՈՐՆ Է՚

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շուշիի Նարեկացի արվեստի միության դահլիճում, մարտի երկրորդ կեսին, տեղի ունեցավ  գրող, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի ՙԱրևի բնակավայրը՚ գրքի շնորհանդեսը, որի առթիվ կայացած հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

 Սպարտակ Ղարաբաղցյանը 1973-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական  մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը։ Աշխատել է հանրապետության միջնակարգ դպրոցներում, սփյուռքահայության հետ մշակութային կապերը համակարգող կառույցներում, թղթակցել  է ՙԳարուն՚, ՙՆորք՚, ՙՍովետական Հայաստան՚ հանդեսներին, այսօր էլ համագործակցում է ՙԱնդին՚ պարբերականի հետ: Ս. Ղարաբաղցյանի սցենարներով նկարահանվել են բազմաթիվ փաստագրական ֆիլմեր՝ ՙԵրախտիքի արահետ՚, ՙՎանդալիզմը՚, ՙԱնապատի չլռող արձագանքները՚, ՙՄոմիկ՚, ՙԹորոս Ռոսլին՚, ՙՀայն ու հեծանիվը՚ և այլն։ Դասավանդում է Երևանի ֆիզիկական  կուլտուրայի  պետական  ինստիտուտի  սպորտային լրագրության  բաժնում։  Հեղինակել է ՙՈւր գնում եմ՝ Հայաստանը հետս է՚, ՙՀարցազրույցներ, պատմվածքներ՚, ՙԱրևի բնակավայրը՚ գրքերը։ Արցախյան  Շարժման սկզբից գրող, հրապարակախոս Ղարաբաղցյանին հաճախ  կարելի էր  տեսնել Արցախում, և նրա գործերում հաճախ էր արծարծվում ղարաբաղյան թեման։

-ՙԱրևի բնակավայրը՚ գրքի պատմվածքներից մեկում այսպիսի տողեր ունեք. ՙՄոռացա՞ն, որ Սասունի, Վանի ճանապարհն Արցախով է անցնում։ Ու եթե, իրոք, խաղ չկա, միմիայն բռունցքված հայության դեմ խաղ չկա՚։ Ի՞նչ է Ձեզ համար Շուշին։

-Գրքի իմ հերոսներից մեկն ասում է. ՙԳիտե՞ս, թե հրեաներն ինչու տեղ հասան։ Որովհետև նրանց մեջ Երուսաղեմը սիրող ու չսիրող հրեա չկա, բոլորի ուխտը մեկն էր՝ հանդիպումը Երուսաղեմում։ Մենք էլ, ախր, մեր ժամադրավայրը, մեր Երուսաղեմն ունենք, մեր ճանապարհն ունենք անցնելու...՚։

Մեր Երուսաղեմը Շուշին է։ 

Չնայած Հալեպում պատերազմ էր, այնուամենայնիվ, իմ գրքի առաջին շնորհանդեսն այնտեղ կազմակերպվեց, ու մարդիկ եկան, մասնակցեցին։ Երբ հարցրին` հաջորդ հանդիպումը որտե՞ղ է լինելու, ասացի՝ Շուշիում։ Մարդու ենթագիտակցության մեջ բաներ կան, որ հնարավոր չէ բացատրել։ Ես եկա Շուշի, իմ զրույցը, իմ գրքի զրույցը շարունակելու, ամեն մեկի մեջ քնած երազանքն արթնացնելու։ Ամեն տարածք  իր թթխմորն ունի, Ղարաբաղի թթխմորը  Շուշին է։ Մեծ քաղաքների աուրան ինձ չի հետաքրքրում։ Քո աուրան, քո միջավայրը, քո հոգևոր դաշտը պիտի փնտրես, գտնես։  Ես Շուշիում գտնում եմ իմ հոգևոր դաշտը։ Երբ տեսնում եմ, որ մշակույթը տեղափոխվում է Շուշի, սա քաղաքական քայլ է։ Սա է քո հոգևոր դաշտը, կիզակետը, այստեղից է սկսվում  երկրի վերածնունդը։ Շուշին միայն աշխարհագրական տարածք չէ, այստեղից են սկսվում համայն հայության ազատագրման երթուղիները։ Արցախը հայության թթխմորն է։

- Ձեր ստեղծագործություններում առանձնահատուկ կերպար է հիշողությունը. ՙՀիշողները, այսինքն՝ Հիշողություն ունեցողները, այսինքն՝ այս քաղաքի տերերը...՚ Հիշողություն բառն էլ գրել եք մեծատառով...

-Եթե կորուստդ  չես հիշում, չես կարող գնահատել։ Մտածում ես, թե ինչի համար կորցրիր, վերագտնելու Ճանապարհներն ես որոնում։

-Մանկության Ձեր լավագույն հիշողությունը։

-Տատս  հաց է թխում, առաջինը՝ գյուղում տուն կառուցողին, մեկը՝ անցորդին, երրորդը՝ բազմանդամ գերդաստանին։ Սա բարության արտահայտություն է։ Հացը բարության կոդն է։ Մեզ հարցնում են՝ ինչո՞վ եք հզոր, պատասխանում եմ՝ բարությամբ։ Եղեռնը մեզ չչարացրեց։ Հավերժության խորհուրդը հացն ու բարությունն է, բարության արտահայտությունը հեքիաթն է, իսկ հեքիաթ ունեցող ազգը չի կորչի։ Հեքիաթը շարունակելու համար բարոյականություն պետք է ունենալ, ամենահզոր զենքը բարոյականությունն է։

-Ձեր պատմվածքների հերոսներն ապրում են քաղցր, մտերմիկ հիշողությամբ, նրանց կյանքի ուղեցույցը քրիստոնեական հավատն է, երգում են Կոմիտասի  երգերը, ամուր  պահում հավատը, զրուցում հողի ու երկրի հետ...

-Զրույցն իմաստնություն է, հոգու դռները  բացելը զրույց է, երբ կարողանում ես ինքդ քեզ հետ զրուցել, ուրեմն և զրուցում ես մարդկանց ու երկրի հետ։ Մարդ արարածը փակ դուռ է, զրույցով պիտի բացես։

-Ո՞րն է Ձեր հպարտությունը։

-Իմ հիշողությունը, թե որտեղից ենք գալիս։ Իմ արմատները։ 1985-ին, երբ եկա Ղարաբաղ, հասկացա, որ ինչ-որ բան պիտի կատարվի։ Դա հիշողության որոնումն է։ Արմատներիդ, այսինքն, պապերիդ ժառանգությանը պիտի տեր կանգնես։ Շուշին մայրաքաղաք էր, մեծերի մայրաքաղաք, ես սրանով հպարտանում եմ։ Երբ արմատներիդ, հիշողությանդ տեր ես կանգնում, երազանքդ էլ կատարվում է։ Եթե մենք տեր կանգնենք մեր արմատներին, աշխարհին ավելի ընկալելի կդառնանք։

-Ձեր հավատամքը...

-Պահը բռնելն է։ Եթե բաց ես թողնում, սկսում ես նվնվալ, դժգոհել ինքդ քեզնից։ Հենց սկսեցիր նվնվալ՝ գրականություն չես կարող ստեղծել։ Դժգոհությունը կենցաղ չպիտի դառնա։ Հալեպահայությունը պատերազմի հետևանքով ամեն ինչ կորցրեց, գնացեք-զրուցեք. ոչ մի նվնվոց չես լսի։ Նրանց պապերը Եղեռն են տեսել, և նրանց լավատեսությունը փոխանցվել է սերունդներին։ Մենք իրավունք չունենք խախտելու մեր գենետիկ կոդը։  Եթե նվնվան եղար, թոռդ էլ է նվնվելու, դառնալու ենք լացկան ցեղ։ Մի պատմվածք ունեմ, դեռ չեմ ավարտել. մահամերձ ընկերոջս հարցրի՝ ի՞նչ ես մտածում, ասաց՝ կյանքը մահից վերցրած արձակուրդ է։ Այս փիլիսոփայությամբ պիտի ապրես։  

-Երջանկության Ձեր բանաձևը։

-Երջանկությունը բանաձև չունի, պահ է։ Շնորհանդեսի այս պահը Նարեկացու անունը կրող մշակութային օջախում երջանկություն է։ Այստեղից դուրս  կգանք, կմտնենք սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ երջանկություն է, կհիշեմ նախորդ այցերս Արցախ՝ երջանկություն է։ Մենք սիրում ենք օրինակներ բերել համաշխարհային  մեծերից, բայց մեր պապերն իմաստուն են եղել, նրանք տվել են երջանկության բանաձևը, մինչև անգամ տխրելու, հիվանդությունից բուժվելու բանաձևը...Պարտադիր չէ պատեպատ խփվենք, տեսնենք, որ գիտնականը կամ փիլիսոփան  ինչ է ասել։ Շուշի գալը, իմ արմատներին հաղորդակից լինելը երջանկություն է։ Հայը միայն իր հայրենիքում կարող է երջանիկ լինել։ Մենք իրավունք չունենք դրսում՝ Եվրոպաներում, Ամերիկաներում երջանկություն որոնել։ Դրսում  կարող են փնտրել  հաջողակ օրեր, բայց Քո երջանկությունը Քո տանը կարող ես գտնել։

-Գրողների յուրաքանչյուր սերունդ ստեղծում է իր ընթերցողական լսարանը։ Ո՞վ է Ձեր ընթերցողը։

-Այն կարծիքն է շրջանառվում, որ ընթերցանության սով է, բայց ճիշտն ասած՝ ես ունեմ իմ ընթերցողը, պարզապես ընթերցողների որակն է փոխվել։ Խորհրդային շրջանում ընթերցողը ռոմանտիկ էր, որոշ գրականություն կլանում էին, հիմա մի նոր շրջան է, որից սկսվելու է վերածնունդը՝ ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը։

-Ստեղծագործական ի՞նչ պլաններ ունեք։

-Ամեն մի հանդիպում համարում եմ գրքի ծնունդ, դրանք իմ գրքի էջերն են։ Գիրքը պիտի հասունանա, որ համ ունենա, ինչպես տատիս թխած հացը։ Եթե ես զգամ, որ կարող եմ համով հաց թխել, անպայման կգրեմ, գիրք կստեղծեմ։ Ծնունդ, կնունք, հարսանիք, առիթ պետք է հնարենք շփվելու համար։ Սրանք պահեր են, որ հետո գիրք են դառնում։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.