[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՇՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ, ԵՌԱՆԴՈՒՆ ԵՎ ՍԻՐՎԱԾ ՈՒ ՀԱՐԳՎԱԾ

 

 

 

Մարտի 27-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արցախում հայտնի երաժիշտ, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասատու, ակորդեոնահար Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, լՄշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը,  պաշտոնատար  այլ անձինք:

Նշենք, որ հենց սկզբից հոբելյանական երեկոն անցավ հոբելյարի մարդկային կերպարին համահունչ` հանգիստ, տնային հարմարակեցության մթնոլորտում: Համեստ, քչախոս ու միշտ գործնական, սրտացավ ու պատրաստակամ, հոգատար ու պատասխանատու. Վալերի Գասպարյանն այլ կերպ չէր էլ պատկերացնում իր մեծարման երեկոն: 

Հոբելյանը, ինչպես ճշմարտացիորեն նկատեց համերգը վարող, Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը, ևս մեկ առիթ է վաստակաշատ երաժիշտի համար հանդես գալ իր հանդիսատեսի առջև, հաճույք պատճառել հմուտ, գեղեցիկ կատարումներով, վկայել, որ, անգամ 70 տարիներով հանդերձ, ամեն ինչ առջևում է և կատարելագործման ուղին անվերջանալի է: Լեփ-լեցուն դահլիճում հավաքված նրա արվեստը սիրող հանդիսատեսների վկայությամբ, նրանք մեծ հաճույք ստացան ամբողջ համերգից: 

Հենց սկզբից հոբելյարն ինքը տրամադրություն հաղորդեց համերգի ողջ ընթացքին. նա վարպետորեն կատարեց Գալիանոյի ՙՎալս Մարգո՚ և Բաժիլինի ՙՈւրախ ակորդեոն՚ ստեղծագործությունները: Վալերի Գասպարյանը ոչ միայն լավ երաժիշտ է, այլև հմուտ ուսուցիչ: 1985-ից դասավանդելով Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական ուսումնարանում, նա առայսօր թողարկում է ակորդեոնահարների նոր սերունդներ: Բնական է, որ այնուհետև բեմ դուրս եկավ երաժշտական քոլեջի` Վալերի Գասպարյանի ղեկավարությամբ գործող գործիքային համույթը` Վալերի Տեր-Սահակով (կոնտրաբաս), Գարիկ Բալասանյան, Սամվել Հարությունյան, Հովիկ Հովսեփյան (ակորդեոն), Արարատ Գրիգորյան (կիթառ), Գուրգեն Ավագյան (դաշնամուր) կազմով: Համույթի կատարմամբ հնչեցին Մալանդոյի ՙՏանգո Գուարա՚, Վան Բրաույի ՙԱկորդեոն Ջոյ՚ ստեղծագործությունները:

Նրա մտերիմ ընկեր, գործընկեր Բորիս Բաբայանը շնորհավորեց հոբելյարին Գեորգի Մովսիսյանի և Ռոբերտ Ամիրխանյանի հանրահայտ` ՙԻմ տարիներն իմ հարստությունն են՚ և ՙՀայի աչքեր՚ երգերի ինքնատիպ կատարմամբ:

Անշուշտ, հանդիսատեսի վրա մեծ տպավորություն թողեցին Վալերի Գասպարյանի որդի` Կարեն Գասպարյանի ղեկավարած ջազ-տրիոյի ելույթները: Տեղեկացնենք` նրա երկու երեխաներն էլ` Կարենն ու Բելլան, երաժիշտներ են: Երկուսն էլ փայլուն ավարտել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան. Կարենը` դաշնամուրի, Բելլան` խմբավարական բաժինները: Կարենն ու Բելլան, շեշտեց  հաղորդավարը, հոր դավանած արժեքների իսկական կրողներն են: Այսօր Կարեն Գասպարյանը Մոսկվայում հայտնի ջազային երաժիշտներից է: Մոսկվայից ժամանած ջազ-տրիոն` Կարեն Գասպարյան (դաշնամուր), Սիմոն Դոլմազյան (կոնտրաբաս), Տիգրան Սանոսյան (հարվածային գործիքներ) կազմով, եկել է Վալերի Գասպարյանին հատուկ շնորհավորելու համար: Ջազային հայտնի ստանդարտները նրանց հմուտ, թեթև, վիրտուոզ կատարմամբ մեծ աշխուժություն հաղորդեցին դահլիճին:

Վարելով ակտիվ համերգային և մանկավարժական գործունեություն` Վալերի Գասպարյանն իր ուսուցիչ Միքայել Մակարովի և հայտնի ակորդեոնահար Էդուարդ Ղազարյանցի գործի շարունակողն է. այս կարծիքին էր լուսահոգի պրոֆեսոր Ալեքսանդր Գուրգենովը: Պատահական չէ, որ երաժիշտի ներդրումն Արցախի մշակութային ոլորտի զարգացման գործում գնահատվեց արժանվույն: 2008-ին Վալերի Գասպարյանն արժանացել էր ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման: Նրա վաստակի գնահատման լավագույն վկայությունն է նաև այս երեկոն, որ կազմակերպել է Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հոբելյարին բեմից շնորհավորեց նախարար Նարինե Աղաբալյանը: ՙՎալերի Գասպարյանը մեր այն արվեստագետներից է,- ասաց նա,- ով իրապես ներդրում ունի ոչ միայն երաժշտարվեստի, այլև ընդհանրապես մշակույթի զարգացման գործում: Մարդ, ով խորհրդանշում է մշակութային, մտավորական Արցախը, քաղաքակիրթ, արվեստասեր Ստեփանակերտը: Մարդ, ով միշտ աչքի է ընկել իր բարձր պրոֆեսիոնալիզմով: Այս երեկոն, որ կազմակերպվել է ի պատիվ հոբելյարի, նաև յուրօրինակ ինքնախոստովանություն է, որ մենք այսպիսի արվեստագետների պահելու խնդիր ունենք՚: Նախարարի գնահատականը, կարծում ենք, անաչառ ու լիարժեք էր. ՙԵրբ նրան հարցրի` արդյո՞ք կա մի բան, որ նա կուզենար, որ նշվեր երեկոյի ընթացքում, նա առանց հապաղելու պատասխանեց` իմ առաջին ուսուցիչների` Ֆելիքս Չառնիի և Ալեքսանդր Շահբազյանի անունները: Սա հոբելյարի ևս մեկ լավագույն բնութագրումն է: Մարդ, ով 100-ից ավելի շրջանավարտներ է թողարկել, ով կարողացել է իր մասնագիտական կարողություններն ու փորձը փոխանցել հարյուրավոր երիտասարդների և չի մոռանում իր ուսուցիչներին՚:

Համերգի ընթացքում, ինչպես և ավարտին իրենց շնորհավորանքի խոսքերն ասացին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, քոլեջի դաշնամուրի վաստակաշատ դասատու, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը, քոլեջի տեսական բաժնի վարիչ, Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ Մուրադյանը, նվագախմբի տնօրեն Սիմոն Սարգսյանը` հոբելյարին մաղթելով քաջառողջություն և բեղմնավոր ստեղծագործական ուղու շարունակություն:

Երեկոյի ավարտը համահունչ էր սկզբում ներարկված տրամադրությանը: Կրկին բեմ դուրս եկավ ինքը` հոբելյարը: Պեշկով` ՙԴիմակահանդես՚, Պիացոլլա` ՙՕբլիվիոն՚ ևՙԼիբեր տանգո՚, Բազիլե` ՙՍամբատուկադա՚, ՙԺպիտներ՚, Ինդոֆերանս` ՙՖրանսիական մյուզետ՚. տարաբնույթ ոճերի այս ստեղծագործությունների հմուտ, վիրտուոզ կատարումներով Վալերի Գասպարյանը նորից զարմացրեց հանդիսատեսին:

Ավարտելով հոբելյանական համերգը` վարողը տեղին մեջբերում արեց գրող, լրագրող Մարսել Պետրոսյանի` հոբելյարի 70-ամյակի առթիվ բուկլետում գրված շնորհավորանքից. ՙԵրաժիշտ-մանկավարժը, լինելով չափազանցության հասնող համեստ ու զուսպ վարքուբարքի տեր, համոզված է, որ երաժշտության կախարդական այն հունդերը, որ տարիներ շարունակ պահ է տվել տասնյակների հասնող իր սաների հոգում ու գիտակցության մեջ, բազմաթիվ այգեկութների առիթ ու հնարավորություն են տվել իրեն` Վալերի Գասպարյանին՚: Երեկոն ավարտվեց երաժշտական հրավառությամբ` Վալերի Գասպարյանի կատարմամբ, և ապացուցեց, որ նա երիտասարդ ոգու տեր մարդ է, եռանդով լի երաժիշտ: 

Բազմահազար երկրպագուների անունից ևս մեկ անգամ շնորհավորենք հոբելյարին` մաղթելով առողջություն, անսպառ կորով, նոր նվաճումներ և նոր հոբելյաններ:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ