[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆ ԻՆՉ, ԻՐՈՔ, ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է

Մարտի 28-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել քոլեջի շրջանավարտ, երգչուհի Աննա Իզմայիլյանի առաջին մենահամերգը:

Քոլեջը երգչուհին ավարտել է 2016 թվականին` ուսուցանելով Ծովինար Մնացականյան-Վարդանյանի դասարանում: Ուսումնառության տարիներին Աննան աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ, պարտաճանաչությամբ, համերգներին մասնակցելու պատրաստակամությամբ: Այս համերգը դրա վառ վկայությունն է: 

Ծրագիրը  պայմանականորեն կիսված էր երկու մասերի: Առաջին մասում հնչել են արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները: Երկրորդ մասում հնչեցին հայ հեղինակների հայտնի երգեր ու ռոմանսներ: Չնայած նրա երգեցողության մասնակի թերություններին, Աննան կարողացավ ստեղծել  իր  մարմնավորած հերոսուհիների լիարժեք, վառ կերպարները: Դահլիճը  ջերմությամբ էր ընդունում սկսնակ երգչուհու ամեն մի կատարում:  Երգչուհու օժտվածությունը, երգի հանդեպ սերը ծնողները նկատել են դեռ մանկուց: Եվ պատահական չէր մասնագիտության ընտրությունը պատանի հասակում: 2012-ին նա ընդունվեց երաժշտական քոլեջի դասական երգեցողության բաժին: Եվ ջանք ու եռանդ չէր խնայում ուսման մեջ հաջողությունների հասնելու համար: Շնորհիվ  Ծովինար Մնացականյան-Վարդանյանի, Աննան երգարվեստում իր ուրույն տեղն է զբաղեցնում: 

Որպես քոլեջի լավագույն ուսանողներից մեկը, Աննան մասնակցել է վերջերս Ֆրանսիայում անցկացրած` այդ երկրի հայ համայնքի կողմից կազմակերպած համերգներին: Սակայն այս համերգն սկսնակ երգչուհու համար էական  նշանակություն ունի, քանի որ նրա առաջին մենահամերգն է: Վերջում նա խորին երախտագիտություն հատնեց իր դասատու Ծովինար Մնացականյան-Վարդանյանին, քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանին` մասնագիտանալու ճանապարհին մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Խոստացավ  երբեք չդավաճանել իր սկզբունքներին` անընդհատ աշխատել, կատարելագործվել երգեցողության վարպետության մեջ, չբավարարվել ձեռքբերածով: Ամեն ինչ դեռ առջևում է, խոստովանեց  Աննան: 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ