Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՉԱՐԵՆՑՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՀՄԱՅՔԸ

Չարենցի ծննդյան 120-ամյակին էր նվիրված Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի նախաձեռնած ցերեկույթը Մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում, մարտի 28-ին։ Հավաքվել էին պոեզիայի երկրպագուներ, գրասերներ, քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ։

 Ցերեկույթը բացում է գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Մարիա Խաչատրյանը՝  Եվգենի Եվտուշենկոյի հանճարեղ բնորոշմամբ կարևորելով բանաստեղծի դերը հայ  քնարերգության զարգացման գործում. ՙԱռանց Հայաստան Չարենց չէր լինի, առանց Չարենց չէր լինի Հայաստան՚։ 

Չարենցյան պոեզիայի հմայքն են ներկայացնում գրադարանի ակտիվ ընթերցողները՝ Մարիա Նազլուխանյանը և Արայիկ Հակոբջանյանը (հաղորդավարներ), Ագնեսա Պողոսյանը (ԱրՊՀ), Մանուել Մաթևոսյանը և Լենա Հայրապետյանը (Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի Շուշիի մասնաճյուղ), Նարեկ Շահինջանյանը և Ասպրամ Իսրայելյանը (Ստեփանակերտի թիվ 1, թիվ 11 դպրոցներ) իրենց  արտասանություններով։ Գրական¬երաժշտական կոմպոզիցիայի մեջ տեղ էին գտել բանաստեղծի կենսագրության հետաքրքիր դրվագներ, պոետի մասին հուշագրություններից կտորներ։

ՙԼուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով՚ բանաստեղծության տեքստով գրված երգը կատարում է Արթուր Բաղրյանը, իսկ ՙԵս իմ անուշ Հայաստանի՚ երգի երաժշտության տակ պարում է աղջիկների խումբը (թիվ 1 դպրոց)։

Չարենցի մասին իր սրտի խոսքն է ասում գրող, հրապարակախոս, ԱՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը՝ զրույցը շարունակելով Անահիտ Չարենցի հետ հանդիպման և իր վարած հարցազրույցի շուրջ։ ՙՉարենցը ոչ միայն սեղանի, այլև ճանապարհի գիրք է՚,¬ ասաց բանախոսը և հավաքվածների խնդրանքով արտասանեց ՙՏաղարանից՚։

Բանասեր Նաիրա Թամրազյանն իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց արտասանող ուսանողներին և դպրոցականներին, որոնք ոչ միայն սիրում, այլև զգում են Չարենցին։ Նա նշեց, որ հայ երեխան թոթովանքն սկսում է ՙԵս իմ անուշ Հայաստանի՚-ով, ապա պատմեց Արևմտյան Հայաստան կատարած իր ուխտագնացության մասին, թե ինչպես են եղել Կարս քաղաքում, տեսել գրողի կիսավեր տունը, բարձրացել Առաքելոց եկեղեցին, որ մզկիթի էր վերածված, մոմ են վառել, աղոթք արել... Չարենցի պոեզիայի հայրենասիրական պաթոսը հայ ժողովրդի էության մեջ է, այդ ոգով սերունդներ են դաստիարակվում։ Չարենցի պոեզիայում որպես խորհրդանիշ է ներկայանում Արարատ լեռը. ՙԹումանյանն է անհաս  Արարատը մեր նոր քերթության՚, ՙԱշխարհ անցիր` Արարատի նման ճերմակ գագաթ չկա՚, ՙՈրպես անհաս փառքի ճամփա՚, ՙԻնչպես անհաս Արարատին նետված քար՚ և այլն։ 

ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրուն Բաղդասարյանը Չարենցի մասին իր խոսքն ասելուց հետո կատարեց պոետի տեքստով գրված երգը՝ ՙԿյանքս, որ հուշ է դարձել...՚։

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ