Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՆՈՐԱՐԱՐ ԵՎ ՊԱՀԱՆՋԿՈՏ. ՍՐԱՆՔ ԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՚

Գաղտնիք չէ, որ մեր երկրին անհրաժեշտ են ֆիզիկապես և հոգեպես առողջ, գրագետ, ստեղծագործող, ազնիվ, պարկեշտ, համարձակ մարդիկ։

Իսկ դպրոցն այն հիմքն է, որտեղ դրվում է գիտելիքների, հմտությունների և կարողությունների հիմնաքարը, ձևավորվում և զարգանում է մարդու անհատականությունը։ Գործուղման շրջանակներում լրագրողների մեր խումբը վերջերս եղավ Կարմիր Շուկա համայնքի միջնակարգ դպրոցում, ծանոթացավ կրթօջախի գործունեությանն ու առկա հիմնախնդիրներին։ Դեռ ոտք չդրած դպրոցի շեմին՝ հասկացանք, որ շենքային բարվոք պայմանների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այդ մասին էին վկայում կրթօջախի թե՜ արտաքին տեսքը և թե՜ դեպի մուտքը տանող  անբարեկարգ ճանապարհը։ Տնօրենի առանձնասենյակ մտնելուց մեր հիասթափությունը կրկնապատկվեց. սենյակն անշուք է, խարխուլ հատակով ու պատուհաններով։ Զարմանում ես՝ ինչպե՞ս են այսքա՛ն տարի ուսումնական պարապմունքներ անցկացրել նման պայմաններում։ Տնօրեն Էդիկ Բադասյանը փորձեց փարատել մեր հիասթափությունը՝ ասելով, որ շուտով կտեղափոխվեն նոր կրթօջախ, որը կառուցվել է հնի հարևանությամբ և որտեղ, նրա հավաստմամբ, ներքին հարդարման վերջին աշխատանքներն են ընթանում։ 

Է. Բադասյանը մասնագիտությամբ ֆիզիկայի ուսուցիչ է։ Նրա համոզմամբ՝ չնայած նման պայմաններին, կոլեկտիվը ձգտում է ուսումնական գործընթացը կազմակերպել նորմալ՝ կրթությանը հաղորդելով նաև մտավոր, հոգևոր, բարոյական և ֆիզիկական հատկությունների զարգացման ուղղվածություն։

236 աշակերտ և 32 ուսուցիչ ունի Կարմիր Շուկայի դպրոցը։ Աշակերտներից 50-ը հարևան Թաղավարդ գյուղից է (դպրոցը գտնվում է նշյալ համայնքին հարող տարածքում)։ Է. Բադասյանի խոսքով՝ թաղավարդցիներն այս կրթօջախը համարում են Թաղավարդի 3-րդ դպրոցը (իհարկե, կատակով)։ Կոլեկտիվը սերնդափոխության հաշվին աստիճանաբար երիտասարդանում է։ Դպրոցի շրջանավարտների 60-70 տոկոսն ուսումը շարունակում է բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ինչպես տնօրենն է հավաստում՝ աշակերտներից շատերն ավարտման փուլում են կողմնորոշվում ապագա մասնագիտության առումով, ինչի պատճառով էլ երբեմն ձևական բնույթ են կրում բուհ ընդունվելն ու ավարտելը։ Ներկայում 11-րդցիներին հնարավորություն է տրվում ընտրել այն առարկաները, որոնք  համապատասխանում են իրենց ընտրած մասնագիտությանը։ Կան աշակերտներ, ովքեր ընդամենը երեք առարկա են ընտրում ու սկսում են գիտելիքներն այդ ուղղությամբ խորացնել, ասում է տնօրենը։ 

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել` տնօրենը դժգոհ չէ ուսման որակից։ Խելացի աշակերտները քիչ չեն, ասում է նա։ Հատկապես ինֆորմացիոն տեխնոլոգիաներին տիրապետելու առումով շատերն են այս ոլորտում զարգացած։ Համակարգչային սենյակում ընդամենը 10 համակարգիչ է տեղադրված, ևս 11 նոր համակարգիչ կա, որոնք պահում են նորակառույց կրթօջախի համար։ Դպրոցում գործում են աշխարհագրության, ռուսաց լեզվի, գրականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի կաբինետները։ Համապատասխան կաբինետներում չեն հերիքում լաբորատոր սարքավորումները, և ինչպես տնօրենն է ասում՝ հույս ունեն, որ նոր կրթօջախում կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ բոլոր պարագաները։  

Նախկին ֆակուլտատիվ պարապմունքների փոխարեն այսօր ուսումնական ծրագրում մտցված և  գործում են պարտադիր դասաժամեր։ Ուսուցիչն իր հայեցողությամբ այդ դասաժամերը հատկացնում է այս կամ այն առարկային, որն ինքն է անհրաժեշտ համարում։ Պարտադիրից բացի նաև 28 ժամ հատկացվում է խմբակներին (գրեթե բոլոր առարկաներից խմբակներ են գործում)։ Է. Բադասյանը գոհունակությամբ տեղեկացրեց, որ կրթօջախի սաները սպորտային տարբեր մարզաձևերում հանրապետական առաջնություններում մրցանակային տեղեր են գրավել։ 

Թվում է՝ շենքային պայմանները պիտի որ իրենց բացասական ազդեցությունը թողնեին ուսումնական պարապմունքների վրա։ Տնօրենի խոսքով՝ անհարմարավետությունը թույլ չի տալիս պահանջներ ներկայացնել ուսուցչին։ ՙՅուրաքանչյուր մասնագիտական գործունեություն ենթադրում է որոշակի պահանջներ նրանցով զբաղվողների նկատմամբ,-ասաց Է. Բադասյանը։- Դրանք են` մասնագիտական բարձր վարպետությունը, գիտելիքների ու հմտությունների  գործածման կարողությունը և այլն: Ուսուցիչներն իրար են կապում տարբեր ժամանակաշրջաններ ու սերունդներ, փոխանցում և տարածում են համամարդկային մշակութային արժեքները, ձևավորում են ապագայի սերունդը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Այս իմաստությունն այժմեական է նաև մեր օրերում: Այն իր մեջ խտացնում է ուսուցչի աշխատանքի սոցիալական ու մարդասիրական ողջ իմաստը՚։ 

Տնօրենը հիմնականում գոհ է կոլեկտիվի գործունեությունից։ Երիտասարդների մեծ մասը կարողանում է աշխատել նոր մեթոդներով, դասը հետաքրքիր անցկացնել։ Իհարկե, կան նաև ուսուցիչներ, ովքեր չեն հրաժարվում հին մեթոդներից։ Է. Բադասյանի կարծիքով՝ ուսուցիչը պետք է լինի նորարար և պահանջկոտ, կարողանա ստիպել անել այնպես, որ աշակերտը  զարգացնի մտածելու ունակությունը։ Իսկ դրա համար կան տարբեր մեթոդներ։ ՙԻնքս էլ օգտագործում եմ այդ մեթոդները,-ասում է Է. Բադասյանը։- Վերջերս վերապատրաստման դասընթացներ եմ անցել, և մեր ղեկավարն այսպիսի միտք է արտահայտել. ուսուցիչը պետք է երեխաներին  սովորել սովորեցնի։ Եթե ուսուցիչը բողոքում է աշակերտից՝ ասելով, թե չար է, չի լսում և այլն, նշանակում է նրա մեթոդները չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Ըստ իս, երբեմն ճիշտ չէ երեխաներին մեղադրելը։ Պետք է կարողանալ օգտվել մանկավարժական զինանոցի ողջ հնարքներից՚։ 

Է. Բադասյանը չշրջանցեց  կրթական բարեփոխումների թեման։ Նրա կարծիքով՝ ուսումնական ծրագիրը շատ է բարդ, և այն թեթևացնելու անհրաժեշտություն կա։ Օրվա կտրվածքով 5-6 ժամ ծանրաբեռնված աշխատանքը հիասթափեցնում է աշակերտին։ Այնինչ, սովորելու ընթացքը պետք է ուրախություն պատճառի նրան։ Բացի այդ, 11 տարին բավարար է սովորելու և դպրոցն ավարտելու համար, և այս առումով 12-ամյա կրթությունն այնքան էլ տեղին չէ։ 

Կարմիր Շուկայի դպրոցի աշակերտական և ուսուցչական կոլեկտիվները շուտով կտեղափոխվեն նորակառույց շենք։ Է. Բադասյանի խոսքով՝ կրթօջախի հին շենքը կարելի է վերանորոգել և դարձնել արհեստագործական դպրոց։ ՙԻնչո՞ւ մեր երեխաները գնան Մարտունի՝  այնտեղ սովորեն, կարելի է, չէ՞, մեզ մոտ էլ նման ուսումնարան բացել։ Կարծում եմ, համապատասխան մասնագետներ մեզ մոտ էլ կգտնվեն՚,- այս համոզմունքով զրույցը եզրափակեց Կարմիր Շուկայի դպրոցի տնօրենը։ 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ