ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՙԹՈՒՄՈՅՈՒՄ՚
Օրերս ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների Ստեփանակերտի կենտրոնը հյուրընկալեց դասընթացավար, լրագրող Գրիգոր Աթանեսյանին, ով հանդես եկավ 21-րդ դարի լրագրության մասին դասախոսությամբ, կիսվեց իր մասնագիտական փորձով։
Սեմինարին ներկա էին լրագրողներ, տեղեկատվական տեխնոլոգիաներով և լրագրությամբ հետաքրքրվող մարդիկ։ ՙՄարդկային պատմությունները լսարանը գրավում են հետճշմարտության ժամանակաշրջանում՚. այսպիսի թեմա ընտրելով, Գ. Աթանեսյանը, օրինակ բերելով աշխարհի հանրահայտ լրատվամիջոցների աշխատաոճը, ներկայացրեց, թե ինչպիսի միտումներով է զարգանում ժամանակակից լրագրությունը, ինչ տեխնոլոգիաներ, մեխանիզմներ են կիրառվում՝ լսարան ապահովելու համար, ինչ պահանջներ ունի ժամանակակից ընթերցողը, ինչ հետաքրքրություններ, և ինչպես կարող է լրատվամիջոցն ազդել այդ հետաքրքրությունների ձևավորմանը։
Անդրադարձ եղավ տպագիր մամուլի ճգնաժամին՝ էլեկտրոնային մեդիայի զարգացման արդյունքում, գովազդի ճիշտ օգտագործմանը, մեդիայի զարգացման խոչընդոտներին և այլն։ Աշխարհում, այդ թվում և մեդիա ոլորտում տեղի ունեցող գլոբալ գործընթացների մի մասնիկն են մարդը, մարդկային ճակատագիրը, պատմությունները, և հենց նրանց միջոցով կարելի է և պետք է խոսել գլոբալ գործընթացների մասին, քանի որ հենց մարդն է, որ իր ներաշխարհով հետաքրքրում է ընթերցողին։
Սրբուհի ՎԱՆՅԱՆ