[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, մի խումբ հանրահայտ սփյուռքահայեր, որոնց թվում են աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը, ՙՔաղաքացի դիտորդ՚ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևելուց հետո ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի նախաձեռնությամբ այցելել են Արցախ:

Նույն օրը հանրապետության նախագահի և ԱԳ նախարարի հետ հանդիպելուց հետո մշակույթի գործիչները հանդիպել են Արցախի և Հայաստանի լրատվադաշտի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հարցերին: Ասուլիսը համակարգող ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդալկյանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով ծանոթանալու արցախահայության կյանքին`  այցելության երեք օրերի ընթացքում հյուրերը կմասնակցեն Առաջամուղ գյուղում հիմնադրամի կողմից կառուցված 6 բնակելի տների հանձնման հանդիսավոր արարողությանը, կայցելեն Իշխանաձոր և սահմանամերձ Թալիշ գյուղեր, հանդիպումներ կունենան նաև տարբեր զորամասերում: 

Ասուլիսի սկզբում Արսինե Խանջյանը խմբի հեղինակած կոչ-հայտարարությամբ դիմեց աշխարհի արվեստագետներին, որում համառոտ ներկայացված էր արցախյան հակամարտության պատմությունը. անդրադարձ էր կատարված ուղիղ մեկ  տարի առաջ Արցախի սահմանի ողջ երկայնքով  բռնկված պատերազմին և արցախահայության հերոսական դիմակայությանը: Դիմելով աշխարհի տարբեր մասերում ապրող արվեստագետներին`հայտարարության հեղինակներն աշխարհահռչակ սփյուռքահայերին կոչ արեցին այցելել Արցախ, կապեր հաստատել տեղի տաղանդավոր ստեղծագործողների հետ, աջակցել, որպեսզի նրանք ևս աշխարհին ներկայանալու հավասար հնարավորություններ ունենան և կարողանան իրականացնել խաղաղ ապրելու և ստեղծագործելու համամարդկային իրավունքը: 

ՙԱրցախում մեծ է այն տաղանդավոր երիտասարդների և արվեստագետների թիվը, ովքեր շարունակում են գրել, նվագել, նկարել, նույնիսկ այն դեպքում, երբ պատերազմի  պատճառով մեկուսացված են աշխարհից և գտնվում են շրջափակման մեջ՚,-ասված է կոչում: Լրագրողների խնդրանքով խումբն անդրադարձավ ԱՀ Նախագահի հետ հանդիպմանը:  Կինոռեժիսոր Էրիկ Նազարյանի խոսքով` իրենց առանձնապես հետաքրքրում էին ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու  սահմանամերձ բնակավայրերում ընթացող աշխատանքները: Քննարկվել են նաև այդ գործընթացներում սփյուռքի մասնակցությունն ընդլայնելու հետ կապված հարցեր: Ասուլիսին հյուրերը նաև խոսեցին ՀՀ խորհրդարանական ընտրություններից: Ըստ System of a Down ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի` դիտորդի առաքելություն իրականացնելը մեծ պատիվ էր իր համար։ Նա անդրադարձավ  ընտրախախտումներին, որոնք  նկատել են։ "Կարող եմ ասել, որ նույն վիճակն աշխարհի շատ երկրներում է, այդ թվում նաև Ամերիկայում,- ասաց նա։  -Տևական ժամանակ է պետք, որպեսզի ժողովրդավարությունը կայանա, մարդու իրավունքները դիտարկվեն որպես բարձրագույն արժեք": Ատոմ Էգոյանը ժողովրդավարությունը համեմատեց մկանի հետ, որն անընդհատ պետք է մարզել և զարգացնել:

Չշրջանցվեցին նաև նախորդ տարվա հուլիսին ՙՍասնա ծռեր՚ խմբավորման կողմից Երևանում ոստիկանության գումարտակի հենակետի գրավումն ու իրադարձություններին նշանավոր սփյուռքահայերի մասնակցության հետ կապված հարցը: Արսինե Խանջյանն այն համոզմունքը հայտնեց, որ Սփյուռքում ապրող հայերը հավասար կերպով պետք է աջակցեն հայ հասարակությանը մտահոգող առաջնահերթ խնդիրների լուծմանը թե՜ Հայաստանում և թե՜ Արցախում, կիսեն այդ պատասխանատվությունը` համախմբելով բոլոր ուժերը:  

Խոսելով Արցախին առնչվող թեմատիկան հետագա ստեղծագործական ծրագիր դարձնելու մասին` Ս. Թանկյանն անդրադարձավ  ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ իր հաջողված համագործակցությանը: Արցախի մասին պատմող և Սումգայիթյան ջարդերի թեման արծարծող ՙՎերջին բնակիչը՚  ֆիլմի երաժշտության հեղինակը ոգևորությամբ խոսեց այդ ֆիլմի մասին` խոստանալով, որ հետաքրքիր սցենարի դեպքում անպայման կշարունակի նման շփումները երիտասարդ ռեժիսորների հետ: 

 Ըստ Արսինե Խանջյանի` չափազանց կարևոր է, որպեսզի Արցախի երիտասարդությունը կարողանա աշխարհին ներկայանալ ոչ միայն որպես սեփական հողը հերոսաբար պաշտպանող քաջարի մարտիկ, այլև որպես նորարարական գաղափարների տեր և համարձակ ստեղծագործող: Այս տեսանկյունից հյուրերն առանձնապես  խոստումնալից են համարում Արցախում ՙԹումո ստեղծարար կենտրոնի՚ գործունեությունը: Էրիկ Նազարյանի կարծիքով` այսօր Արցախն ու Հայաստանը հայ մշակույթով աշխարհին մերվելու անհրաժեշտություն ունեն: Ըստ Ա. Խանջյանի` կարևորը Հայաստանում և Արցախում բնակություն հաստատելը չէ, քանի որ ազգությունը միայն պապերի հողում ապրելով չի որոշվում: ՙՄենք հնարավորություն չունենք ապրել ձեր կողքին, սակայն մեզնից յուրաքանչյուրի  գործունեության ողջ ընթացքն ուղղված է Հայաստանին և Ացախին ծառայելուն՚,-ասաց նա: Ատոմ Էգոյանը չբացառեց, որ Արցախյան հերոսամարտի տարբեր դրվագների մասին այս օրերին իր լսած պատմություններն ապագայում կարող են կինոնկարի նյութ դառնալ: Նրա խոստովանմամբ` ոգեշնչող պատմությունները շատ են, սակայն պետք է տարբերակներ մշակել`արցախյան բարդ ու ոչ միանշանակ ընկալվող նյութը օտար հանդիսատեսին արժանավայել ներկայացնելու համար: 

Ասուլիսի ընթացքում Սերժ Թանկյանը ևս  չի բացառել  Արցախում համերգ ունենալու հավանականությունը: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ