Logo
Print this page

ՙԵՍ ՊԱՐԶԱՊԵՍ ՉՆԿԱՐԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ՚

Ապրիլի 6-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ արցախցի ինքնուս նկարիչ, զինվորական ծառայությունն ավարտած գնդապետ Արմեն ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը, որը կտևի մոտ 20 օր:

Հարազատ քաղաքում նկարչի գործերը ցուցադրվում են առաջին անգամ: Խորհրդանշական էր, որ հենց առաջին ցուցահանդեսը  նվիրվում էր Մայրության և գեղեցկության  տոնին: Խորհրդանշական, որովհետև ցուցահանդեսին ներկայացված մոտ 30 կտավներում պատկերված են գունագեղ ծաղիկներ, զարմանահրաշ հայրենի բնության պատկերներ, երիտասարդական ավյունով լի կանայք. բոլորն էլ կյանքի կոչված գեղեցիկի հանդեպ նկարչի անհուն սիրով:Մոտ երկու շաբաթ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված` կայանալիք ցուցահանդեսի մասին գովազդն առաջացրեց ինքնուս նկարչի գործունեության հանդեպ մայրաքաղաքի արվեստասեր հասարակայնության հետաքրքրությունը: Ներկա էին թե՜ պրոֆեսիոնալ նկարիչներ, քանդակագործներ,  թե՜ արվեստասեր հանրությունը, թե՜  մարտական ընկերներ: 

Շնորհավորելով նկարչին Ստեփանակերտում առաջին անհատական ցուցահանդեսի բացման առթիվ, ԱՀ նկարիչների միության անդամ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը խոստովանեց. ՙԱյսօր ամենաթանկ նվերը, սիրելի՜  կանայք, ձեզ համար է: Արցախը  մեկ անգամ չէ ապացուցել իր ապրելու ունակությունը,  ներքին էներգետիկայի կենսունակությունը: Դրա վառ օրինակը մեր Արմենն է: Ապրելով Հայաստանում, նա չի մոռացել արցախցու իր էությունը: Ոչ թե պրոֆեսիոնալ, այլ սրտի թելադրանքով նա նկարիչ դարձավ: Այս գույների հրավառության մեջ դուք կտեսնեք գեղեցիկ բնություն, կանայք, դեմքեր, ծաղիկներ, որոնք պատկերված են մեծ սիրով՚:

Լրագրող Սիրվարդ Մարգարյանը խոստովանեց նկարչի հանդեպ իր հարգանքի ու սիրո մասին և զարմացավ, թե ինչպես մինչև ուղնուծուծը զինվորական գործին նվիրված զինծառայողը դարձավ նույնչափ նվիրյալ արվեստագետ. ՙՀավատացած եմ, որ Արմեն Սողոմոնյանը ոչ միայն իր երկրի  չզորացրվող զինվորն է, այլև զինվորն է նրա հոգևոր տիրույթների, անխոնջ պահապանն է մեր հոգևոր սահմանների՚:

Արմենի հետ կապված հետաքրքիր դրվագ հիշեց նկարիչների միության նախագահ, Հովիկ Գասպարյանը: ՙՄեր հանդիպումը տևել է շատ կարճ,- վերհիշում է Հ. Գասպարյանը:- Եվ այդ կարճ ժամանակում հասցրել եմ ճանաչել նրան։ Փողոցով քայլելիս տեսա, որ երկու մարդ, մեկը մյուսից մի քիչ հեռու, նկարում են: Կանգնեցի Արմենի մոտ, չիմանալով` ով է նա, որը մեծ եռանդով նկարում էր: Նայում եմ տնտղած, հետաքրքրությամբ: Ասաց` էդպես մի նայիր, ես իսկական նկարիչ չեմ, իսկական նկարիչը մի քիչ ներքևում է: Հիմա, երբ նայում եմ այս կտավներին, այնքան սեր կա դրանց մեջ: Եթե մեկն այդքան սիրով է վերաբերվում արվեստին, և նրա համար նկարելը տոնի է վերածվում, իսկ կտավներն այսքան գունագեղ ու սիրով լի, ես կասեմ. ՙԱրմեն ջան, դու իսկական նկարիչ ես՚: ԱՀ նկարիչների միության նախագահը ցանկություն հայտնեց միության կողմից կազմակերպված ցուցահանդեսներին միշտ տեսնել նաև Արմեն Սողոմոնյանի նկարները:

Շնորհավորանքի իր խոսքն ասաց նաև նկարիչների միության անդամ, նկարչուհի Լիանա Քոչարյանը. ՙԻնչպես Հիսուսն է թակում մարդկանց սրտերի դռները, այնպես էլ արվեստը ծեծեց Արմենի սրտի դուռը: Եվ նա մեծ ուրախությամբ բացեց այն: Եվ կամքի, ցանկության, երևակայության բոլոր  ուժերով, սպայական ծանր կյանքից հետո նա այնպես է բնակեցրել արվեստն իր հոգում, որ կարողացել է ստեղծել այս գեղեցիկ  աշխարհը՚:

Զինվորականի պես զուսպ ու ժլատ էր նկարիչն իր շնորհակալական խոսքում. ՙՇնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա ցուցադրվել հայրենիքում, հարազատ միջավայրում: Շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք դիտելու: Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին, կանանց, աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որին և նվիրված է այս ցուցահանդեսը՚:

 Պատերազմի թոհուբոհով անցած` սկսած կամավորական ջոկատներից, մինչև կանոնավոր բանակ, Արմեն Սողոմոնյանն իր պրոֆեսիոնալ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո գտավ արվեստի իր ուրույն աշխարհը: Ինչպես խոստովանում է գնդապետը, նկարչությունը միշտ էլ ձգել է իրեն, սակայն ժամանակ չկար զբաղվել սիրած գործով: Իսկ թոշակի անցնելուց հետո ամբողջությամբ նվիրվեց արվեստին:

Տեղեկացնենք, որ Արմեն Սողոմոնյանի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Երևանում` ՙՏերյան՚ մշակութային կենտրոնում: Գրեթե նույն հավաքածուն ցուցադրվեց նաև Եղեգնաձորում, Ջերմուկում: Արմենի կտավները պահանջված են և գտնվում են նրա արվեստի երկրպագուների անհատական հավաքածուներում:

Փոքր-ինչ ծանոթանանք նկարչի հետ: Ծննդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է: Սովորում էր Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում, երբ սկսվեց Արցախյան  պատերազմը: Կիսատ թողնելով ուսումը, Արմենը կամավորագրվում է  սկզբում ինքնապաշտպանական ջոկատներում, ապա` հենց պատերազմի տարիներին կազմավորվող կանոնավոր բանակում: Պատերազմն ավարտելուց հետո մնաց բանակում, քանի դեռ անելիքները շատ էին: Ծառայությանը զուգահեռ 1996-ին ավարտեց Արցախի պետական համալսարանը, իսկ 1999-ին` ՌԴ ռազմահրետանային ակադեմիան: Վերջին տարիներին ծառայում էր որպես զորամիավորման հրետանու պետ և ապրում Եղեգնաձորում: Առ այսօր բնակվում է հարազատ դարձած այդ գողտրիկ քաղաքում:

Նկարչությունը, որ Արմենին դեռ մանկուց էր ձգում,  վերջնականապես բնակություն հաստատեց նրա սրտում: Անհուն կարոտով ու մեծ սիրով սկսեց նկարել: Անշուշտ, դժվար ու ծանր էր սկիզբը, ասում է նա, բայց   ժամանակ չկա պրոֆեսիոնալ կրթություն ստանալու համար: Սակայն այս բացը Արմենն աշխատում է լրացնել ամեն կերպ: Նա աշխատում է մի բան վերցնել ցանկացած նկարչից` լինեն նրանք Եղեգնաձորի, Երևանի թե Ստեփանակերտի իր գործընկեր, ծանոթ թե անծանոթ նկարիչներ: Եվ, անշուշտ, գործընթացն այս անվերջանալի է: Այո, ծաղիկն ու կինը նրա համար համարժեք խորհրդանիշեր են, արտացոլում են կյանքի սկիզբը, կենսունակությունը, հարատևությունը: Ի՞նչ նա կնկարի վաղը. այդ  մասին առայժմ չի  մտածում: ՙԵս պարզապես նկարում եմ, քանի որ չնկարել չեմ կարող,- ասում է Արմեն Սողոմոնյանը:- Նկարում եմ այն, ինչ հուզում է ինձ՚:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.