[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄԱՎԵՊ ԱՐՑԱԽՅԱՆ ՄԵԿԴԱՐՅԱ ՑԱՎԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ ՄԱՍԻՆ

Գրական-ստեղծագործական  կյանքն  անակնկալների  աշխարհ է,  քանզի  հենց  կյանքն ամբողջությամբ հակասական-օրինաչափ,  ժխտող-հաստատող, դաժան-բարի,  ճնշող-ապրեցնող  անակնկալների  ընթացք  է:

 Ու  եթե գրականությունը  իրականության  գեղարվեստական  արտացոլումն  է,  ուրեմն առանց  ակնկալվող  անակնկալների  գեղարվեստական  խոսք  չի  կարող  լինել:

Մեր  այս  մտորումների  շարժառիթը  հայ  իրականության  մեջ  ճանաչված,  հարգված գրող-հրապարակախոս Բակուր  Կարապետյանի ՙՇուշեցու  հիշատակարանը՚ պատմավեպն  է,  որն,  իրոք,  անակնկալ  կարելի  է  համարել,  բայց,  միաժամանակ, ակնկալիք,  քանզի  Բակուրն  արդեն  ՙՀարյուր  տարվա  երկխոսություն՚,  ՙԵրկխոսություն Քարվաճառի  ճանապարհին՚,  ՙՇուշի բերդաքաղաք՚ և այլ  նշանակալից  գրքերի   հեղինակ  է,  որոնք  բավականին  լուրջ  հայտեր  են  ստեղծագործող անհատին  աստվածաշնորհ արձակագիր  կոչելու համար:

Բակուրն  այն  մտավորականներից  է,  որի  համար  իրեն  ծնող  ժողովուրդը   սրբամայր  է,  զավակների  արժանապատվությունը, անունն  ու  արյան  կանչը: Այլապես  ինչո՞վ  կարելի  է  բացատրել  այն  խիզախությունը,  որ  նա  դրսևորեց  սումգայիթյան ոճրագործության  օրերին,  մտավ  մարդասպանների  քաղաք, տեսագրություններով,  սահմռկեցուցիչ  կադրերով  աշխարհին  ներկայացրեց  ազերի-թուրքերի  իսկական դեմքը:

Բակուրի  մի  նոր  խիզախություն  կարելի  է  համարել ՙՇուշեցու հիշատակարանը՚  պատմավեպը,  որը 21-րդ դարասկզբին  ստեղծված հայ  արձակի նշանակալից երևույթներից է:  

Վեպի  մուտքում  նշված է,  որ  հայ  արձակի վարպետներն ինչ-ինչ պատճառներով շրջանցել  են  մեր  երկրի պատմության  1910-1960-ական  թվականներն ընդգրկող ժամանակահատվածը:  Դա  Առաջին  Հանրապետությունն  էր՝ իր  ծնունդով  ու  անկումով, Շուշիի կոտորածը 1920թ. մարտի 23-ին, կոլտնտեսային  շարժումը,  1937-ը, Հայրենական  մեծ  պատերազմը,  հետպատերազմյան  շրջանի  ռեպրեսիաներն  ու  աքսորը,  գյուղերում տեղի  ունեցած իրադարձությունները, որոնց  զուգահեռ՝ համաշխարհային քաղաքակրթության  հետ  մարդկային ճակատագրերի  կապը:  Պարզ  է  նաև  այն վնասաբեր իրավիճակը,  որ  կապված էր  միակուսակցական իրավակարգի և  մտացածին սոցիալիստական  ռեալիզմի  բնույթի  հետ:

Բակուրը,  որ  Մարտակերտի շրջանի ծնունդ է,  միշտ  առիթներ  է  որոնել՝  ստեղծելու  վերոնշյալ ժամանակաշրջանն ընդգրկող մի  երկ,  որը ներկայացներ Արցախ աշխարհը՝  իր   վայրիվերումներով, խաչմերուկների ըմբոստություններով, կորուստներով, գտնումներով,  հուսախաբություններով  ու հուսավառ   բռնկումներով:

Ու  տեղի  է  ունենում  ցանկալի  մի  հանդիպում  երևանաբնակ չափարցի Ռոմա Սարգսյանի հետ:  Վերջինս  պատմում  է  հայրենի գյուղի,  ապա  իր  հոր՝ Ռուբեն  Սարգսյանի  յուրօրինակ ճակատագրի  մասին: Բակուրն  այդ  պատումների  մեջ  զգում  է  Արցախի 1910-1960-ական թվականների ժամանակահատվածն ընդգրկող պատմավեպ ստեղծելու  անհրաժեշտությունն  ու  հնարավորությունը:  Եվ  իրական  է   դառնում այդ  ցանկությունը,  երբ  Ռոման Բակուրին  է  նվիրում  հոր՝ Շուշիի  կոտորածի  ականատեսի,  1940-ականներին  կոլտնտեսության  նախագահի,  երկրորդ  աշխարհամարտի մասնակցի, նացիստական համակենտրոնացման ճամբարներն  անցած  գերու,  ապա՝ պարտիզանի, ի  վերջո՝ ԳՈՒԼագ-ի աքսորյալի համառոտ ինքնակենսագրական-հիշատակարանը:

Մտահղացումն  իրականացնելու հնարավորություններն ավելի  են  ընդլայնվում,  երբ  Ռոմայի  հոր  ծննդյան  100-ամյակի կապակցությամբ  մի  խումբ  ընկերների  հետ  Բակուրը  մեկնում է Չափար  գյուղ: Այդտեղ գրողը  հանդիպում  է 100-ամյա   առույգ  ծերունի Վահանես  Մկրտչյանին:  Ծերունին  էլ  իր  հերթին  Բակուրին  է  հանձնում հիշողությունների իր  տետրը: 

Բակուրը, սակայն,  չբավարարվեց ձեռք  բերած  փաստագրություններով, կարևոր  նյութեր  քաղեց 19-րդ  դարի  վիճակագրական փաստեր ընդգրկող տարեգրքերից, համապատասխան դրվագներ հավաքեց ՙՄշակ՚, ՙԽորհրդային Ղարաբաղ՚, ՙԿոմունիստ՚, Մարտակերտի շրջանային ՙԼենինյան  ուղի՚, ՙԲարեկամություն՚ թերթերի  էջերից, Երևանի  և  Ստեփանակերտի  արխիվներից:

Ու  ծնվեց  մի  վեպ,  որի  բոլոր հերոսները  և  նրանց հետ կապված  դեպքերը  իրական  են,  ստույգ: Հայտնի է,  որ  իրական փաստերի  և  գործող  անձանց կենսագրական  տեղեկությունների  հիման  վրա  գրական երկ ստեղծելը  դյուրին  գործ  չէ: Սակայն  Բակուրը հաղթահարել  է դժվարությունները,  ընթերցողին  ընծայելով վավերագրական հաջողված պատմավեպ՝  տարիների ստեղծագործական  հարուստ փորձի,  վառ  երևակայության, իրադարձությունները պատկերների համակարգով ներկայացնելու,  կյանքի  փիլիսոփայությունը  բացահայտելու  շնորհիվ: Բակուրը չէր  մոռացել նաև,  որ  պատմավիպասանը պարտավոր  է լինել պատմաբան, հոգեբան, ազգագրագետ:

Պատմավեպի գլխավոր  հերոսը Ռուբեն  Սարգսյանն  է՝ արցախցի  մի  հայ,  որի ողբերգական, դրամատիկ-ծանրածանր,  ժամանակի տարածքներում  մեկ-մեկ արևային լույսով  փայլփլող  ուղին  մի  կողմից  խորհրդանշում է  իր  մայր ժողովրդի ճակատագիրը,  մյուս  կողմից՝  քաղաքական այն  հեղձուցիչ մթնոլորտը,  որ  ստեղծվել  է ՙԴեպի կոմունիզմի շողշողուն գագաթները քայլող՚ ԽՍՀՄ բոլոր  ժողովուրդների  համար:

Վեպն  սկսվում  է  վերհուշի ձևով: Ռուբեն Սարգսյանի հիշողություններում օսմանյան և ազերի-թուրքերի  կողմից հրդեհվող  Շուշին  է,  երբ ինքը դեռևս  9  տարեկան  էր:

Բակուրը  քիչ է  միջամտում  դեպքերի  պատմությանը:  Նա  արտացոլում  է  իրադարձությունները՝ պատկերավորության  տարբեր   ձևերով, ներկայացնում  այն  տառապանքն  ու  անդառնալի կորուստները,  որ  ապրել  են  ոչ  միայն  շուշեցիները,  այլև  ողջ  Արցախը: 

Վեպի ՙԱրմենակը՚ և ՙՏումեցի Թևանը՚ գլուխներում  հոգեբանական նրբանկատությամբ,  համոզիչ  պատկերների հյուսվածքով ներկայացվում  են  1918-1920 թվականների քաղաքացիական աղետալի կռիվները բոլշևիկյան գաղափարները կրողների  և  Հայ  հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների  միջև: Արդյունքում Քիրս  սարի լանջերին նժդեհական Թևանի  և  երիտասարդ կոմունիստ Արմենակի միջև  տեղի  է  ունենում անզիջում պայքար:

Բակուրն  այս  ցավալի երևույթը  ներկայացնում  է  անկողմնակալ՝  հավատարիմ ռեալիզմի սկզբունքներին: Բայց դժվար  չէ  նկատել գրողի ցավը  նման  երևույթի  առնչությամբ:

Ընթերցելով  այդ  դեպքը  պատկերող  էջերը՝  մտորում  ես.  ինչքա՛ն  ազգօգուտ կլիներ, եթե  հայ   ժողովրդի  համար ստեղծված այդ  ճակատագրական ժամանակներում հայ  քաղաքական ուժերը միասնաբար մարտնչեին  մեր  հին  ու  նոր  նենգ  թշնամիների դեմ, երևի  չկորցնեինք Նախիջևանը, Հյուսիսային  Արցախի հայաշունչ տարածքները,  իսկ  հայտնի  է,  թե  ինչ  գնով   ազատագրվեց Մեծ  Հայքի  10-րդ  նահանգը՝ աստվածանվեր  Հայոց  Արցախը:

Բազմաշերտ  է  Բակուրի  պատմավեպը:  Նրանում  գեղարվեստական  ՙներփակ՚ ժամանակի սկզբունքով պատմական  իրադարձությունները ներկայացվում  են  բնական ընթացքով, իրար  հաջորդող իրողությունների շղթայով:

Վիպական  գործողությունների հիմքում  դնելով Արցախում  1920-60-ական  թվականներին  տեղի  ունեցած տնտեսական-հասարակական-քաղաքական իրադարձությունները,  Բակուրը գեղարվեստական հնարանքներով կարողացել  է  այդ  բարդ ժամանակաշրջանի ֆոնի վրա ստեղծել Ռուբեն  Սարգսյանի ընդհանրացնող կերպարը:  

Վեպը  եզրափակվում  է  սրտառուչ մի  պատկերով: Գյուղի պապենական տարածքներից մեկում  Ռուբենը  կոլտնտեսության անասնաբույժ Վահանեսի  հետ  այցելում  է  ՙՕջախ-Սրբատեղին՚:  Նա  Կարագանդայի կալանավայրից  բերած  մոմը վառում  է  դարավոր  խաչքարի պատվանդանին,  ասես հաղորդակցվում  Տիեզերական այն ուժի հետ,  որով  հավերժվել  է  Արցախը:

Վահանեսը,  Ռուբենի աչքերում նկատելով ներքին  բռնկումի  փայլը, հարցնում  է.

-Համարյա  մին  հասակի յընք,  ես կյանքըմս  շատ  չըմ տիժրոթըն  քաշալ, զարմանըմ եմ՝ հունց  ը՞ս  էտ  ամեն  հինչին  տըմացալ,  էլ  Շուշիի կոտորած,  սովի տարինե, բատրակութըն, կոլեկտիվացըմ, պատերազմ, գերություն, համակենտրոնացման ճամբարնե, պարտիզանություն, խորհրդային լագերնե…Սովորական  մարդը  տըմանալ  չի…

Ռուբենը  պատասխանում  է.

-Վահանես,  էտ  մինը  դյուզըս ասըմ, ամեն հինչին տըմընալեն  ուժը ինձ  մեր  Օջախ-Սրբատեղին  ա  տվալ, սերս  բիդա  իմ  ընտանիքը՝ Մարալս, խոխենքյս,  իմ  ախպեր Արմենակը,  մեր պարիկամնեն,  շինացիք…Թրթռը, Մռավը,  Չափարը, Շուշին, Ղարաբաղը, Հայաստանը… Ես տըհանցավ ըմ  ապրալ…

Նման պատասխանը գրականագիտական  ոչ  մի  գնահատական  չի  պահանջում: Մնում  է միայն ավելացնել,  որ  խորհրդային տարիներին  Արցախի գերության ժամանակներում հայ  ժողովրդի  բոլոր  Ռուբեն-զավակները  խորհել  ու  գործել  են  նույն  կերպ, ապրելու  նույն  բանաձևով: Այլապես այսօր  չէինք ունենա երազը  դրոշ դարձրած անկախ  ու  ազատ ապրող  այն  դրախտավայրը,  որի  անունն  է  Արցախի Հանրապետություն՝  իր  պետական  հայերենով,   զինանշանով  ու  Հայածածան Եռագույնով:

Բակուրի ՙՇուշեցու  հիշատակարանը՚  պատմավեպը ցավի  ճիչ է,  մաքառման  մատյան,  ապրելու հուսավառ բանաձև  ու  պատգամ:

Նման գրքերը հազվադեպ են  ծնվում:

 

Սոկրատ  ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր