ժԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՄԱՔԱՅԼ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՇՆՉՈՎ
Շուշիի ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի նպատակներին, խնդիրներին և առաջին ուստարվա գործունեությանը ժամանակին մենք անդրադարձել ենք: Վերջերս էլ այցելեցինք` ծանոթանալու երկրորդ ուսումնական տարում արձանագրված ձեռքբերումներին, խնդիրներին։
Կրթօջախի գործադիր տնօրեն Վասպուրակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ մեր զրույցը ծավալվեց մասնագիտությունների, ուսանողների քանակի, որակի և այլ հարցերի շուրջ:Ինչպես տեղեկացրեց տնօրենը, անցած տարում ուսումնարանն սկզբնապես ունեցել է 72 աշկերտ, բայց քանի որ առաջին տարին էր, և շատերն ուղղակի լսելով էին եկել, աստիճանաբար նրանց թիվը պակասեց. մի մասը սեփական նախաձեռնությամբ թողեց ուսումնարանը։ Բայց հիմա, ինչպես հավաստիացրեց տնօրենը, ամեն ինչ կարգավորվել է: ՙԱյս տարի միանգամայն ուրիշ կոնտինգենտ է եկել, շատ գոհ ենք, աչքաբաց, լավ սովորող երեխաներ են` 54 հոգի։ Իսկ ընդհանուր 92 են՚:
Ուսումնարանն առաջին տարին իր գործունեությունն սկսեց 3 մասնագիտությամբ՝ համաշինարարական, հարդարման-շինարարական, սանիտարատեխնիկական և ջերմատեխնիկական աշխատանքներ: Այս ուսումնականում ավելացավ ևս երկուսը` մետաղամշակում և էլեկտրատեխնիկա: Հիշյալ բոլոր մասնագիտություններն էլ համալիր որակավորում են ստանում:
Անշուշտ, ուսումնարանը պատրաստի վարպետներ չի թողարկում: Ուսումնական հաստատությունն ընդամենը տալիս է այն մուտքային գիտելիքները, որոնց տիրապետելով՝ շրջանավարտները կկարողանան լավ մասնագետ դառնալ: Առնվազն 5 տարվա ստաժ պետք է ունենալ մասնագիտական մտածողություն ձեռք բերելու համար: Ըստ այդմ` ուսումնարանն իր դուալ համակարգով (աշկերտները որոշակի հերթագայությամբ սովորում և աշխատում են ընկերություններում) հնարավորություն է տալիս շրջանավարտներին ինտեգրվել աշխատաշուկայում, պարզաբանում է տնօրենը: Այդպես նաև աշխատաշուկայի խնդիրն է լուծվում:
ԱՀ կառավարության կողմից արդեն հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա մասնագիտությունները: ՙԵզնիկ Մոզյան՚ ուսումնարանի եղած մասնագիտություններին ավելացել են ատաղձագործական աշխատանքները (ատաղձագործ, կահույքագործ, փայտի գեղարվեստական մշակում, այսինքն` փայտի հետ կապված բոլոր աշխատանքները): Ուսումնարանն այդ նպատակով արդեն ձեռք է բերել 6 հաստոց` բոլորն էլ պրոֆեսիոնալ մակարդակի, 7-րդն էլ՝ խառատագործական հաստոցը, մետաղամշակման համար են ստացել: Մնացել են միայն ձեռքի գործիքները, որոնք շուտով կստանան:
Վ. Կարապետյանը (չասենք՝ հավակնոտ, որովհետև դրանք տեսանելի են և արդեն գործարկվել են) պլաններն է ներկայացնում: Շուշին դառնալու է վերականգնվող էներգիաների մասնագետների պատրաստման դարբնոց: Կենտրոն, որի նմանը չկա Հայաստանում: Արդեն իսկ բավականին հիմքեր կան դրա համար: Ուսումնարանում տեղադրված են 3 կիլովատ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ, որոնք արևային էներգիա են արտադրում: Ուսումնարանն օգտվում է դրանցից. մասնավորապես ճաշարանի տաք ջուրը արևային էներգիայով է ստացվում: Նաև Շուշիի բնակչությանն են օգնում: Անցյալ տարի 5 ընտանիքի համար նման սարք տեղադրեցին, և նրանք շատ գոհ են: Վ. Կարապետյանի խոսքով` 2-3 տարի հետո Շուշիում 50 ընտանիք դրանք կունենան: Դա չտեսնված օգնություն է մարդկանց, չէ՞ որ անվճար ունենում են օրական 300 լ տաք ջուր:
Մեր այցելության օրը ուսումնարանի էլեկտրատեխնիկայի մասնագետներից մեկը Ֆրանսիայում վերապատրաստվում էր: Տնօրենի համոզմամբ` դա արդեն գնում է դեպի միջին մասնագիտական մակարդակ, և հետագայում այդ հարցը պետք է ԿԳՍ նախարարության միջոցով լուծեն: ՙԵթե առաջին տարում պատրաստում ենք էլեկտրիկ-մոնտյոր, դա արհեստագործական է: Բայց հաջորդ տարի սովորում են էլեկտրատեխնիկա, որը շատ ավելի բարդ է՝ հաստոցների սպասարկում, էլեկտրական հոսքագծեր, միացում, կարգաբերում և այլն: Դրանք շատ լուրջ համակարգեր են: Իսկ երրորդ տարում ավելի բարդ է՝ վերականգնվող էներգիաներ, ռոբոտատեխնիկա, ավտոմատիկա: Դրանք արդեն նախնական մասնագիտական են՚, նշեց Վ. Կարապետյանը:
Ուսումնարանում ահագին ռոբոտներ կան, նույնիսկ մեկ ինդուստրիալ ռոբոտ ունեն, որը կառավարվում է և՜ ինտերնետով, և՜ սմարթֆոնով: Դա ժամանակակից կարևորագույն ճյուղերից մեկն է արդյունաբերության մեջ: ՙՎեց մասնագիտությամբ արդեն կկարողանանք ապահովել շինարարության ոլորտը, կմնա տանիքագործությունը, որը նույնպես անհրաժեշտ է՚,-ասաց Վ. Կարապետյանը` մանրամասնելով վերջինիս անհրաժեշտ պայմանները: Նշեց, որ համապատասխան ծրագիր է ներկայացրել. ֆինանսական լուրջ ներդրումներ են պետք, բայց այն հնարավոր է իրականացնել: Նա նպատակահարմար է տեսնում նախկին ռեալական ուսումնարանի շենքը, որտեղ կարող են զուգահեռաբար դասերը կազմակերպել և իրականացնել վերականգնման աշխատանքները: Գումարը հիմնականում կծախսվի նյութերի վրա, իսկ աշխատավարձերի վրա քիչ կծախսվի, որովհետև աշկերտներն են աշխատելու ուսման ընթացքում: ՙԿոպիտ ասած` մենք ապրելու ենք մի տան մեջ, որը կիսաքանդ վիճակում է, և ինքներս մեզ համար նոր տուն ենք սարքելու,-վստահություն հայտնեց տնօրենը:¬ Ռեալականի շենքը պետք է վերականգնվի: Եթե Շուշին պատկերացնենք Արցախի թագը, ես այդպես եմ ընկալում, ապա ռեալականը նրա ամենաթանկարժեք գոհարն է: Թող հոգևոր աշխարհի մարդիկ ինձանից չնեղանան. սա այցեքարտ է: Ռեալականն ավելին է, քան մեկ այլ ճարտարապետական կառույց Շուշիում՚։ Ռեալականի կողքին Ժամհարյանների հիվանդանոցն է` մի հրաշք կառույց, որը նույնպես կվերականգնվի: Վ. Կարապետյանը որպես օրինակ բերեց ՙՆարեկացի՚ կենտրոնում իրենց աշկերտների կողմից փայտի փորագրության արվեստանոցի վերականգնումը: Այնտեղ բարեգործական հիմունքներով են աշխատել. միայն նյութերն են նրանց տրվել:
Այս առնչությամբ նաև խոսք գնաց ՙԵզնիկ Մոզյանի՚ բարերարների մասին: ՙՆրանց թիվը հիմա երկրաչափական պրոգրեսիայով է աճում, մեր սպասելիքներն արդարացել են՝ նյութական ներդրումներ, օգնություններ, այցելություններ: Նրանք շատ ոգևորված են, տեսնում են, որ առաջընթաց կա, տեղում կանգնած չենք՚,-պատմեց Վ. Կարապետյանը:
Եթե ուսումնարանը համագործակցությունը սկսել էր միայն Ֆրանսիայի Սեն Էտիեն քաղաքի հետ, ապա այժմ աշխարհագրությունը մեծացել է: Այդ գործում, անշուշտ, մեծ է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի դերը: Բացի դրանից, ամեն մի բարերար իր հետևից նոր բարերար է բերում: Այսպես, օրինակ, Ժան Միշել Էքեյանը, ով Ֆրանսիայում առաջատար անեսթեզիոլոգներից է համարվում և Ստեփանակերտի ուռուցքաբանական հիվանդանոցի համար մեծ աշխատանք է կատարել, ուսումնարանին ավտոբուս է նվիրել: Ճաշարանը և մարզասրահը նույնպես նրա նվիրատվություններից են: Ժորժ Ճանճյանը մետաղամշակման արհեստանոցի համար 12 հազար եվրո է նվիրաբերել, մի այդքան էլ` այս տարի:
Սկսել են համագործակցել Լիոնի լիցեյներից մեկի հետ: Արևային պանելները, որոնք շատ թանկ արժեն, ուսումնարանին հենց նա է նվիրել: Բրետտինի երկրամասը կոնտեյներով մեծ թվով գործիքներ, ուսումնական գույք է ուղարկել: Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ ընթացքում տեխնոլոգիաներն են զարգացնում, օրինակ` փորձում են արհեստական քարեր ստանալ, և դա նպաստում է սովորողների նորարական ունակությունների զարգացմանը:
Հանրակրթական առարկաների մասով էլ ծրագրեր կան, մասնավորապես, նախատեսվում է ֆակուլտատիվ դասընթացներ կազմակերպել դպրոցական առարկաներից, որպեսզի երեխաների տեսական գիտելիքները ևս բավարար լինեն: Լավ արհեստավորը պետք է նաև գրագետ լինի. այս համոզմանն է տնօրենը:
Վ. Կարապետյանը մի նորույթի մասին ևս պատմեց: Իր առաջարկությամբ Ռուսաստանում արտադրվել են ՙՄենք ենք, մեր սարերը՚ արցախյան բրենդով բարձր որակի աշխատանքային կոշիկներ և արտահագուստ, որոնք շուտով կհասցվեն Արցախ:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ