[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ՄԵՋՔ ՄԵՋՔԻ ՏՎԱԾ…

Ապրիլին Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 40 տարվա ընդմիջումից հետո նորից Արցախում էր: Մայր թատրոնը Ստեփանակերտ էր բերել Արցախյան հերոսամարտին նվիրված ՙԱրծվաբույն՚ ներկայացումը` բեմադրված ըստ գրող, պատմաբան Հրաչ Բեգլարյանի պիեսի: Այն բեմադրել է Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտորն Արման Էլբերտն է, նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին:

Ներկայացման կազմում հիմնականում երիտասարդ դերասաններ են` Անդրանիկ Զաքարյան, Մարիամ Դավթյան, Արթուր Հարությունյան, Լեռնիկ Հարությունյան, Հովհաննես Գասպարյան, Մեսրոպ Աբտոյան, ուրիշներ: Գլխավոր դերերից մեկում արցախցի թատերասերներին քաջածանոթ Ջուլիետա Ստեփանյանն էր, ում բեմական կյանքի 18 տարիներն անցել են Ստեփանակերտի դրամթատրոնում:

Ներկայացումից առաջ հանդիսատեսին ողջունեց թատրոնի ստեղծագործական մասով փոխտնօրեն, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը: Նա նշեց, որ ներկայացումը երկար է նախապատրաստվել, որովհետև թեման այնպիսին է, որ մեծ պատասխանատվության զգացում է առաջացնում մարդկանց մեջ: Այն յուրատեսակ խոնարհում է Արցախյան պատերազմում ընկած և այսօր էլ սահմանին զոհվող երիտասարդներին, մեր մայրերին, մեր տղաներին, մեր քույրերին: Նաև նրանց անկոտրում կամքի մասին է, նրանց համառ դիմադրության ու պայքարի ոգու, նրանց չընկճվելու, այս հողի վրա ամուր կանգնելու և այն երբեք չլքելու մասին: Նրա խոսքով` խմբի համար ներկայացումն այստեղ քննության նշանակություն ունի: 

Երկմասանոց ներկայացման գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբներին, արցախյան ռազմաճակատի սահմանամերձ Քարակապ գյուղում: Պիեսի մեջ ներառված են այդ թվականներին կռվի դաշտում իրականում տեղի ունեցած դեպքեր ու մի շարք պատմություններ, բայց այն փաստավավերագրություն չէ, այլ` գեղարվեստական գործ: Կերպարները բավականին իրական են ու շոշափելի, պարզ ու ազնիվ մղումներով անհատականություններ։ Դերասանների խաղը` միաձույլ, մեկը մյուսին լրացնող, գունեղ ու բնական: Դիպաշարը զարգանում է օրուգիշեր ռմբակոծվող Քարակապում, որը Արցախի դարպասն է: Բնակիչները լքել են ճակատամերձ գյուղը, մնացել է միայն 86-ամյա Ամայ մայրիկը (դերասանուհի` Ջուլիետա Ստեփանյան):  Իսկ մոտակայքում կենաց-մահու պայքար են մղում կամավորական ջոկատի տղաները, որոնց համար այս կռիվը ՙհոգու ու սրտի պատերազմ է՚, ոչ ոք չի ստիպել նրանց գալ և կռվել այստեղ:  Նյութն այնպես է կառուցված, որ կերպարները տարանջատված չեն գլխավոր և երկրորդական դերերի: Տղաներից մեկի շուրթերով կամավորականների հավաքական կամքն ու վճիռն է հնչում. ՙՄենք լեռան ծնունդ ենք, մեզ դժվար է պոկել մեր լեռ ու քարից՚:

Թեման ծանր է, ծանր է նաև ներկայացումը թե՜ հուզականության, թե՜ մարդկային փոխհարաբերությունների առումով: Պիեսի դրամատիզմին միախառնվում են հումորը, երգն ու երաժշտությունը, զավեշտալի դրվագները։ Պատերազմ, սեր, ընկերություն` այս թեմաներն այնքան վարպետորեն են միահյուսվել ներկայացման մեջ, որ խտացնում են արվեստի կենսահաստատ ուժը: Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի խոսքով` ՙայն մեր 25 տարիների տառապանքների, մտածմունքների, հաղթանակների և վերապրած զանազան հույզերի մասին է՚: 

Տղաներից յուրաքանչյուրը հանդիսատեսի հիշողության մեջ դեռ երկար կմնա, քանզի անչափ իրական, պարզ ու առանց ավելորդ գունազարդման է ներկայացված. հայ գենի կենսունակության ժառանգորդներն են նրանք: Մարդկային իրենց տեսակով առանձնանում են  բանաստեղծ Արսենը (դերասան` Մեսրոպ Աբտոյան), ով նռնենու ականապատ այգուց նուռ է քաղում և ուղարկում իրեն դուր եկած Սոնային, Լոպազ Դավիթը (դերասան` Արթուր Հովհաննիսյան), ով իր պատմություններով ասես մեղմում է պատերազմական օրերի դաժանությունը, դերասանական ուրույն ֆակտուրայով առանձնացող Տրուբա-Հովհաննես Գասպարյանը, խստաշունչ հրամանատարը, ով պատրաստ է կյանքը զոհել իր երկրի ամեն մի քարի համար:   

Դրամատիկ ու ցնցող կերպար է վիրավոր Կամոն (դերասան` Անդրանիկ Զաքարյան), ով, չնայած վնասված ոտքերին, ցանկանում է կանգնել ընկերների կողքին, նա չի կարող իր ընտանիքի գիրկը դառնալ, քանի դեռ թուրքից իր վրեժը չի առել:Հայի և թուրքի դարեր ի վեր ձգվող կռվում, Կամոյի խոսքով, մենք մեր բաժին մեղքն ունենք, ինչի համար սերունդներն են պատասխան տալիս:

ՙՄենք էս քարերի հետ պետք է մեջք-մեջքի տանք և պահենք այս քարերը՚,- սա է տղաների հավատամքը: Եվ երբ դժվար իրավիճակից դուրս գալու համար  Մարգարն ասում է. ՙԷս քարերի միջին ի՞նչ կա, ավելի լավ է նահանջել, հարմար դիրք գրավել, քարերն ու Քարակապը ժամանակավոր թողնել՚,-հրամանատարը կտրականապես մերժում է` ասելով. ՙՔարերը պատմություն ունեն, եթե քարի լեզուն հասկանաս, նա հայրենիքի համար թափած արյան պատմությունը կպատմի քեզ: Էս ամեն մի քարը իմ ու քո պես տղա է, հայրենիքի սիրո համար զոհված իմ ու քո պես տղա…՚: Իր կիսավեր տան բակում թշնամու հրետակոծությունից զոհվում է Ամայը, բարձունքը գրավելիս զոհվում են արծիվ-տղաները: Ահա այս թանկ գնով ձեռք բերված հաղթանակն է, որ պարտավորեցնում է այսօր խրամատում կանգնած զինվորին չնահանջել ոչ մի քայլ: Եվ պատահական չէ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ժամկետային զինվորի կողքին կանգնեցին մեր գոյամարտի  բովում թրծված ազատամարտիկները: Ներկայացման ավարտին, մինչ դահլիճը փոթորկվում էր ծափերից, դերասան Արթուր Հարությունյանը, ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված իր ընկեր Նորայր Հաջյանի, կարդաց պիեսի հեղինակ Հրաչ Բեգլարյանի բանաստեղծությունը:

ՙԱրծվաբույն՚ ներկայացմամբ սունդուկյանցիներն ապացուցեցին բեմադրիչ Դ. Հարությունյանի խոսքերի ճշմարտացիությունը, թե ՙթատրոնը սուր վեճերի և հարցադրումների վայր է՚, որ այն միշտ էլ ի զորու է ժամանակի հետ քայլել, իր ժամանակակցին  ներկայացնել ու վերհանել հրատապ խնդիրներ: Մերօրյա թատերգությունն ազատագրական պայքարի մասին արել է մի քանի փորձ, արձակագիրները գրել են իրական և ոչ իրական պատմություններ, այդուհանդերձ, անչափ դժվար է այդ թեմային անդրադառնալիս չընկնել գայթակղությունների գիրկը, հեռու մնալ պաթետիկ ու պլակատային մոտեցումից: Դա անչափ նման է ածելու շեղբի վրայով քայլելուն. մի քայլ այս կամ այն կողմ` և ձախողումն անխուսափելի է: Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի խոսքով` այսօր, քան երբևէ, անհրաժեշտ է անդրադառնալ մեր ինքնության հարցերին, մեր արագ ընթացող ժամանակին, իրադարձություններին ու մարդկային ճակատագրերին: Նա համոզված է, որ մեր նորագույն պատմությունը  պետք է լինի մերօրյա արվեստագետների ստեղծագործական որոնումների առանցքը, և անդադար նոր ստեղծագործություններ ծնվեն այդ թեմայով: Մեր հարցին` ո՞րն էր բեմադրիչի գերխնդիրը ներկայացման ստեղծման ողջ ընթացքում, ռեժիսորն ասաց. ՙԱմենամեծ գերխնդիրը` չվիրավորել այս մարդկանց զգացմունքները, սուտ չխոսել, հորինվածքներ շատ չլինեին: 25 տարի շարունակ մենք այս թեմայով չենք արել այսպիսի մեծ, երկու գործողությամբ, տարողունակ, խոր ներկայացում, և շատ ծանր ու շատ դժվար էր: Ազատամարտիկներից քիչ առաջ մոտեցան, ասացին. ՙՄենք ծանոթ շատ դեմքեր տեսանք՚: Իհարկե, մի ներկայացումով չես կարող ամբողջ մեր էպոխան ցույց տալ: Ներկայացումը դժվար ծնվեց. վտանգավոր է այսօր անել սա ու չսայթաքել, որովհետև պիեսը շատ մարդասիրական է, այնտեղ կան երկակի հայացքներ միևնույն խնդրի վերաբերյալ, կա թշնամու հանդեպ մեր վերաբերմունքը, ահագին հոգևոր խորություններ ու ենթաշերտեր կան պիեսում: Հուրախություն մեզ բոլորիս` կարողացանք նորմալ ավարտել և հանդիսատեսի դատին հանձնել աշխատանքը: Իսկ Ստեփանակերտում խաղալը ամենամեծ քննությունն էր, ես վախենում էի դրանից: Վախենում եմ բոլոր այն մարդկանցից, որոնք անցել են պատերազմի միջով:  Նրանց մոտ հիշողությունները դեռ թարմ են, չսպիացող վերքեր կան: Վախենում եմ վիրավորել այդ մարդկանց զգացմունքները՚:

Նույնքան վախով ու հուզմունքով էր արցախցի հանդիսատեսին ներկայացել ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանը 86-ամյա Ամայ մայրիկի դերով. ՙԱյնքան հուզված էի, որ իմ ղարաբաղցիների համար էի խաղում. այս հանդիսատեսին այնքան էի կարոտել: Պատկերացրեք` ոնց որ նույնը մնացած լինի` այդքան թատերասեր ու հասկացող, այդքան նուրբ զգացողություններ ունեցող: Ափսոսում եմ, որ մի անգամ եմ խաղում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ այս տատիկին` իր դժբախտությամբ, իր ապրելակերպով ու ցավով, ես եմ մարմնավորում՚:

 Հավելենք, որ այս տարի ՀԹԳՄ ՙԱրտավազդ՚ ամենամյա մրցանակաբաշխությունում ՙԼավագույն կին դերասանուհի՚ անվանակարգում Ջ. Ստեփանյանն իր մարմնավորած այս կերպարի համար   արժանացել է մրցանակի:

Ներկայացման մեջ դերասանների խաղին հավասար ՙգործող անձ՚ կարելի է համարել երաժշտական և բեմանկարչական ձևավորումը: Բեմանկարիչ Սեդրակ Վելիկոդնիի ռեալիստական ոճով արված աշխատանքը և կոմպոզիտոր Արման Էլբերտի ճաշակով արված երաժշտական ձևավորումը ներդաշնակում էին ներկայացման ասելիքին ու ոգուն: 

Ողջ ներկայացման ընթացքում հանդիսատեսն ասես մասնակիցն էր բեմում ընթացող գործողությունների. ներկայացումն ստիպեց վերապրել մեր գոյամարտի հերոսական էջերը` ցավ ու հպարտություն, արցունք ու ժպիտ, վիշտ ու լավատեսություն միախառնելով իրար: Վերապրելով` յուրաքանչյուրը նորից իր համար վերարժևորեց ու վերաիմաստավորեց մեր նորագույն ընթացքը. ասել է թե` պիտի շարունակել ապրել` ՙքարերի հետ մեջք մեջքի տված, և պահել այդ քարերը՚։ Չմոռանալով այն արծիվներին, որոնց քարեղեն ներկայությունը սրբացնում է հող հայրենին: 

 

 

Մելանյա  ՄԻԼՈՆՅԱՆ