[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԻ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Մայիսի 10-ին Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ Ռոբերտ Քեշիշյանի հանդիպումն ուսանողության հետ։ 

 Միջոցառումը բացեց ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, նշելով, որ Եռատոնին Արցախ ժամանած հարյուրավոր հյուրերի թվում էր նաև հայտնի ռեժիսորը, ով ապրում և գործում է Ֆրանսիայում։ Բանախոսն իրազեկեց, որ Քեշիշյանների ընտանիքը կրել է 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի ծանր հետևանքները, և որ այն քիչ թվով փրկվածների մեջ է, ովքեր ձևավորել են Ֆրանսիայում ամենաակտիվ և մշակութային համայնքներից մեկը։ Տասնամյակներ են անցել Մեծ եղեռնից, սակայն արհավիրքների հետևանքները փոխանցվում են սերնդեսերունդ, և ժամանակն անզոր է մոռացության տալու ողբերգության մեծ ցավը, եղեռն կրածների ծանր ապրումները։ 

Ռ. Քեշիշյանն իր խոսքում ներկաների ներողամտությունը հայցեց մայրենի լեզվով չարտահայտվելու համար և իր ուրախությունն այն առիթով, որ արցախցի ուսանողները տիրապետում են օտար լեզվին և իրենց շփումները կայացել են։ Նա ընդգծեց, որ կարևորն այն է, որ Արցախը համայն հայության ապագան է, և երախտագիտություն հայտնեց Արցախի իշխանություններին՝ արտաքին գործերի նախարար Կ. Միրզոյանին, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, ԱրՊՀ ղեկավարությանը, ջերմ ընդունելության համար։ Ի դեպ, ռեժիսորն ասաց, որ անցյալ տարի քառօրյա պատերազմի առիթով ինքը մասնակցել է ցույցերին և Ֆրանսիայում՝ Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ  ձայնասփյուռով  ուղիղ եթերում հանդես եկել ի պաշտպանություն Արցախի։ 

Այնուհետև տեղի ունեցավ ՙԱրամ՚ ֆիլմի դիտումը, որն իր առանձնահատուկ տեղն ունի ցեղասպանության թեմայով նկարահանված մի քանի տասնյակ ֆիլմերի շարքում։ 

ՙԱրամը՚ ամերիկյան-ֆրանսիական համատեղ նկարահանված գեղարվեստական ֆիլմ է, որին մասնակցել են 8 հեռուստաընկերություններ։ Ֆիլմում ընդգրկված են հայ և օտարազգի դերասաններ։ Կինոնկարը ցուցադրվել է Ֆրանսիայում, ապա` Գերմանիայում, նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետություններում, ԱՄՆ-ում։ 2003-ին Մյունխենի կինոփառատոնի ցուցադրության ժամանակ հաղթել է ՙՄեծ հույսեր՚ անվանակարգում։ 2004-ին ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմի հեռուստատեսային առաջնախաղը կայացել է 2008-ին Հունգարիայում։ 

Ֆիլմը մեկ ընտանիքի պատմությամբ ընդհանրացնում է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ճակատագիրը։ Սարգսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում էր Փարիզում, թվում է, հետևում են մնացել ծանր ժամանակները՝ եղեռնը, գաղթը։ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վիրավորվում է ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։ Հայրը՝ Միհրանը, այդ ողբերգության մեջ մեղադրում է մեծ եղբորը՝ Արամին, որին ստիպում է լքել հայրական տունը։ Արամը մասնակցում է Արցախյան պատերազմին, գաղտնի վերադառնում է Ֆրանսիա, հանդիպում է քրոջը՝ Մելինեին և պատմում նրան, որ որոշել է եղբոր վրեժը լուծել, բայց քրոջ հարսանիքի ժամանակ հայտնվում են մարդիկ, ովքեր ուզում են հաշիվներ մաքրել Արամի հետ...Ֆիլմի վերջնավարտը այն մասին է, որ դժվար է հայի դատն առաջ տանելը։ Որ հայը միշտ օտար է լինելու ուրիշի հողում, և դա հայի ողբերգությունն է։ Որ հայի հայրենիքը Հայաստանն է։

Այնուհետև տեղի ունեցավ ֆիլմի շուրջ քննարկում, որի ժամանակ ռեժիսորը, պատասխանելով հարցերին, ասաց, որ կինոյի վերնագրի և գլխավոր հերոսի համար ինքն ընտրել է հոր անունը։ Նա նշեց նաև, որ ցուցադրությունը տեխնիկական թերություններով էր, որը, հավանաբար, դժվարացրել է  դիտողի ընկալումը։ Ռեժիսորը նաև նշեց, որ ֆիլմի հիմքում իրական դեպքեր չեն ընկած, այն գեղարվեստական գործ է։ Ներկաների հարցերը նաև քաղաքականությանն էին վերաբերում. Ռ. Քեշիշյանը պարզաբանեց, որ Սփյուռքը երկար տարիներ պայքարել է ցեղասպանության ճանաչման համար, ինչը պսակվել է հաջողությամբ, և որ հիմա իրենց մտահոգությունը Արցախի Հանրապետության ճանաչման խնդրի շուրջ է, որի համար պայքարում են, և ինքն էլ ձգտում է իր համեստ ներդրումն ունենալ այդ գործում։ 

ՙԵս Արցախ գալով նպատակ ունեի ինձ համար հայտնաբերել այս երկիրը. քառօրյա պատերազմի մեծ անհանգստությունից հետո չէի կարող չգալ ու չծանոթանալ,- ասաց Քեշիշյանը։ - Անչափ տպավորված եմ, չնայած մենք հեռվում ենք, պիտի օժանդակենք ու շարունակենք պայքարը Հայաստանի ու Ղարաբաղի համար՚։ 

Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական ծրագրերին` Ռ. Քեշիշյանն ասաց, որ մտադիր է ֆիլմ նկարահանել հենց Արցախում և Արցախի  մասին։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ