[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՐ ԶԵՆՔԸ ԽՈՍՔՆ Է, ԳՐԻՉՆ ՈՒ ՏԵՍԱԽՑԻԿԸ...՚

Մայիսի 19-ին ԱրՊՀ հայ գրականության և լրագրության ամբիոնի վարիչ Շուշան Ասկարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան¬քննարկում ՙՌազմական լրագրության զարգացման հեռանկարներն Արցախում՚ թեմայով։

 Անդրադառնալով թեմատիկ քննարկման անհրաժեշտությանը՝ ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը հույս հայտնեց, որ տեղի է ունենալու շահագրգիռ քննարկում, քանզի միջոցառմանը մասնակցում են անձինք, ովքեր ծանրակշիռ  ներդրում են ունեցել ռազմական լրագրության զարգացման ու կայացման գործում։ Ամբիոնի վարիչ Շ. Ասկարյանն ուսանողներին մեկ առ մեկ (ըստ պաշտոնի և վաստակի) ներկայացրեց քննարկմանը ներկա ռազմական լրագրության  ներկայացուցիչներին. Սենոր Հասրաթյան, Նորեկ Գասպարյան, Վարդգես Բաղրյան, Կիմ Գաբրիելյան, Վարդգես Ուլուբաբյան, Սուրեն Սարումյան, Արա Վանյան, Արթուր Ներսիսյան։ 

Ռազմական լրատվության պատրաստման և մատուցման եղանակներին անդրադարձավ ԱՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ գնդապետ Սենոր Հասրաթյանը։ Նրա գնահատմամբ՝ Արցախի լրագրողները պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրները։

 ԱԺ պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանի կարծիքով, լրագրողը՝ լինի քաղաքացիական թե ռազմական, իր գործը պիտի  կատարի ազնվորեն  ու դառնա նպատակային քարոզչության կրողը։

ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանի բնորոշմամբ՝ իրենք անցել են իրենց պատերազմը, իսկ նրանց զենքը եղել է խոսքը, գրիչը, խոսափողն ու տեսախցիկը։  Նրանք ռազմական լրագրության գաղտնիքներին տիրապետել են քայլ  առ քայլ, սովորել են հընթացս և՜ նկարահանել։ Խոսքը և կադրը, ըստ Վ. Բաղրյանի, պիտի ծառայեն Հայրենիքին, ինչպես  զինվորն է ծառայում։ ՙՄեզ կյանքն է ստիպել ու սովորեցրել ռազմական լրագրությունը, մենք պիտի սովորեինք ու պիտի սերտեինք այդ դասը՚,¬ ասաց Վ. Բաղրյանը, ափսոսանք հայտնելով առ այն, որ պատերազմական շատ տեսանյութեր չեն պահպանվել։ Նա նաև հավելեց, որ թեկուզ իրենց սուրը դեռ պատյան չեն դրել, սակայն ուրախ են, որ ռազմական լրագրության գործը շարունակում են երիտասարդները։

Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանն ուսանողների հետ կիսվելով տպավորություններով, մասնավորապես  խոսեց այն հպարտության  զգացման մասին, որ ունեցել  և ունենում են առաջնագծում։ Նրա անկեղծ խոստովանությամբ, երբ պատերազմական տարիներին հուսահատության պահեր էր ունենում, մեկնում էր առաջնագիծ, որտեղ ոգևորվում և նաև ոգևորում էր։ Նրա հպարտությունը բազմապատկվեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ երիտասարդ  սերունդը կատարեց ավելին, քան կարող էր, քան իրենք սպասում էին։ Նրա կողմից  նաև հավելվեց, որ եթե Արցախյան պատերազմի տարիներին լիներ ներկայիս տեխնիկական հնարավորությունների գոնե 20-30 տոկոսը, ապա այսօր առավել շատ տեսանյութ կունենային, և դրանից կշահեին մեր ռազմական տարեգրությունն ու նորօրյա պատմությունն ընդհանրապես։ 

Ռազմական լրագրությանն Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն անդրադարձավ զուտ գործնական տեսանկյունից։ Խոսելով մի շարք առանձնահատկությունների մասին, նա հատուկ շեշտադրում կատարեց ապատեղեկատվությանն ու դրան առնչվող նրբություններին։ Ասվեց նաև, որ մի շարք զինվորական լրագրողներ բանակային կյանքը բերել են գրականություն ու դեռ ստեղծելու են արժեքավոր գործեր։

Քննարկման մասնակիցների կողմից խոսք գնաց այն մասին, թե ինչպես պիտի կառավարել տեղեկատվական հոսքը պատերազմական ժամանակներում։ Ասվեց, որ ապրիլյան պատերազմի օրերին մեր լրատվամիջոցների ճիշտ, կազմակերպված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ աշխարհին հասցնել իրականությունը։ Մատնանշվեց, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ցանկացած լրատվություն պիտի անցնի գրաքննություն։ Պրոռեկտոր Վ. Յարամիշյանի բնորոշմամբ՝ ռազմական գործում մանրուք չկա, կա նպատակային, մտածված աշխատանք։ Իսկ գրելուց առաջ պիտի քեզ հաշիվ տաս, թե ում ջրաղացին ես ջուր լցնում և թե արածիդ օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը։ 

Կլոր սեղանի մասնակիցները պատասխանեցին լրագրողների բազմաբնույթ հարցերին։ Հնչեցված հարցերում հիմնականում շոշափվում էին ռազմական գաղտնիքի պահպանմանը, լրագրողների ներգրավմամբ զորավարժություններին, լրագրողների թիրախավորման անթույլատրելիությանը, Արցախում տեղեկատվական դաշտի  զարգացման հեռանկարներին, յուրաքանչյուր ցանկացողի առաջնագիծ այցելության թույլտվություն տալու աննպատակահարմարությանը, պաշտոնական տեղեկատվության կարևորությանն ու առանձնահատկություններին, դրսի մամուլի արձագանքներին և այլն։ 

Միջոցառման ավարտին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Աթայանը բարձր գնահատեց նման քննարկումների դերը։ Իսկ լրագրություն առարկայի սահմաններն ընդլայնելու համար, նրա կարծիքով, անհրաժեշտ է տեսականից փոխադրվել գործնական դաշտ, այդ թվում՝ ռազմական լրագրության պրակտիկ դաշտ։ Նրա դիտարկմամբ՝ իրենց ուսանողները տեսական առումով փայլում են, սակայն կաղում են գործնականից, ինչին պետք է լուրջ  ուշադրություն դարձնել։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ