[ARM]     [RUS]     [ENG]

ՙՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼԸ ԿՆՇԱՆԱԿԻ ԳՏՆԵԼ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ՚

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  օրերս մեկ շաբաթով Արցախում էր ամերիկահայ գրող, մատենագետ, թարգմանիչ, հրատարակիչ, ազգային-հասարակական գործիչ Հովսեփ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ։

Չորրորդ անգամ է, ինչ ճանաչված մշակութային գործիչն այցելում է մեր հանրապետություն, հասցրել է հանդիպումներ ունենալ գրողների և ընթերցասերների հետ, դասախոսություններով հանդես գալ ՙԳրիգոր  Նարեկացի՚, ՙՄեսրոպ Մաշտոց՚, Արցախի պետական համալսարաններում։ Հ. Նալբանդյանի գործունեությունը բարձր է գնահատվել թե՜ Սփյուռքում, թե՜ մայր Հայաստանում։ Նա արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների։ 

Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը սփյուռքահայ գործչի հետ։-Պարոն Նալբանդյան,  հակիրճ՝  Ձեր արմատների մասին։ 

-Իմ արմատները Կիլիկիայից են։ Մեծ հորս հայրը և մեծ հայրս ծնած են այնտեղ։ Իմ հայրս ծնած է Հալեպ, և ես ծնած եմ Հալեպ։ Մեծ հայրս ու իր եղբայրները մասնակցած են Այնթապի, Կիլիկիայի ինքնապաշտպանության կռիվներուն։ Գուցե զարմանաք, բայց ես էլ՝ նրանց արժանի թոռնիկը, որ 2 տարի 10 ամիս ծառայած եմ սիրիական բանակում,  մասնակցած եմ Հալեպի ինքնապաշտպանության կռիվներուն, վիրավորված եմ շատ անգամ։ Մեր գերդաստանը չափազանց հայրենասեր, ազգասեր մարդիկ է տվել։ Ազգայինը, ինչպես և լեզուն պահպանելու-պաշտպանելու ժառանգականությունը փոխանցվում են սերնդեսերունդ։ 

-Ձեր ուսումնառությունը ։

-Ես ծառայելուց հետո եկա Հայաստան՝ սովորելու  Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Կարող էի բժիշկ կամ իրավաբան դառնալ, բայց նախընտրեցի իմ լեզուն, մեր ոսկեղենիկ հայերենը, և ես հպարտ եմ, որ բանասիրականում իմ դասախոսները եղած են հզոր հայեր՝ Էդվարդ Աղայան, Գևորգ Ջրբաշյան, Գևորգ Ջահուկյան, Ռաֆայել Իշխանյան։ Վերջինիս հետ մտերիմ էինք, և նա իմ ՙԼույս՚ հատորներու կնքահայրն էր, առաջին անձն էր, որ տեղյակ էր իմ ձեռնարկներուն։ Եվ, անշուշտ, բանասիրականի մեջ այդ ուսման շրջանս ինձ շրջափոխեց, և ես՝ զինված հայերեն լեզվով, մեկնեցա Սփյուռք, ծառայեցի Սիրիայի, Եգիպտոսի, Լոս Անջելեսի հայկական դպրոցներուն՝ 25 տարի անդադար։ Հիմա ես կաշխատիմ Լոս Անջելեսի ՙՄեսրոպ Մաշտոց՚  քոլեջին մեջ և միջազգային լեզվաբանական ինստիտուտին մեջ, որտեղ կդասավանդվին 20 լեզու, որուց մեկը հայերենն է, որ, դժբախտաբար, ամենաքիչ աշակերտությունն ունի, քանի որ մեզ մոտ՝ Հարավային Կալիֆոռնիայի մեջ, հայկականությունը և ազգային ինքնությունը պահպանելն ահավոր անկում կապրի։ 

-Ըստ Ձեզ, ո՞րն է ազգապահպանության հիմնական խնդիրը Սփյուռքում։ 

-Հիմնական խնդիրն այն է, որ մենք չենք կրնալ զարգացող աշխարհայնացման դեմ պայքարիլ, քանի որ  կպակսի նյութականը, իսկ մեր ժողովրդին մեջ վերջին տարիներում ազգային հավաքական գիտակցությունը պակասել է։ Օրինակ, եթե Հոլիվուդ քաղաքին մեջ երկու հայկական դպրոց կար, մեկը՝ ՙԱրշակ Տիգրանյանը՚, 2015-ին փակվեցավ։ Իսկ իրեն մոտ գտնվող մյուս հայկական դպրոցը չմտածեց  օժանդակել։ Երբ ազգային հավաքական գիտակցություն չկա՝ դպրոցներ կփակվին։ Եվ՝ ոչ միայն։ 24 տարվա մեջ փակված է 21 մամուլ, թերթ, շաբաթաթերթ, սա միայն Կալիֆոռնիային մեջ։ Արցախյան խնդիրն ինչ-որ չափով մեզ կոչեց միասնության, բայց մեծ մասը բոլորովին անհոգ և անտարբեր է, և ես միջոց չեմ տեսնում երևույթը կանխելու համար։ Սփյուռքին մեջ վերջին 40 տարվա ընթացքում փակված են 206 դպրոցներ՝ տուներուն մեջ հայերեն չեն խոսում, և ես 20 տարուց ավելի է կպայքարեմ այս երևույթին դեմ։ Եվ ինձի պես մի քանի հոգի ևս կան Կալիֆոռնիային մեջ։ 

-Ձեր գրական գործունեությանը զուգահեռ Դուք զբաղվում եք նաև հասարակական գործունեությամբ...

-Վերջին 9 ամսվա ընթացքում ես 4 գիրք հրատարակեցի՝ գեղարվեստական և մատենագիտական, իսկ 18 տարվա մեջ կազմած, խմբագրած, հրատարակած եմ 38 գիրք, որոնք նվիրած եմ աշխարհի վրա գործող հայկական դպրոցներուն, համալսարաններուն, նաև՝ Հայաստան և Արցախ։ Երախտապարտ եմ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանին, որ աջակից կլինի, որպեսզի ձեռնարկներս հեշտասահ ըլլան Արցախին մեջ։ 

Մեզ մոտ՝ Սփյուռքում, ինչպես և Հայաստանում ու Արցախում, դասախոսություններիս մեջ ըսած եմ հետևյալը. մենք ինքնախաբեությամբ չպիտի զբաղվինք, չպիտի ըսենք, թե հաջորդ տարի Վանի մեջ խմիչք կխմինք, Բաքուին մեջ թեյ կխմինք և նման այլ բաներ։ Չպիտի ըսենք, պարծենանք, թե հզոր ազգ ենք։ Մենք պիտի տեսնանք՝ ինչ ունինք։ Մենք այլևս ուրիշներու հետ գործ չունինք, չպիտի համեմատվինք։ Թուրքերը երկու Նոբելյան մրցանակակիրներ ունին՝ Օրհան Փամուկը և Ամերիկային մեջ թուրք գիտնական։ Ինչո՞ւ կըսեմ այս ամենը, կուզիմ ինձի ճիշտ  հասկնաք. պիտի իմանանք, ինչո՞վ և ինչ՞ու ենք հետ մնում այլ ազգերից։ Երկու թուրք գրողներ վերջին տասնամյակում ծախած են 225 հազար կտոր գիրք, 4-5 լեզուներով թանրգմանված։ Այս բաները լուրջ մտածելու տեղիք են տալիս։ 

Հայ գիտնականները կծառային ուրիշ ազգերու, անգամ թշնամուն։ 90 տարի է թուրքերն իրենց գրականությունը կզարգացնին հայի ստեղծած լեզվաբանական արժեքներով։ Այսօր մասոնիզմը տարածում է գտնում մեր ազգին մեջ։ Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերներու  դեմ։ Իմ գործունեության մեջ պիտի շարունակեմ  արդարամիտ մոտեցումն ազգիս հանդեպ ավելի զորավոր ձևով։ Մենք պիտի պայքարենք նախ մեր ներքին թշնամիներուն դեմ, ինչպես Նժդեհն է ասել։ 

Սփյուռքից պիտի շատ մարդիկ Անթալիայի փոխարեն Արցախ, Հայաստան  գան հանգստանալու, չէ՞ որ չքնաղ բնություն կա։ Այս բաները դասախոսություններու մեջ ըսած եմ, գրած եմ, որ մեր ժողովրդի մեջ ինքնագիտակցության նոր մակարդակ ձևավորվի։ Սփյուռքի գործարարները չեն ուզեր հայրենիքում գործ բանալ. վստահության խնդիր կա։ Ճշմարտությունը բարձրաձայնելը կնշանակի ճիշտ ճանապարհ գտնել։ Երբ օդանավակայան իջա, հոգիս ընդվզեց, թե ինչու Երևանին մեջ հզոր կառույց չունինք։ Իսկ միջազգային օդանավակայանները եկամուտ կբերին։ Տեսեք, թե արաբները վերջին երկու տասնամյակում ինչքան շինարարություն ըրին։ Մենք պետք է ինքնաքննադատությամբ զբաղվինք, որ մեր սխալներն ուղղինք ու առաջ շարժվինք։ 

-Պարոն Նալբանդյան, Ձեր տպավորությունը Արցախից։ 

-Ես Արցախը շատ կսիրեմ։ Որոշել եմ ամեն տարի գալ՝ իմ անձնական զոհողություններով։ Ինձ գրավում է արցախցիների պայքարը, Արցախի դիմադրողական ոգին։ Ժողովուրդը դժվար պայմաններու մեջ զոհողությամբ ապրում ու պայքարում է, և ես կոչ կընեմ, որ Սփյուռքին մեջ ապրողների 10 տոկոսը գան Արցախ ոգեշնչվելու, թե դրամ ծախսելու, որ օժանդակեն՝ տնտեսությունը զորանա. չէ որ զբոսաշրջությունը աշխարհում մեծ գումարներ կբերե, հետևաբար, մեր երկիրը ևս մեծ օգուտ կքաղե։ 

Հայրենիքս ինձի համար գործերուս ողնաշարն է, լիցքավորմանս աղբյուրը։ 

 

Նվարդ ՍՈՂՈՍՈՆՅԱՆ