ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԳԱՎԱԹԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ
Մայիսի 30-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Ազգային ժողովի գավաթի հերթական խաղարկության եզրափակիչ փուլի բացման արարողությունը, որին ներկա էին ԱՀ Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, պատգամավորներ ու ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը։
Խաղարկությունը տևել է երկու օր: Եզրափակիչ փուլին մասնակցել է թեթև աթլետիկա մարզաձևից լավագույն արդյունքները ցուցաբերած 8 թիմ՝ Ստեփանակերտի և շրջանների դպրոցականներից։ Ավանդության համաձայն` մրցումներն անց են կացվում ուսումնական տարվա ավարտին, երեխաների պաշտպանության օրվա նախօրյակին: Ինչպես ելույթում նշեց ԿԳՍ նախարարության ԿԳ վարչության ռազմահայրենասիրական, ֆիզդաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի վարիչ Ստեփան Օհանջանյանը, նման միջոցառումները կարևոր են աշակերտների մեջ սպորտի հանդեպ սեր սերմանելու, առողջ ապրելակերպի վարժեցնելու առումով: ԱՀ իշխանություններն էլ ուշադրության կենտրոնում են պահում մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության հարցերը, ինչի ապացույցն էլ ԱԺ հովանու ներքո անցկացվող այս միջոցառումն է:
Ողջունելով մարզիկներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հաջողություն է մաղթել մրցակցային պայքարում և նշել, որ այդպիսի մրցումներում շահած հաղթանակներով է ձևավորվում այն սերունդը, որը շարունակելու է 1988թ. Արցախի ինքնիշխանության նվիրյալների ստեղծած ավանդույթները։
ՙԱզգային ժողովի գավաթի խաղարկությունը միջոցառումներից միայն մեկն է. նման նախաձեռնություններով պետությունը փորձում է մատաղ սերնդի համար հնարավորություն ստեղծել ինքնադրսևորվելու, ցուցադրելու իր հմտություններն ու կարողությունները, ինքնահաստատվելու: Ուզում եմ, որ դուք միշտ հիշեք ու գիտակցեք, որ կոչված եք հերթափոխը լինելու այն սերնդի, որն ազատագրել է Շուշին, և այն քաջազունների, ովքեր անցած տարի ապրիլին հերոսաբար պաշտպանել են մեր երկրի սահմանները՚,- նշել է ԱԺ նախագահը։ Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել, որ այս խաղարկությունը կազմակերպվում է երկրի համար կարևոր իրադարձությունների հոբելյանական՝ ՊԲ ստեղծման, Շուշիի ազատագրման և 25-ամյակի տարում:
Ամփոփելով նախնական արդյունքները, Ս. Օհանջանյանը նշեց, որ Մարտունու շրջանի հավաքական թիմը գրավել է առաջին, Հադրութի հավաքական թիմը՝ երկրորդ, Ասկերանի հավաքականը՝ երրորդ մրցանակային տեղերը: Անհատական հաշվարկով մրցանակային տեղեր գրաված աշակերտներն են Լուսինե Գասպարյանը, Նորա Մելքումյանը՝ Մարտունու շրջանի Սոս գյուղից ՝ առաջին և երկրորդ տեղեր, Վիոլետա Շահրամանյանը՝ Ասկերանից: Մրցանակային տեղեր շահած թիմերը կպարգևատրվեն ԿԳՍ նախարարության կողմից հուշանվերներով և դրամական պարգևով, ԱԺ-ի կողմից՝ դիպլոմներով և պատվոգրերով, իսկ ԱԺ փոխանցիկ գավաթը կհանձնվի առաջին մրցանակային տեղ զբաղեցրած Մարտունու թիմին:
Սրբուհի ՎԱՆՅԱՆ