[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՑԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎԸ ԹԻՄ Է

Գաղտնիք չէ, որ աշխարհում ամենահարգված ու միաժամանակ ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն էլ  ուսուցչի մասնագիտությունն է: Չէ՞ որ հենց ուսուցիչների վրա է դրված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության և երկրի ապագայի ձևավորման պատասխանատվությունը:

 Ասկերանի շրջանի Խնածախի Արմեն Ավագյանի անվան միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, երկարամյա և փորձառու տնօրեն Գյուլչորա Արզումանյանի համոզմամբ` անկախ նրանից, թե մարդը որ բնագավառում է ծավալում իր գործունեությունը, իրեն վստահված գործը պետք է կատարի պատասխանատվության բարձր զգացումով ու անմնացորդ նվիրումով: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: 

  Գյուլչորա  Արզումանյանն աշխատանքային գործունեությունն սկսել է հայրենի Խնածախի դպրոցում, որոշ ժամանակ շարունակել կոմերիտմիության մարմիններում, նորից վերադարձել մանկավարժության բնագավառ: 1982թ. պարգևատրվել է ՀամԼԿԵՄ Կենտկոմի ՙԼավագույն կոմերիտական ուսուցիչ՚ մեդալով, 2006թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ ՙՈսկե հուշամեդալ՚-ով,  2010թ. ՀՀ պաշտպանության նախարարության ՙԳարեգին Նժդեհ՚ մեդալով,  2013թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙԵրախտագիտություն՚ մեդալով։ Մեր հարցազրույցը Գյուլչորա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:

-Ընկեր Արզումանյան, պատմեք, խնդրեմ, դպրոցի պատմության և նրա առանձնահատկությունների մասին:                                                

 - Առաջին դպրոցական շենքը գյուղում կառուցվել է 1934 թվականին։ Մինչ այդ երեխաների կրթության և դաստիարակության գործը կազմակերպվում էր մասնավոր տներում։ 1936-1937 ուս. տարում դպրոցը դարձավ յոթնամյա, 1959-1960 ուստարվանից՝ ութամյա։ 1990-1991-ից դպրոցը միջնակարգ է։ 1994 թվականից այն կրում է գյուղի ինքնապաշտպանության ջոկատի առաջին հրամանատար, զոհված ազատամարտիկ Արմեն Եղիշեի Ավագյանի անունը։                                                                                                               

Խնածախի միջնակարգ դպրոցում են աշխատել հանրապետության ճանաչված,  փորձառու շատ մանկավարժներ, նրա ղեկի մոտ շուրջ կես դար կանգնած է եղել վաստակաշատ մանկավարժ Եղիշե  Ավագյանը, 55 տարուց ավելի հայոց լեզու և գրականություն է դասավանդել 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ Էմմա Վերդիյանը։ Դպրոցի շրջանավարտները գիտաշխատողներ են, գրողներ, ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ, լրագրողներ, հասարակության կողմից հարգված մարդիկ:                                                                                                                                               

Մեր մանկավարժական կոլեկտիվը, համոզված, որ դպրոցը յուրահատուկ մանկավարժական լաբորատորիա է,  ինքնուրույն որոնել, գտել է նոր պայմաններում աշխատելու այնպիսի ձևեր ու մեթոդներ, որոնք ընդլայնում են կրթօջախի հնարավորությունները, բարձրացնում գյուղական դպրոցի հեղինակությունը հասարակության աչքում: 1960-70-ական թթ. մեր  ութամյա դպրոցը հոգեվարքի մեջ էր։ Երբեմնի 150-160 աշակերտներից մնացել էր ընդամենը 30¬ը։ Գյուղական դպրոցի համար երկնային պարգև չէր քաղաքի հարևանությամբ լինելը։ Քաղաքի խոշոր միջնակարգերը և առանձնապես ռուսական դպրոցներն էին ընտրում մեր գյուղի երեխաները: Ժամանակն այդպիսին էր…                                                                                                                      88-ի ազգային զարթոնքը զարթոնք էր նաև մեր դպրոցի համար։ 1990-91 ուսումնական տարում, ինչպես նշեցի, դպրոցը դարձավ միջնակարգ։ Նրա  տնօրեն  Եղիշե Ավագյանի և գյուղապետ Մհեր Նիկողոսյանի մեծ ջանքերով այն  նորից իր հարկի տակ ընդունեց Ստեփանակերտում սովորող  խնածախցի երեխաներին։ Նոր միջնակարգ, նոր դժվարություններ…                                                                                    

Մանկավարժական կոլեկտիվի պատիվն ու հեղինակությունը քննություն բռնեցին ժամանակի մեջ:

 Դպրոցը տուժեց պատերազմական գործողություններից, օմօնը զենք որոնելու պատրվակով մտավ դպրոց և թալանեց առանց այն էլ թույլ տեխնիկական հագեցվածություն ունեցող  միջնակարգը։ Վառարաններում այրեց մեծ թվով դասագրքեր, ջարդեց, փշրեց ամեն ինչ…                                                                                     

Մանկավարժական կոլեկտիվը ռազմի դաշտ ճամփեց իր տղամարդ ուսուցիչներին։ Քիմիայի, կենսաբանության երիտասարդ, շնորհաշատ ուսուցիչ Աշոտ Բարսեղյանը զոհվեց, դպրոցի տնօրեն  Ե. Ավագյանը, չդիմանալով միակ որդուն կորցնելու ցավին, մահացավ: Կոլեկտիվի գրեթե բոլոր անդամներն անդառնալի կորուստներ ունեցան, բայց դպրոցի համար պահի գերկարևոր խնդիրը` պահել գյուղական նորաստեղծ միջնակարգը, լուծում էր պահանջում։ Եվ կոլեկտիվն արագ կողմնորոշվեց՝ մոտ կանգնել գյուղական վաշտին, նրա աջակցությունը ստանալ ու նպաստել մարտիկների մարտական ոգու բարձրացմանը, թեկուզ փոքրիկ գործերով ոգեշնչել նրանց, օգնել տան տղամարդը պատերազմ ճամփած ընտանիքներին…                                                                            

  Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը թիմ է։ Յուրաքանչյուր ուսուցիչ գիտակցում է, որ իր ոչ համագործակցված կամ վատ աշխատանքը բացասաբար կանդրադառնա ընդհանուր գործընթացի վրա։ Դպրոցի տնօրինությունը մեծ հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքին, ժամանակին աջակցում հարցերի, հիմնախնդիրների լուծմանը։ Կատարած լավ աշխատանքի համար ամեն ոք խրախուսվում է։   

  - Այս ուսումնականում ձեր կրթօջախը, ինչպես նաև շրջանի մի շարք դպրոցներ,  չունեցավ շրջանավարտներ…                                                                                                                                         

  -Ցավալի է, այդ տարիքի երեխաների ծնունդ չի գրանցվել գյուղում։

  -Ուսումնական տարին  ավարտվել է, ինչպե՞ս եք այն գնահատում։              

 -Այն առանձնացավ թե՜ ուսումնական, թե՜ արտադասարանական աշխատանքների անցկացման նոր ձևերի ու մեթոդների կիրառման պայմաններում։ Հնարավորություն ունեցանք, մոբիլիզացնելով բոլոր ուժերը, արձանագրել նոր հաջողություններ։ Կոլեկտիվն աշխատեց լարված, արդյունավետ։ Բայց առջևում դեռ քննություններն են …                                

  - Մի փոքր խոսենք դպրոցի նյութատեխնիկական բազայից: 

  - Ամեն ինչ միանգամից չունեցանք, բայց և ամեն ինչ չէ, որ ունենք… Մեր սեփական ուժերով կառուցեցինք բաց մարզահրապարակներ՝ վոլեյբոլի, մինի ֆուտբոլի, բասկետբոլի, ինչպես նաև արգելքների հաղթահարման ռազմական արահետ։ Բարերարների կողմից նվեր ենք ստացել մարզական գույք, իսկ դպրոցի շրջանավարտ Դավիթ Մարտիրոսյանից՝ համակարգչային կաբինետ։ Բարերար Արման Գլեջյանը, ով  մեր հերոս հրամանատարի՝ Արմեն Ավագյանի քրոջ որդին է, օգնում է դպրոցին ծրագրային գրականության և դասագրքերի պակասի լրացման հարցում։ Մեզ օգնում և ամեն հարցում աջակցում են Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարությունն ու նրա ենթակայության տակ գտնվող բաժինները։  Ունենք պատշաճ մակարդակով կահավորված ՆԶՊ կաբինետ, յուրօրինակ ձևավորված գրականության կաբինետ, գեղեցիկ և բովանդակալից կահավորված միջանցքներ։ Ինչպես ասում են՝ երթը շարունակվում է… Մենք լավատես ենք, ամեն ինչ կունենանք…

  -Ի՞նչ հիմնախնդիրներ ունի դպրոցը և, ըստ  Ձեզ, որո՞նք են դրանց լուծման ուղիները։                    

  -Բոլոր դպրոցներն էլ հիմնախնդիրներ ունեն, նայած ինչ բարդության։ Կարևորն այն է, որ  կոլեկտիվը պատրաստ լինի լուծման ուղիներ որոնելուն և գտնելուն։ Ես հավատում եմ մեր կոլեկտիվին, նա անլուծելի խնդիր չի թողնի։

  -Ուսումնական տարում ինչպիսի՞ միջոցառումներ են կազմակերպվել դպրոցում և ինչպիսի՞ հաջողություններ են գրանցվել։                                                                                                                         

  -Դպրոցի լավագույն ավանդույթների պահպանման  գործում մեծ է դպրոցի փոխտնօրեն Ալինա Բաղդասարյանի դերը։ Ուսումնական տարվա ընթացքում բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել։ Ամենից ուշագրավը ՙԵրկիր՝ քարե տուն՚ ռազմահայրենասիրական ակումբի գործունեությունն է, նրա տարբեր բաժինների աշխատանքը՝ որոնողական, մշակութային, համագործակցության բաժիններով, որը ղեկավարում է դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Արեգնազ Նիկողոսյանը։ Հետաքրքիր է  գյուղի օրվան նվիրված տոնական միջոցառումների շարքը, որտեղ փայլուն կերպով ընդգծվել է բոլոր դասղեկների, ուսուցիչների համագործակցված, խելացի աշխատանքը։ Հաջորդը սովորողների այցն էր գյուղապետարան,  հանդիպումը համայնքի ավագանու անդամների հետ,  դպրոցականների կողմից տրված թատերական ներկայացումը՝ ՙԿաթիդ փարան չմոռանաս, մամա՚ վերտառությամբ։ Կազմակերպվել են նաև ճանաչողական էքսկուրսիաներ Արցախի տեսարժան և պատմական վայրեր։ Կան գեղեցիկ համագործակցված աշխատանքի նաև այլ ձևեր։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայում, շարադրությունների և այլ մրցույթներում նույնպես ունեցանք հաջողություններ։ 

  -Ինչպիսի՞ն է կապը գյուղապետարանի հետ։                                                                                                      

  - Գյուղական դպրոցը  համայնքում դաստիարակություն իրականացնող և համակարգող հիմնական օղակն է։ Անհնար է նրա գոյատևումն առանց գյուղական ակտիվի։ Գյուղապետ Մհեր Նիկողոսյանը բոլոր հարցերում աջակցում է դպրոցին, օգնում լուծելու բազմաթիվ խնդիրներ։ Ընդհանրապես առանց դպրոց-համայնք-գյուղապետարան լավագույն համագործակցության որևէ առաջընթաց չեմ պատկերացնում։                                                                                                               

 ¬ Ըստ Ձեզ` ուսուցչի անխոնջ աշխատանքը լիարժեք գնահատվո՞ւմ է: 

 - Գնահատվում է։   Լինենք համբերատար և լավատես, ամեն ինչ լավ կլինի…

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան