[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐՈՂԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Երևանի պետական համալսարանի ուսանողների համար ավանդույթ է դարձել ամեն տարի հյուրընկալել Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանին։ Գրող, որի ստեղծագործությունն այնքան ջերմորեն է ընդունում ուսանողությունը։ Վ. Հակոբյանն այս անգամ ևս դատարկաձեռն չէր, նա համալսարանականներին ներկայացավ իր երկերի վեցերորդ հատորով և ՙՆշանագրություն լուսնի վրա՚ գրքով։ 

 Օրերս ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բանաստեղծի կյանքին և գործունեությանը, նրա անցած ճանապարհին, ստեղծած հարուստ և բազմաժանր գրականությանը։ Ուշադրությունից չվրիպեցին Վարդան Հակոբյանի փիլիսոփայական, սիրային ու հայրենասիրական թեմաներով  ստեղծագործությունները, որոնց մեջ առանձնակի տեղ ունեն արցախյան բարբառով գրված գործերը։ Ցերեկույթը բացվեց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհիներ Սիլվի Տիգրանյանի, Վարսինե Հայրապետյանի, Արևիկ Գրիգորյանի, Իվետա Էվինյանի և Նորա Հայրապետյանի գեղեցիկ ասմունքով։ Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց. ՙԱյսօր Հայաստանում հզոր գրականություն է ստեղծվում, իսկ կյանքը հաղթահարելու ամենաբարձր ձևը գեղարվեստն է։ Շնորհավորում եմ բոլորիս՝ Վարդան Հակոբյանի պոեզիայի գոյության համար։ Վարդան Հակոբյանը մեր առաջնակարգ պոետներից է։ Մշակույթն ու գիտությունը գործիք են փոքր պետությունների գոյատևման համար՚։ Շատ հուզիչ և տպավորիչ էր Զորի Բալայանի ելույթը. ՙՎարդանը Արցախյան համազգային շարժման ամենակարկառուն դեմքերից է։ Նա միշտ ազատագրական պայքարի հորձանուտում է՝ թե գրչով, թե որպես անվեհեր մարտիկ։ Վարդանն իր ընկերների հետ՝ Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան, գրել է 1988-ի պատմական նամակը՝ Արցախը մայր Հայաստանին միացնելու պահանջով։ Նախաձեռնող խմբի կողմից նրան էր վստահված 1988-ի ԼՂ մարզխորհրդի պատմական նստաշրջանի անցկացումը, որը և կատարվեց պատվով։ Վարդանը լեգենդար ՙԿռունկ՚-ի փոխնախագահն էր։ Ու պատահական չէ, որ հենց ինքը՝ Վարդան Հակոբյանը, դարձավ ազատագրված, անկախ Արցախի պետական հիմնի հեղինակը՚։ Իսկ ահա արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը,ով ժամանակին որպես հեռուստալրագրող հաճախ էր լինում Արցախում, հարցազրույցներ ունենում Արցախյան ազատագրական շարժման ակունքում կանգնած գործիչների, այդ թվում եւ Վարդան Հակոբյանի հետ, իր խոսքի մեջ շեշտը դրեց բանաստեղծի ու նրա պոեզիայի մարտական ոգու վրա։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակից Վ. Գրիգորյանն իրեն երջանիկ է համարում, որ ծնվել և ապրում է մի ժամանակաշրջանում, որտեղ Վարդան Հակոբյանի նման առյուծասիրտ և տաղանդավոր գրողներ են ապրում ու ստեղծագործում։ Գրականագետ Սուրեն Աբրահամյանն իր ելույթում կանգ առավ բանաստեղծի պոեզիայի գեղարվեստական մի շարք առանձնահատկությունների վրա՝ դիտարկման նյութ դարձնելով նրա նորարարական մտածողությունն ու գեղագիտական աշխարհայացքը, վերլուծեց բանաստեղծի ՙԲանաստեղծություններ՝ չորս գրչանցումով՚ պոեմը։ ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը խոսեց բանաստեղծի առաջին ստեղծագործություններից մինչև նրա վերջերս լույս տեսած ժողովածուի միջև ընկած ժամանակում գրողի մտածողության վերընթաց զարգացման ու գեղարվեստական նշանակալի ձեռքբերումների մասին, ընդգծեց, որ փիլիսոփայական խոհը նրա մտքին տալիս է աննախադեպ խորություն՝ տրամաբանորեն այն տանելով դեպի անակնկալ ավարտ, որը և ստեղծագործությունը դարձնում է առավել հետաքրքիր ու խորիմաստ։ ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախագահ Կարինե Դավթյանը ողջունելի է համարում այն հանգամանքը, որ այսօրվա սերունդը սիրում և գնահատում է մեր մշակույթի մեծերին, այդ թվում՝ Վարդան Հակոբյանին։ 

Ներկաները ջերմորեն ընդունեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ռեժիսոր Արսեն Ղազարյանի ելույթը։ Նա խոսեց Վարդան Հակոբյանի ստեղծագործության պատկերավորության ու խոսքի անմիջականության մասին, հատկանիշներ, որոնք, անշուշտ, իրենց հետ արցախյան եզերքային բնավորություն են բերում, մեր գրականությունը հարստացնելով նոր գույներով։ Սրտառուչ էր նաև համալսարանի ուսանող, Վարդան Հակոբյանի թոռ Հարութ Հակոբյանի ելույթը։ Ուսանողները, ովքեր ձեռքից ձեռք էին խլում բանաստեղծի գործերը, այդ օրը հնարավորություն ունեցան հեղինակից ընծայագրված գրքեր ստանալ։ Վերջում Վարդան Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իր գրական վաստակը բարձր գնահատելու և ջերմ խոսքերի համար. ՙԵս այսօր տեսա ձեր հարգանքն իմ բառի հանդեպ,  և իմ պարտքն եմ համարում ձգտել ու ավելի արժանի լինել ձեր դրվատանքի խոսքերին՚։ Շնորհակալություն, սիրելի բանաստեղծ, մեր համալսարանական օրը Ձեր հանդիպումով առավել գեղեցիկ և հագեցած դարձնելու համար։ 

 

Սոնա ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ք. Երևան