[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԸ

Ճարտարապետ, ասմունքող և բանաստեղծ Հակոբ Գույումճյանի համար Արցախը պատմության խորքերից բարձրացող աստղ է, որի լուսավոր ներկան և խոստումնալից ապագան միավորում են համայն աշխարհի հայությանը՝ նրան հաղորդակցելով  պապենական արմատներին, արիական ոգու ելքերին:

ՙՆա ասմունքելով՝ ճարտարապետում է՚,- այսպես է բնութագրել Հակոբ Գույումճյանի ազդեցիկ արվեստը ռեժիսոր, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը: Իսկ կիպրոսահայ լրագրող Երան Գույումճյանը գրում է. ՙՀայ բանաստեղծութեան շունչով յագեցած Երեկոյ մը՝ արդարև, ուր շնորհալի ասմունքողը՝ Յակոբ Գույումճեան, կրցաւ կատարողական բարձր ճաշակով, կիրթ ու զուսպ շարժուձեւով, խօսուն արտայայտչականութեամբ փոխանցել հայ քերթողութեան համակ գեղեցկութիւնը, հմայքը, վեհութիւնը, անոր խորին խորհուրդը՚:  Հակոբ Գույումճյանի արվեստը եփվում և կատարելության է հասնում հայաշունչ ոգու բավիղներում: Դոկտոր Մինաս Գոճայեանի հավաստմամբ՝ ՙՅակոբ Գույումճեանին շնորհված են բնատուր արտաքին բեմական առավելութիւններ՝ հասակ, ձայն, պատկառելի կերպարանք, սակայն այս յատկանիշները կուգան պարզապէս աւելանալու իր արուեստագէտի յատկանիշներուն վրայ՚: Հ. Գույումճյանը օժտված է նաև բանաստեղծելու շնորհով, որով նա կարողանում է ներթափանցել իրերի հոսքի մեջ և ստեղծագործության մեջ բացահայտել հոգեբանական խորքեր, տեսնել անտեսանելին և համակարգել գունային երանգները ոգու կտավին: Դոկտոր Արմինե Ղազարյանի կարծիքով՝ ՙՄեծ վարպետը իր հնչեղ ու հոգեթով ձայնով, պարզ ու մաքուր առոգանությամբ, հրաշալի ու ազդեցիկ բեմական կեցվածքով հնչած ամեն գործի խոր ըմբռնմամբ, անկեղծ վերապրումով ու վերարտադրմամբ հմայեց ու տիրեց բոլորին: Թերևս իմ կյանքում ամենահրաշք երևույթներից մեկին, ուր ասմունքողը երկար ժամերը պարզապես տարրալուծեց իր հզոր էներգիայի հորձանուտում և հեղեղեց  դրանով ողջ դահլիճն ու ունկնդիրներից յուրաքանչյուրին...՚:  

Անշուշտ, Հ. Գույումճյանի ելույթները անմոռանալի հետք են թողնում ունկնդիրների հոգում և  նրանց մղում ապրելու ինքնաբացահայտման երանելի պահեր: Հայ պոեզիայի մոգական ո՜ւժն է դա, որ երանգ առ երանգ ավշավորում է ունկնդիրների զգացողության դալար ճյուղերը՝ Բարձրյալին պարզելով հրճվալից ոգու գեղեցկությունը: Վիպասան Ստեփան Ալաջաջյանը գրում է. ՙԻնքս էլ չէի սպասում այդպիսի ուրախութիւն. քանի որ ունկնդրել էի Սուրէն Քոչարեանի, Հայկանոյշ Քալանթարի, Թամարա Դեմուրեանի, Ժան Էլոյեանի, միւսների ասմունքները և մտածում թէ, արդեօք պիտի կարողանայ յաղթահարել այն դժուարութիւնները, որ կան մեր սերնդի տաղանդաւոր բանաստեղծներին ներկայացնելու գործում:  Բայց ահա Յակոբ Գույումճեանը... կարողացաւ քնքշօրեն, սահուն, վառ առոգանութեամբ ներկայացնել հայրենի բանաստեղծների երկերը, ունկնդիրների մօտ խորացնելով սէրը մեր քերթողութեան հանդէպ եւ խորացնելով նաեւ հայրենիքի կարօտը: Կատարողական արուեստն ու ձայնը շատ տպաւորիչ էին...՚: Այն տպավորությունն է ստանում ունկնդիրը, որ կարծես վերափոխվում է ոչ միայն իր զգացողությունը, այլև հոգեաշխարհը: Եվ իր ունկնդրածը ոչ թե սովորական ասմունք է, այլ ՙբանաստեղծության տոնահանդես՚: Մի այլ ունկնդիր էլ հրաշք է համարում այս պահերը, քանի որ հաղորդակցվում է մեր բանաստեղծության ակունքներին, ըմբոշխնում մեր մայրենիի անզուգական հմայքն ու գեղեցկությունը: Դոկտոր Գևորգ Խրլոբյանը վկայում է, որ ՙկատարման տպավորչականութիւնը բխում էր երկի ներքին տրամաբանութիւնից, որի ճիշդ մեկնաբանումի ու վերլուծումի վրայ էր նա դրել շեշտը: Յակոբը գնում էր տրամաբանութիւնից, իմացական արժէքից դէպի զգացմունքայնութիւն և ոչ հակառակը: Կատարումը ծալք առ ծալք բացահայտում էր երկի գեղագիտական հարստութւնը՝ յաճախ ունկնդրին դնելով նոր յայտնագործումների դէմ յանդիման՚:

Իրավ, երաշխիքի և գնահատանքի է արժանի այս տաղանդավոր արվեստագետը: Նրա ձայնն ու ոգին հայ ունկնդրի մեջ արթնացնում են սիրո պոռթկումներ դեպի հայրենիքն ու մայրենի լեզուն, բռնկուն կարոտներ ջրվեժում դեպի աստղային բարձունքներ և, ամենակարևորը, միավորում  արվեստասեր հայության բաժան-բաժան հատվածները մեկ հունի մեջ, որ կոչվում է Ազգային երազանք: Դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը խոստովանում է. ՙԻհարկե, եթե չլիներ Եղեռն, ցավ ու վիշտ, բոլորս էլ գոհ կլինեինք, բայց, ինչ արած, որ նույնիսկ արվեստագետի խոսքի վարպետությունը ըմբոշխնելիս պարտավոր ես լինում ոչ միայն գնահատել նրա՝ այս դեպքում Հակոբ Գույումճյանի, բնական օժտվածությունը, հրաշալի ձայնը, մեծ ընկալումը, խոսքի խորքի գիտակցումը և այդ ամբողջի վարպետ, ես կասեի՝ արհեստավարժ կատարումների մեջ մարմնավորելը, այլև այն վերաբերմունքը, որ նա տածում է ցեղի մեծ վշտի ու հայ մտավորականի մեծ պարտքի նկատմամբ՚: 

Հակոբ Գույումճյանը վարպետ ասմունքող է, հոգու ճարտարապետ: Նրա հոգեաշխարհում կարոտի ու հույսի հանգրվան է Արցախը՝ իր Շուշի պատմական քաղաքով, ուր նա հաճախակի է լինում, առնչվում արվեստի մեծ գործիչներ տված բերդաքաղաքի ստեղծագործ ոգուն, կիսում շուշեցիների խոհերն ու մտորումները և խոստովանում. ՙԱմեն հայ, որտեղ էլ ծնված լինի, արցախցի՜ է, այսինքն՝ պահանջատե՜ր ու հաղթանակ կռող ազատամարտիկ՚: 

Հակոբ Գույումճյանը թեև ապրում է Լիբանանում, հոգով ու էությամբ կապված է Հայաստանին: Հայրենանվեր արվեստագետը շարունակում է իր արվեստով հմայել բազում ունկնդիրների, նրանց փոխանցելով սեփական ոգու կենարար լույսն ու կարոտի անսպառ ավյունը: 

 

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ