[ARM]     [RUS]     [ENG]

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱրՊՀ¬ՈՒՄ

Արցախի պետական համալսարանի  գեղեցիկ ավանդույթ  դարձած միջոցառումներից է շրջանավարտներին  հանդիսավոր պայմաններում դիպլոմների  հանձնումը: Հունիսի 14-ը  բուհի համար հիշարժան էր այս արարողությամբ:

  ԱրՊՀ-ն 2016-17 ուսումնական տարում թողարկեց 598 շրջանավարտ, որից 80-ը` մագիստրոսի կոչումով:

Մինչ արարողությունն սկսվելը  ուսանողների հետ տարվող աշխատանքի գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը նրանց  հետ անցկացրեց քննարկում բուհական կյանքի շուրջ. ինչ խնդիրներ կան, ինչպես են տեսնում ԱրՊՀ-ն տարիներ հետո:  Շրջանավարտներն արել են իրենց առաջարկությունները, որոնք կուսումնասիրվեն  բուհի ղեկավարության կողմից: 

Շրջանավարտների կյանքում  ուրախալի այդ իրադարձությանը մասնակցելու էր եկել  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: ԱրՊՀ ռեկտորի և  պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ նախարարը  նախ մասնակցեց զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարին ծաղիկների տեղադրմանը:

Այնուհետև ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ  գլխավոր միջոցառումը, որը սկսվեց բուհի օրհներգի հնչեցմամբ: 

Սլավա Ասրյանը շնորհավորեց շրջանավարտներին` իրենց կյանքի մի կարևոր հանգրվանին հասնելու կապակցությամբ: Ուրախալի է, անշուշտ, որ  մեր հասարակության շարքերը համալրվում են  բակալավրի և մագիստրոսի կոչում ունեցող  մարդկանցով, որոնք կոչված են իրենց գործունեությամբ նորություն ու թարմություն բերելու  երկրում, ընդգծեց նախարարը: Անշուշտ,  պետության մտահոգությունը հասարակության յուրաքանչյուր անդամի իր ուժերին համապատասխան աշխատանքով ապահովելն է: Նախարարն  իր ուրախությունը հայտնեց  այն բանի համար, որ մագիստրոսների մեծ մասն արդեն աշխատում է: Նրա խոսքով` այսօր դժվար է բոլոր  ավարտածներին աշխատանքով ապահովել, բայց նաև քիչ չեն հնարավորությունները  նրանց համար, ովքեր ձգտում են աշխատել ոչ թե ելնելով այն բանից, որ աշխատավայրը լինի տնից մոտիկ, որպեսզի անգամ հարկ չլինի տրանսպորտ նստել, այլ նրանից, որ մեր հանրապետության շրջանները կարիք ունեն աշխատուժի: Այդ առումով Ս. Ասրյանը մանկավարժական մասնագիտություններ ստացած շրջանավարտներին տեղեկացրեց, որ մեր երկրում նրանց համար միշտ թափուր տեղեր կան` հիշեցնելով պետության կողմից տրվող արտոնությունն այն մանկավարժներին, ովքեր աշխատանքի կընդունվեն հիմնական բնակավայրից 30 և ավելի կմ հեռավորության վրա: Նմանները կստանան  աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար:  Նախարարը հորդորեց օգտվել այդ արտոնությունից` նշելով, որ շրջանավարտները դրանով մեծ ներդրում կատարած կլինեն տվյալ գյուղի աշակերտների համար: 

Նրա խոսքով` ցավոք, որոշ մասնագիտությունների գծով  երկրում առկա է մասնագետների ավելցուկ, և նմաններին չեն կարողանում աշխատանքով ապահովել: ՙԴա  ժամանակին ձեր ոչ ճիշտ ընտրության արդյունք է՚,-ասաց նախարարը` միևնույն ժամանակ հավելելով, որ ամեն ինչ դեռ կորած չէ. կրթությունը չի վերջանում միայն բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրի ավարտմամբ, այն շարունակական է, և նրանք կարող են վերապատրաստվել, 2-րդ մասնագիտություն ստանալ։ Իսկ  ծայրահեղ դեպքում ոչինչ չի խանգարում նաև ոչ մասնագիտական աշխատանք գտնել: Կարևորն այն է, որ  լուծված լինի ազգաբնակչության զբաղվածության հարցը, նշեց նախարարը:

Ս. Ասրյանը կարևորեց շրջանավարտների նաև մեկ այլ`  ընտանիք կազմելու խնդիրը: Ըստ նրա` այդ հարցը չպետք է հետին պլան մղել` սպասելով աշխատանքի կամ բնակարանային խնդիրների լուծման: Դրանք նույնպես առաջնահերթ հարցեր են` իրենց և պետության համար կարևոր: 

Իր ելույթի վերջում Ս. Ասրյանը հորդորեց շրջանավարտներին՝ միշտ  կապ պահել համալսարանի հետ: Յուրաքանչյուր կրթօջախ` սկսած մանկապարտեզից,   մարդու համար  դառնում է  հարազատ, և չպետք է մոռանալ այն:

 Այնուհետև Ս. Ասրյանը դիպլոմներ հանձնեց մագիստրոսի կրթական աստիճանը գերազանցությամբ ավարտած 7 շրջանավարտների:  

 Ելույթ ունեցան նաև ԱրՊՀ բոլոր հինգ ֆակուլտետների դեկանները` յուրաքանչյուրն իր բարեմաղթանքն ու պատգամը հղելով նրանց և դիպլոմներ հանձնելով տվյալ ֆակուլտետի մագիստրոսներին:  

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան,  պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Առստամյանը շրջանավարտներին դիմեց Նժդեհի խոսքերով. ՙՄի ժողովուրդ, որը իրենից դուրս է փնտրում իրեն պետք եղած ուժը, ինքն իրեն դատապարտում է անկման և պարտության՚: Նա շրջանավարտներին կոչ  արեց լինել  երկրի ներուժը, ուժեղացնել և  շենացնել  մեր հայրենիքը: 

Նրա բարեմաղթանքները  ֆակուլտետի շրջանավարտներին ըստ մասնագիտության էր. ապագա իրավաբանին մաղթեց հոգու մեջ պահել բարոյականության օրենքը, իսկ արդարադատությունը վեր դասել ամեն ինչից: Պատմաբանին մաղթեց պատմությունը ներկայացնել ճշգրիտ, պատմական անաչառության սկզբունքից ելնելով, և հայրենասիրություն ներարկել սերունդների մեջ: Քաղաքագետին` իր գործունեության ընթացքում Արցախի ազատությունն ու անկախությունը դիտարկել որպես անհերքելի և անձեռնմխելի իրողություն ու բարձր պահել Արցախի վարկանիշը։ Իսկ արվեստագետին` լինել անկեղծ իր ստեղծագործություններում: 

Դիպլոմների հանձնման արարողությունը եզրափակեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Նրա ձեռքից իրենց ավարտական փաստթուղթը ստացան բակալավրիատը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները:   

Շնորհավորելով բոլորին և շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական կազմին` շրջանավարտներին կայուն  գիտելիքներ փոխանցելու համար, ծնողներին` իրենց զավակների կյանքի այդ կարևոր շրջափուլն ավարտելու կապակցությամբ, Մ. Մինասյանը մաղթեց շրջանավարտներին բուհում ստացած տեսական գիտելիքները հաջողությամբ կիրառել կյանքում, իսկ մագիստրոսներին  հորդորեց վերադառնալ համալսարան, լրացնել դասախոսների շարքերը` ասելով, որ բուհը նոր, թարմ ուժի կարիք  ունի:

 Իսկ բոլորին մաղթեց ամենակարևորը` լինել մարդ` լավագույն արժանիքներով, հայրենասեր քաղաքացի: 

Շրջանավարտներին դիպլոմների հանձնումը շարունակվեց համալսարանի բակում` հուշաքարի մոտ, և դեկանատներում: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ