Logo
Print this page

ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑԱՇԱՐ ՆՈՐՇԵՆՈՒՄ

Հունիսի 17-ին Մարտունու շրջանի Նորշեն համայնքում անցկացվեց Արցախի համար նախադեպը չունեցող մարզական միջոցառում՝ մենապայքարային մարզաձևերի պրոֆեսիոնալ մրցաշար։

Այն կազմակերպվել է ԼՂՀ ուշու կունգ ֆու-ի ֆեդերացիայի կողմից՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետ Կոմիտաս Կարապետյանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։ 

Միջոցառմանն իրենց մասնակցություն են բերել ՀՀ և ԱՀ ավելի քան 20 պրոֆեսիոնալ, այդ թվում և տիտղոսակիր մարզիկներ։ Ինչպես նշեց Ուշու կունգ ֆու ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը` ՀՀ-ից ժամանած պատվիրակությունը կազմված էր շուրջ 40 հոգուց (10 մարզիկներ, որոնք կմասնակցեն մենամարտերին, ինչպես նաև մրցավարներ, հյուրեր)։ Մրցաշարում ընդգրկված էին 6 մարզաձևեր. մարտական սամբո, կիոկուշին կարատե, ավանդական կարատե, արմֆայթինգ, MMA, ավանդական ուշու։ Դավիթ Գրիգորյանը նման միջոցառումների անցկացումը անհրաժեշտ է համարում սպորտի մասսայականացման, երիտասարդների հոգևոր և ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից։ Նման միջոցառումները նաև միջթիմային կապերն ու համագործակցությունը սերտացնելու լավ հնարավորություն են։ Իսկ թե ինչու է որոշում կայացվել մրցաշարն անցկացնել հենց Նորշենում, այս մասին նա ասաց, որ արդեն մի քանի տարի է, ինչ այստեղ գործում են սպորտային խմբակներ, բացի այդ, ժամանակն է, որ այս կարգի միջոցառումները մայրաքաղաքից տեղափոխվեն նաև շրջաններ ու համայնքներ` այնտեղ ևս կյանքն աշխուժացնելու, շրջանների երիտասարդներին նման միջոցառումներին մասնակցելու հնարավորություն տալու համար։ 

Մրցաշարից մեկ օր առաջ ՀՀ մարզիկներն արդեն Արցախում էին. երեկոյան կազմակերպիչները անցկացրին մամուլի ասուլիս-խորհրդակցություն, որտեղ լրագրողներին ու մարզիկներին ծանոթացրին միջոցառման ծրագրին։ Վերջիններս տեղեկացան, թե որտեղ, ինչ պայմաններում, ինչ հնարավորություններ են ստեղծված մարզումները, հանգիստը և մրցաշարը կազմակերպելու համար, ինչ պայմաններով են ընթանալու մենամարտերը և այլն։

Առավոտյան, մինչև մրցաշարի սկիզբը, մարզիկները (ըստ ցանկության, քանի որ նրանց մի մասը մնաց Ստեփանակերտում՝ մրցաշարից առաջ մարզվելու նպատակով) շրջայց կատարեցին դեպի Գանձասար, Նիկոլ Դումանի տուն-թանգարան և Տիգրանակերտ։ Առաջնության բացման արարողությունը տեղի ունեցավ երեկոյան ժամը 18-ին։  Այն տևեց միչև ուշ երեկո և ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: 

Մրցաշարի հաղթողներ դարձան Արմեն Հայրապետյանը՝ արմֆայթինգ մարզաձևում, Արտյոմ Մխիթարյանը և Էմիլ Ղազարյանը՝ կիոկուշին, իսկ Արտյոմ Վանեսյանը՝ ավանդական կարատե մարզաձևերում: Թաթուլ Ավագյանը հաղթող է ճանաչվել խառը մենամարտեր, Էռնեստ Հայրապետյանն ու Մավրիկ Նասիբյանը՝ մարտական սամբո, իսկ  Կարապետ Թևոսյանը՝ սանդա ուշու մարզաձևերում:

Մրցաշարին ներկա էին  ԱՀ  վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, այլ պաշտոնյաներ, հյուրեր: Հենց նրանք էլ հանձնեցին հաղթող մարզիկների պարգևները:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.