[ARM]     [RUS]     [ENG]

ՀՊՄՀ ՌԵԿՏՈՐ. ՙԱՐՑԱԽՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է՚

Հունիսի 20-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը՝  ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ։

 Պատվիրակության և համալսարանականների միջև կայացած հանդիպման ընթացքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՊՄՀ-ի կողմից Արցախի մայր բուհին ցուցաբերած աջակցության և տարբեր ուղղություններով համագործակցության համար։

ՙՀՊՄՀ-ի հետ համագործակցությունն առանձնահատուկ ուղղություն է մեզ համար այն առումով, որ համալսարանն ի սկզբանե ձևավորվել է իբրև մանկավարժական ինստիտուտ և այսօր էլ մանկավարժությունը համարվում է գերակա ուղղություն՚,- ասել է Մ. Մինասյանը։

Ռուբեն Միրզախանյանը, ով Արցախում գործունեություն ծավալելն ազգային կարևորության խնդիրներից է համարում, պատրաստակամություն  է հայտնել ԱրՊՀ առաջարկությունների հիման վրա ուսումնասիրություններ կատարել և համապատասխան ուղղություններով օժանդակության ծրագիր առաջարկել։ ՙԿարևոր եմ համարում այն հանգամանքը, որ հատկապես վերջին տարում մեր համագործակցությունը կրում է համակարգային և ծրագրված բնույթ։ Այսպիսի մոտեցումը թույլ կտա երկուստեք արդյունավետ գործակցություն ծավալել՚,- հավելել է Ռ. Միրզախանյանը։

Հանդիպմանը ներկա ԱրՊՀ ստորաբաժանումների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել իրենց գործունեությանն առնչվող հարցերով և առաջարկություններով։

 

ԱրՊՀ լրատվության բաժին