[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ` ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԲԵՄՈՒՄ

Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը կրկին տոնական տրամադրության մեջ էր։ Երևանից արվեստի մարդիկ էին ժամանել, ու շուշեցին ակնկալում էր նոր բեմում նոր ներկայացում։

Եվ հետաքրքիր էր, թե  ում է բախտ վիճակվել առաջին ներկայացումը վերանորոգված բեմում։ Դա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն էր ի դեմս դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի։ Նա հանդես եկավ մոնոներկայացումով՝ ՙԻմ ընտանիքը իմ ճամպրուկումն է՚, ու մեզ իր հետ տարավ հետ՝ դեպի 1988-ը… 

Արցախյան շարժումը նորից հառնեց մեր դեմ, ու մենք կրկին վերապրեցինք այն... Ոչինչ էլ չի փոխվել՝ նույն բարի մարդն ենք, նույն պարզն ու միամիտը, որ աշխարհին նայում է վարդագույն ակնոցներով, մարդ, ով սիրում է իր դիմացինին, կյանքը, բնությունը, խաղաղությունը, սիրում է իր մի կտոր հայրենիքը:  Չէ, մենք այսքան թոհուբոհից հետո նույնն ենք մնացել, գուցե ինչ-որ չափով իմաստնացած, բայց նույնը, որովհետև կարողանում ենք արցունքների միջից ծիծաղել,  լացի միջից ժպտալ, աշխարհին նայել այն հավատով, որ կգա օրը և ամեն ինչ էլ ավելի լավ կլինի…Գուցե՞ դա է մեզ ուժ տվող զորությունը, գուցե՞ այդ միամտության հասնող հավատն է, որ մեզ հաղթանակներ է բերում և հուսալքության պահերին էլ չի թողնում հիասթափվել… Գուցե՞ դա է պատճառը, որ մենք այն ժամանակներում էլ այդպես էլ չէինք ուզում հավատալ, որ մեր այնքան փայփայած խորհրդային երկրի բանտերում կարող է այդքան վայրագություն ու դաժանություն լինել, թեկուզ այդ բանտը Բաքվում էր կամ` Շուշիում…

   …Նարինեի՝ պիեսի հերոսուհու ՝ պարզ միամիտ պատմությունից հանդիսատեսը անմեղ երեխայի նման հուզվեց…Պարզ, միամիտ պատմությունից, բայց և խորը, որ հանդիսատեսին տարավ մի աշխարհ, ուր եզրահանգումը մեկն է՝ ունայն է այս աշխարհում ամեն բան, մնայունը քո պահած, քո պաշտպանած հայրենիքն է ու նրա մարդկանց պատմությունը, որ բերում է նրան, թե ինչպես և ինչ է վճարվել` այն պահպանելու համար, մնայունը քո հոգու ճամպրուկն է, որ  անբաժան է քեզնից, որովհետև  այնտեղ քո ընտանիքն է, քո սրբությունն է պահած ու պաշտպանած:

 Նարինե Գրիգորյանի ստեղծած դպրոցահասակ արցախուհու կերպարն այնքան նուրբ  էր, տպավորիչ ու հուզիչ, եթերային ու, միևնույն ժամանակ, շոշափելի, ձայնի ելևէջներն այնքան արտահայտիչ, շարժումները պլաստիկ, որ մարդու մեջ ցանկություն է առաջանում խոնարհվել Արարչի առջև՝ նրա Ստեղծագործության համար... Եվ որ գլխավորն է, դերասանուհու խաղի մեջ, ասես, խաղ չկար, ոչ մի ավելորդ, կամ ցցուն ժեստ, շարժում: Ամեն ինչ բնական էր... 

   Դեռ այս ներկայացման տպավորության տակ էինք, երբ հաջորդ օրը տիկնիկային  թատրոնի դերասանները փոքրիկ հանդիսատեսին (չնայած մեծահասակներն էլ քիչ չէին) տիկնիկային թատրոնի դահլիճում ներկայացրին Հովհաննես Թումանյանի ՙԱնխելք մարդը՚ հեքիաթի հիման վրա դրված բեմադրությունը… Յուրօրինակ ոճ, ազգային երգերի ճաշակով կատարում, գեղեցիկ խաղ… Թվում էր, թե այդ ելույթը հենց հատուկ Շուշիի հանդիսատեսի համար է այդքան սիրով պատրաստված: Դերակատարներն ավելի էին ոգևորված` տեսնելով հետաքրքիր աչուկներով նայող  փոքրիկ շուշեցիներին  ու լսելով նրանց սրտաբուխ քրքիջը:

Մնում է միայն ասել` շնորհակալություն բոլորիդ, թե՜ օպերատորներ, թե՜ դերակատարներ, թե՜ նկարիչ ձևավորողներ, թե՜ դերձակներ ու տիկնիկագործներ, ամեն ինչ շատ լավ էր …  Շնորհակալություն բոլոր նրանց, ում մեջ միտք է հղացել իրականացնել այդ հյուրախաղերն Արցախում և հատկապես Շուշիում։

Չէ՜, պարոն Ռուբեն Բաբայան, մենք Ձեզ չենք մոռացել: Հենց Դուք եք Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի  շունչն ու ոգին: Շուշիի հանդիսատեսը տեսավ ու զգաց Ձեր ձեռագիրը բեմադրության մեջ: Նա զգաց նաև ձեր մեծությունն ու տեսավ ձեր համեստությունը, որը վայել է միմիայն  արվեստի արժանավոր գործիչներին: Ցանկանում ենք Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք, աշխատանքում հաջողություն: Սրանք են  Շուշիի հանդիսատեսի բարի մաղթանքները  Ձեզ:  Մենք Ձեզ ուրախությամբ  դիմավորեցինք, բայց ճանապարհեցինք թախիծով: Հիշեք, որ շուշեցիները սպասում են Ձեզ  նոր ներկայացումներով:

Լաուրա ՀՈՎՍԵՓՅԱՆ