[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՌՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԱԽՐԵԼ

Նորեկ Գասպարյանի բանաստեղծության տարածությունը

 Ո՞վ է մարդը, ո՞րն է նրա էությունը, կյանքի իմաստը, տեղն ու դերը անսահման տիեզերքում։ Այս հարցերը, մասնավորապես, մարդու էության անհասկանալի թվացող առեղծվածը միշտ էլ եղել են մտածողների, արվեստագետների  խոհերի ու մտքերի առանցքում։ Մարդու բնույթն ու էությունը յուրովի է դիտարկում բանաստեղծ Նորեկ Գասպարյանն իր պոետական աշխարհում։

Կյանքն իմաստավորվում է տառապանքով՝ էկզիստենցիալիստական այս մտահանգումն է ընկած Գասպարյանի  բանաստեղծական աշխարհի գեղագիտական-փիլիսոփայական հայեցակարգի առանցքում։Ըստ Յասպերսի՝ մարդու գոյությունն իմաստավորվում է  ՙսահմանային իրավիճակներում՚, որոնք են տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը եւ թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը։ Ն. Գասպարյանի խոստովանությամբ`  ՙԱյդ անեզր  տառապանքը, պարզվում է, մեկ մարդու համար է, Երկիր կոչվող մոլորակի երեսին դու մեկին ես մոտեցնում տիեզերական ընկալումներին ու վերմոլորակային ցնծությանը…Այսինքն՝ դու ապրում ես մեկի հետ, մեկի համար…Եվ այդ մեկը Դու ես…Ուրիշ հարազատ, մտերիմ դու չունես, ուրիշին չես վստահում, ուրիշը քեզ չի տեսնում…՚։ Մարդը ոչ այլ ոք է նրա պոեզիայում, քան ինքն իրեն կերտողը, ինքն իրեն նախագծողը։ Սա է, թերեւս, Նորեկ Գասպարյանի պոետական աշխարհի հերոսի էությունը։ Մենակության զգացումը մշտապես ուղեկցում է այդ մարդուն.

Ես միշտ էլ, միշտ էլ, միշտ էլ

100, 1000, միլիոն տարի 

կլինեմ մենակ,

որովհետեւ այն հեռավոր 

աշնանային օրը

լույս աշխարհ եկածների մեջ 

չի եղել 

ոչ մի կին…

Նրանք բոլորը ծնվել են ինձանից 

շատ-շատ տարիներ հետո…

Եվ հենց մենակության, լքվածության, օտարված լինելու զգացումները ստիպում են բանաստեղծին դառնալ բառի ու բանաստեղծության ստրուկը։ Արարումը դառնում է բոլոր զգացողությունների տիրակալը, եւ կատարվում է արարչագործությունը՝ բանաստեղծության ծնունդը՝ վերարժեւորելով գրողի ապրելու ժամանակը։ ՙԻրականությունը բանաստեղծության մեջ ավելի իրական է, քան ինքը իրականությունը,-գրում է Նորեկ Գասպարյանը եւ եզրահանգում,-բանաստեղծությունը 11-րդ պատվիրանն է…՚։

Ըստ էության, կյանքն ու մահը կողք կողքի են։ Եվ քանի դեռ մարդը յուրաքանչյուր պահի զգում է մահվան սարսուռը, ուրեմն նա ապրում է, կյանքը կա, ապրելու ժամանակը իմաստավորվում է.

Ճշմարիտն ահա ասում եմ ձեզ,

Երբ մի ակնթարթ անգամ 

ձեր թիկունքին չզգաք մահվան 

խաղաղ ու համաչափ 

շնչառությունը, 

նշանակում է արդեն

 ավարտվել է ձեր ապրելու 

ժամանակը… 

Երբեմն բանաստեղծը  տառապանք որոնող է. բնորոշ է հետեւյալ բանաստեղծությունը.

Չգիտեմ ինչ եմ անելու, երբ մի օր 

հայտնեն, որ ինձ տեսել են 

անծանոթ տափաստաններում

տառապանք որոնողների մեջ…

Տառապանք, մահվան զգացողության գիտակցում, կյանքի իմաստի որոնում` սրանք են, թերեւս,  այն ելակետային հասկացությունները, որոնց շուրջ ծավալվում են պոետի խոհափիլիսոփայական մտորումներն ու մտահանգումները։ 

Գասպարյանի բանաստեղծության  գեղարվեստական մտածողությունն  աղերսվում է էկզիստենցիալ մտածողությանը, այսինքն՝  մարդկային գոյությունը դիտարկվում է որպես անհատի ինքնին գոյություն՝ տառապող, մտածող, պայքարող եւ սիրող եզակի մարդու սուբյեկտիվ գոյություն։

Ն. Գասպարյանի բանաստեղծական աշխարհում առկա են նաեւ պոստմոդեռնիզմի տարրեր։ Ըստ պոստմոդեռնիզմի փիլիսոփայության՝ ճշմարտությունը չափանիշ չունի, այն սոսկ ՙկին-ճշմարտություն՚ է, որին կարելի է անվերջ մեկնաբանել։ Ժակ Դերիդան  հավասարության նշան է դնում ճշմարտության  եւ կնոջ միջեւ, իսկ կինը, ըստ նրա, գիտական վերլուծության չի տրվում։ Նորեկ Գասպարյանը բանաստեղծությունից բանաստեղծություն, շարքից շարք մեկնաբանում է  կնոջը, փորձում վերծանել անվերծանելին, բացահայտել կնոջ առեղծվածային  ու հակասական էությունը.

Տղամարդը հազար անգամ ճմլեց 

կնոջ խաղող-խաղող պռոշները,

Հազար անգամ մռնչաց 

կնոջ ուսերի ճերմակ դաշտերում

Եւ հազար անգամ 

կնոջը թռցրեց երկինք։

Բայց կնոջը տարան  ուրիշ վայրերի բույրերը, ձայներն ու այգիները…

Նորեկ  Գասպարյանի  համար ապրելու ամենալավ տեղը բանաստեղծության  իր  տարածությունն է։

Տարածություն,  որտեղ նա  սիրում է իր և՜ մենակությունը, և՜ օտարվածությունը, և՜  իր`  իդեալի  ու իրականության  բախումից  առաջացող հիասթափությունը։ Որովհետև այդ տարածքում  բանաստեղծի հոգեաշխարհը  կատարսիս է ապրում, հոգեմաքրվում է նրա տարածքը։ 

Եվ եթե Տերյանը մենությունը համարում է խավար զնդան` ՙՄենության խավար զնդանից ելա՚, Սևակը` ՙՄենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի՚, Գասպարյանի մենակությունը սահյանական մենակության պես մտերիմ է բանաստեղծի հետ.

Ուշ հանդիպեցինք, 

շուտ ընկերացանք...

Տուն է, աշխարհ է

Եվ տիեզերք է

Մենակությունս,- գրում է Սահյանը։

Սահյանական այս մենակության երանգները հարազատ են նաև Գասպարյանի մենակությանը. ՙԳալիս է մի օր, երբ լրիվ մնում ես մենակ ԵՐԿԻՐ կոչվող մոլորակի կողքին...,-գրում է Նորեկ Գասպարյանը,-ինչ էլ լինի, ես մտադիր եմ պաշտպանել իմ մենության տարածքները, իմ քարանձավը, իմ խուցը, իմ բաժին ծաղկանոցը։ Ուզու՞մ եք ասեմ` ինչու։ Որովհետեւ դա իմ եւ Աստծո հանդիպման միակ վայրն է ու հնարավորությունը։ Ես այնտեղ ապաշխարում եմ....՚։

Գասպարյանի  բանաստեղծության տարածքներն ընթերցողին գրավում են իրենց անսովորությամբ, յուրահատկությամբ, խաղարկայնությամբ, սքողված նուրբ հեգնանքով, համարձակ ու անկեղծ պատկերներով։ Գրողը հաճախ է մտորում այն հարցի շուրջ` արդյոք, բանաստեղծը Աստծո հե՞տ է ավելի մտերիմ, թե՞ սատանայի։ Այս երկու մեծ ուժերը հարատև պայքարի մեջ են պոետի աշխարհում։ Ու երբ ծնվում է բանաստեղծությունը, արդեն կարևոր չէ, թե դա ում հաղթանակն է` Աստծո՞, թե՞ սատանայի։  Դա առաջին հերթին բանաստեղծի հաղթանակն է, ում ես-ը բանաստեղծության տարածքում այնքան է միաձուլված մենք-ին, որ ճշմարիտ արժեքների դավանանքով անձնականը դարձնում է համամարդկային։ Այսինքն` եթե Ն. Գասպարյանն ասում է.

Երկիր...իմ եղբայր, զորեղս...

ինձ թույլ տուր ցավերդ տանեմ,

Շալակեմ, դնեմ ուսերիս, 

ամեն օր համբուրեմ աջդ, 

դա միայն Գասպարյանի ես-ը չի ասում, այլ` համահավաք մենք-ը, և բանաստեղծության տարածքներն ավելի են ընդլայնվում, ու տողը ճշմարիտ ընկալող յուրաքանչյուր մարդ իրեն զգում է այդ տարածքի լիիրավ բնակիչ, իսկ բանաստեղծությունը գտնում է իր հասցեատիրոջը։ Ն. Գասպարյանի բանաստեղծության տարածքում երկրի տիրոջ իրավունքով իրավահավասար բնակիչ-հերոսներ են դառնում և՜ ծաղկավաճառը, և՜ փողոցը ավլող կինը, և՜ թեթևաբարո, սեթևեթող  կինը, և՜ թագավորը, և՜ ծառան, և՜ բանաստեղծական  ես-ը,  և՜  համահավաք ՙմենք՚-ը։ Գասպարյանի  բանաստեղծության   տարածքներում որքան էլ մեզ ուղեկցում են բանաստեղծի տխրության, մենության, լքվածության, օտարվածության ողբերգական երանգները, պայքարի և պատերազմի մաքառումների հորձանուտները,   ի հեճուկս դրանց` բանաստեղծն  ավելի է ձուլվում կյանքին և  ավելի է սիրում կյանքը`շտապելով ապրել և հետևում թողնելով մահը։ Նա  բանաստեղծության իր տարածքում այնպես է ապրում, որ մահը նահանջում է։ ՙԵրկիրս՚ բանաստեղծության մեջ ասում է. 

Մեռնելուս ժամը  անցել է…

Մեկ  այլ  բանաստեղծության մեջ`

Ինչ երանություն է, ինչ երանություն, ինչ երանություն է մտածել, որ մեռնելու համար արդեն ժամանակ չունես…

կամ`

Մեռնելուց առաջ հարկավոր է 

ճախրել...

Բանաստեղծ Վարդան Հակոբյանը, խոսելով Ն. Գասպարյանի պոեզիայի մասին, մի առիթով նշել է. ՙՆորեկ Գասպարյան երևույթն իր ստեղծագործությամբ, իր մարդկային  նկարագրով անկեղծ լինելու հնարավորություն է տալիս։ Նրա յուրաքանչյուր տողի մեջ միտում կա նորարարության։ Նա կարողանում է տողի միջից ճեղքել ու դուրս գալ և նոր տող, նոր միտք, նոր բանաստեղծություն բերել։ Բոլոր բանաստեղծները մեծ են այնքանով, որքանով նրանք կարողանում են իրենց նկարագիրը ստեղծել, իրենց նշանների համակարգը ստեղծել, իրենց կոդը ստեղծել։ Նորեկն ունի իր նշանների համակարգը և կարողանում է ընթերցողին մտածողության տանել՚։

Ն. Գասպարյանն իր պատկերային համակարգով, գեղարվեստական ինքնատիպ մտածողությամբ, խոսքի բազմաշերտությամբ, աշխարհն ընկալելու փիլիսոփայական կերպով ստեղծել է բանաստեղծական իր տարածությունը, որտեղ աշխարհին ու կյանքին հազար թելերով կապված, համամարդկային և ազգային արժեքների դավանանքով ապրում է մարդը և ամեն օր արարում։

 

Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ 

Բանասիրական գիտությունների թեկնածու