ՀՀ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախում հունիսի 28-ին ՀՀ և ԼՂՀ կրթական համակարգի բարձր պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով` ՙԲարձրագույն կրթություն. հիմնախնդիրներ և հեռանկարներ՚ թեմայով, որին մասնակցել է հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Ելույթ ունենալով` ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ մեր հիմնական զենքը, որը պետք առաջ տանի Հայաստանը (բնականաբար` նաև Արցախը) իր բարդ տարածաշրջանային խնդիրները լուծելու ճանապարհին, գիտակրթական ներուժն է, և որ այսօր ՀՀ-ում իրականացվող կրթական բարեփոխումները ելնում են այն հիմնադրույթներից, որ կրթական համակարգը հզոր գործիք է պետության ձեռքին, ինչպես բանակն է, մշակույթը` հայի տեսակի շարունակականությունը, պետության անկախությունն ամրապնդելու համար: Այդ բարեփոխումները պետք է դիտարկվեն հենց այդ տեսանկյունից` ինչպես անել առկա ներուժը նպատակուղղելու մեր երկրի առջև ծառացած կոնկրետ հիմնախնդիրների լուծմանը և ապահովելու մեր ժողովրդի համար թռիչքաձև զարգացման հնարավորություն: ՙՍա ուղղակի պահանջ է, և Արցախում գտնվելով` դա ուղղակի ամեն օր զգում ես՚,-ասաց նա:
Ի՞նչ ունենք գիտակրթական ամբողջական պատկերում, ի՞նչ պիտի հաղթահարենք և ի՞նչ անենք. Լ. Մկրտչյանի համոզմամբ` այս հարցերի պատասխանները պետք է ստանանք հիմնախնդիրների վերլուծության և ծրագրվող փոփոխությունների արդյունքում:
Նախարարի պարզաբանմամբ` ունենք միջազգայնորեն ճանաչված կրթական համակարգ, որն աշխատում է երկու` եվրոպական և եվրասիական տարածքներում: Երկու տարածքներում էլ ՀՀ կրթական համակարգը գնահատվում է իբրև միջազգային միջին որակ ունեցող, որը ձևավորել է իր որակավորումների շրջանակը և ամբողջությամբ համընկնում է եվրոպական կրթահամակարգին, ձևավորել է իր բարձրագույն կրթական համակարգը, որը միջազգային կառույցի օրինակելի ձևաչափի մեջ է: ՙՄի քանի պարամետրերով կրթական որակի կառույցի իմաստով մենք ավելի լավ դիրքում ենք, սա մեր գնահատականը չէ. Բոլոնիայի գործընթացի մոնիթորինգի արդյունքներով` Հայաստանի գիտակրթական համակարգը ԱՊՀ տարածքում առաջնային դիրք է գրավում, և առաջ ենք արևելյան և արևմտաեվրոպական մի շարք երկրների կրթական համակարգերից՚,-ասաց Լ. Մկրտչյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ, այնուամենայնիվ, առաջիկա անելիքներից ամենակարևորը բարձրագույն կրթության բարեփոխումներն են, որոնք պայմանավորված են ՙԲարձրագույն կրթության մասին՚ նոր օրենքով, որը ներկայացվել է հաստատման: Դրանց առանցքում կրթության որակի բարձրացումն է: Մի շարք հիմնախնդիրներ են այս ոլորտում ծառացած: ՀՀ-ում և Արցախում կա շուրջ 95 հազար ուսանողություն և շուրջ 70 բուհ, ինչը, ըստ Լ. Մկրտչյանի, անթույլատրելի է կառավարման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այդ պարագայում Հայաստանի փոքրությունը դառնում է նրա առավելությունը, քանզի ՀՀ բարձրագույն կրթության համակարգը կարելի է դիտարկել որպես մի ամբողջական միջավայր, որտեղ առաջնային է լինելու համալսարանների ցանցային մոդելի ձևավորումը` մեծ տեղ տալով ներքին շարժունությանը: ՙՀայաստանի բուհական ողջ համակարգը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական կլաստեր, մեկ համալսարան` ապահովելով կառավարման արդյունավետ համակարգ, ֆինանսական քաղաքականություն, որի նպատակն է բուհական համակարգի զարգացումը, ուսանողների ազատ շարժունությունը, համալսարանների նյութական ռեսուրսների մատչելիությունը՚:
Մեկ այլ կարևոր հարց. բակալավրիական կրթության ամփոփումը ցույց տվեց, որ բակալավրիատն ավարտածների 70 տոկոսը հումանիտար կրթության մասնագիտություններ են: ՙԵթե մենք այս ճանապարհով գնանք, աստիճանաբար կսկսենք դառնալ սպասարկող երկիր` տարբեր տիպի հումանիտար և զբոսաշրջային ծառայություններ մատուցող երկիր՚,-ասաց նախարարը` հավելելով, որ պետք է տոկոսային հարաբերակցությունը շուռ տալ հակառակը, որովհետև մեր առջև դրված մարտահրավերները դեռ երկար շարունակվելու միտում ունեն, և իրավունք չունենք գիտությունը կորցնել: Նրա տեսանկյունից` պետք է ստեղծել երկու հզոր կլաստերային ուղղություն` ինժեներական և բնագիտական: Եվ սա է պատճառը, որ մեր բարձրագույն կրթական համակարգում պետք է տարանջատել և հստակեցնել համալսարանների առջև դրվող առաջադրանքները: Բուհերը պետք է վերադառնան համալսարան, ինստիտուտ ավանդական ձևաչափին, և յուրաքանչյուրը պետք է խստորեն հետևի իր առաքելությանը: Մայր համալսարանները (ԵՊՀ, ԱրՊՀ) պետք է կատարեն իրենց առաքելությունն ամբողջ երկրի հանդեպ, իսկ ուղղվածություն ունեցող բուհերը պետք է մնան իրենց առաքելության շրջանակում:
ՙԲարձարգույն կրթության մասին՚ նոր օրենքով հստակեցվում է համալսարանների կարգավիճակը: Համալսարան կարող են կոչվել այն հաստատությունները, որոնք կրթություն են իրականացնում առնվազն 4 ուղղություններով, իսկ մյուսները կարող են կոչվել ինստիտուտներ, որոնք կոնկրետ ուղղվածություն ունեն: ՀՀ ԿԳ նախարարի համոզմամբ` այդ բարեփոխումը դրական կանդրադառնա կրթության որակին: Նոր օրենքի ընդունումից հետո մեկնարկելու է մասնագիտությունների հավատարմագրման գործընթացը: Որոշ բուհերում հնարավոր է դադարեցվեն մասնագիտություններ, որովհետև դրանք ներդրվել են ուսանողներ ներգրավելու համար:
Նոր օրենքը ենթադրում է նաև բուհերի ֆինանսական կառավարման նոր մեխանիզմներ: Նախարարի կարծիքով` կրթության որակի անկման հիմնական պատճառներից մեկը համալսարանի խիստ կախվածությունն է ուսանողի վարձավճարից: Բուհերի բյուջեների կառուցվածքը ցույց է տալիս, որ նրա մոտ 20 տոկոսը ձևավորվում է պետության կողմից, 80 տոկոսը ուսանողներից գանձված վարձավճարներն են: Այս մոտեցումը, ՀՀ ԿԳ նախարարի համոզմամբ, չի կարող հեռանկարային լինել, քանզի բուհն ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է կրթության որակի առումով: Մինչդեռ, նրա փաստարկմամբ, աշխարհի առաջատար բուհերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից (ինչպես յուր ժամանակին խորհրդային պետությունում), իսկ այնտեղ, որտեղ պետության ամբողջական ֆինանսավորում չկա, բուհի բյուջեում ուսանողների վարձավճարները 30-40 տոկոսից չեն անցնում: ՙՄենք ևս պետք է լրջորեն մտածենք այդ ուղղությամբ, այլապես զարգացում չենք ունենա՚,-ասաց Լ. Մկրտչյանը:
Նոր օրենքով փորձ է արվում հնարավորինս բեռնաթափել կրթության և գիտության նախարարության դերակատարությունը և լայն ինքնավարություն տալ բուհերին: Պետությունն իր գործառույթը կկատարի միայն հիմնական դասակարգումների և խաղի կանոնները հաստատելու մեջ, տեղեկացրեց Լ. Մկրտչյանը: