[ARM]     [RUS]     [ENG]

ԹՈՒՄՈ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԿՐՈՐԴ ՊՈՐՏՖՈԼԻՈՆ

 

 

 

Հուլիսի 15-ին միաժամանակ  բոլոր չորս Թումոներում` Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում, տեղի ունեցավ  ուսանողների տարեկան աշխատանքների ցուցադրությունը` պորտֆոլիոն:

Ստեփանակերտում  դա երկրորդ անգամ է անցկացվում. առաջինը կազմակերպվել է անցյալ տարվա մայիսին: Այդ կապակցությամբ Թումոն իր հարկի տակ էր ընդունել ուսանողների ծնողներին, հարազատներին, ընկերներին, հետաքրքրված բոլոր մարդկանց: Միջոցառման մեկնարկը տրվեց  Երևանից հրավիրված ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի վարած աշխատարանում, որտեղ տեղի ունեցավ  12 թումոցիների Ստեփանակերտում կատարած քարտեզագրման աշխատանքների շնորհանդեսը: Այն կրում էր ՙՀասկանալով  Ստեփանակերտը՚ ընդհանուր խորագիրը: Թեմաների գլխագրերը`  ՙՍտեփանակերտի հուշարձանները՚, ՙՀին ու նոր Ստեփանակերտ՚, ՙՍտեփանակերտի անցումները՚, ՙՃաղազարդ պատուհաններ՚, ՙՍտեփանակերտի մայթերը՚, ՙՊատերազմի հետևանքները՚, ՙՈչ ֆորմալ անուններ՚ և այլն, արդեն իսկ հուշում են աշխատանքների ծավալի մասին: Ուսանողները ոտքով մի քանի անգամ շրջել են քաղաքը, ուսումնասիրություններ կատարել տվյալ թեմայի շուրջ` լուսանկարելով,  հարցումներ անելով,   Google map-ից օգտվելով,  և ընդամենը  հինգ օրվա ընթացքում կատարել իրենց առաջադրանքը` ոչ միայն քարտեզագրելով, այլև բացահայտելով մի շարք խնդիրներ: Ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրեց քարտեզագրման հիմքում դրած իր նպատակը: Այսպես` մեկի  նպատակն էր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրել Ստեփանակերտի լավագույն ժենգյալով հացի կետերին և տարբեր արհեստանոցների` կոշկի վերանորոգման, կարի և այլն, որոնց կարիքը նրանք, հնարավոր է, զգան: Մյուսն ուսումնասիրել է մեր մայրաքաղաքի փողոցների և շենքերի ոչ պաշտոնական անունները (Զավոդսկայա, Օբուվնայա, Բազարին թաղ, Պոժառնու թաղ, Ռոզվի շենք, Պոլիտ, Պյատաչոկ և այլն), մեկ ուրիշին հետաքրքրել է մայթերի, անցումների վիճակը, մյուսին` ինչ անուն են կրում հուշարձանները, մեկը լուսանկարներով համադրել է հին ու նոր Ստեփանակերտը և այլն: Եվ այդ ամենը նրանք շնորհանդեսին ներկայացրին  հումորով,  պատկերավոր, անկաշկանդ` ստեղծելով աշխույժ մթնոլորտ:  

Այնուհետև մասնակիցները տեղափոխվեցին աշխատարաններ` ծանոթանալու թումոցիների մեկ տարում կատարած աշխատանքներին: 

Ստեղծարար կենտրոնի տնօրեն Կորյուն Խաչատուրյանի տեղեկատվությամբ`  ներկայացված են 17 նախագծեր` ինֆոգրաֆիկա, անիմացիա, ձայնային ձևավորում, երաժշտություն, նոր մեդիա (հոդվածներ), շարժական գրաֆիկա, 3 D մոդելավորում, նկարչություն, ռոբոտներ, խաղեր, կոմիքսներ (նկարապատում) և այլն: Բոլոր հարթակներում աշխույժ եռուզեռ էր:

Կ. Խաչատուրյանը մեզ հետ ունեցած զրույցում ասաց, որ մեկ տարվա ընթացքում 50 դասընթացավար է հրավիրվել Երևանից, Ճապոնիայից, Սան Ֆրանցիսկոյից, Ռուսաստանից, Ֆրանսիայից…Թումոյի մակարդակը բավականին բարձրացել է, ուսանողներն ավելի մեծ հաջողությունների են հասել և քանակով էլ ավելի շատ արդյունքներ ունեն: 1100-ից ավել ակտիվ հաճախող երեխա ունի կենտրոնը:  Ամառային արձակուրդին նույնպես հաճախում են:  Մեր այն հարցին, թե ինչպիսի՞ն է հաճախորդների աշխարհագրությունը, Կ. Խաչատուրյանը պատասխանեց, որ այդ առումով նույնպես այն  ընդլայնվել է: Արցախի 26 բնակավայրերից երեխաներ են հաճախում: Իսկ սեպտեմբերից ծրագիրն ավելի կընդարձակվի: Մտադրություն կա կառավարության աջակցությամբ ներգրավել նաև Մարտակերտ, Հադրութ, Բերձոր քաղաքները և տասից ավելի գյուղեր` ուսանողների թվաքանակը հասցնելով շուրջ 1400-ի:

Դիտորդների թվում հանդիպեցինք  Մարտունու շրջանի Կաղարծու միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նելսոն Սարգսյանին, որին խնդրեցինք կիսվել տպավորություններով: Նա ասաց, որ Թումո հաճախում են Կաղարծի և Պառավաթումբ գյուղերից 20-ից ավելի երեխաներ: 

ՙԱռաջին անգամ եմ ներկա լինում այստեղ, հիացած եմ  երեխաների ստեղծագործական մտածողությամբ, վառ երևակայությամբ: Իրոք, որ Թումոն  նպաստում է մտածողության զարգացմանը, երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը,  աշխարհայացքի ընդլայնմանը, ժամանակի պահանջներին համահունչ հմտությունների ձեռքբերմանը: Իսկ  այդքանը որ նրանք ունենան, ի վիճակի  կլինեն տեսնել գեղեցիկը, աշխարհն ավելի լավը դարձնել ու լինել երջանիկ՚,-ասաց նա`  հավաստելով, որ Թումո հաճախող իրենց երեխաները դարձել են ավելի աչքաբաց, համարձակ իրենց  նախաձեռնություններում, որոնք նպաստում են ուսման խորացմանը:

ՙԱԱ՚