[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Օգոստոսի 23-ին Արցախի Շահումյանի շրջանի շրջկենտրոն Քարվաճառում տեղի ունեցավ մանկավարժների ամենամյա խորհրդաժողովը։ Ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Սլավա Ասրյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ:

 Հաշվետու զեկուցումով հանդես եկավ Շահումյանի շրջվարչակազմի ԿՍ բաժնի վարիչ  Խորեն Վարդանյանը։ Նա նշեց, որ 2016-17 ուստարում Շահումյանի շրջանի 11 միջնակարգ և 5 հիմնական դպրոցներում սովորել է 700 աշակերտ` նախորդ տարվա 710-ի փոխարեն, որոնցից 118-ը՝ Քարվաճառի դպրոցում (նախորդ տարվա 130-ի փոխարեն)։ 

Շրջանում անցած ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտել է 32 աշակերտ։ 6 աշակերտ հանձնել է միասնական քննություն, որից 3-ն ընդունվել են տարբեր բուհեր։ Շրջանում առաջին դասարան է հաճախել 74 աշակերտ (նախորդ տարվա 83-ի փոխարեն), մանկապարտեզներ՝ 59 երեխա։ Այս տարվա հուլիսի մեկից մանկապարտեզ է գործում նաև Քարվաճառ քաղաքում։ 2017-18  ուստարում նախատեսվում է, որ շրջանի դպրոցներ կհաճախի 711 աշակերտ։

Անդրադառնալով դպրոցների վերանորոգման խնդրին՝  Խ. Վարդանյանը նշեց, որ թեև շրջանի դպրոցներից շատերում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, այնուամենայնիվ, կան դպրոցներ, որոնք հիմնանորոգման կարիք ունեն, ինչպես, օրինակ` Ակնաբերդ, Նոր Բրաջուր, Հավսաթաղ համայնքների կրթօջախները։ Չարեքտար գյուղը կարիք ունի դպրոցի նոր շենքի, իսկ Նոր Մանաշիդը՝ դասասենյակների ավելացման։

Խ. Վարդանյանը նաև նշեց, որ շրջանի շատ դպրոցներ ունեն ռուսերենի, անգլերենի, մաթեմատիկայի և ֆիզիկայի մասնագետների կարիք։

Խ. Վարդանյանը կարևորեց ՏՏ-ի օգտագործումը դպրոցում, ինչը, ըստ նրա, թույլ կտա ավելի բարձր արդյունավետությամբ գիտելիքներ փոխանցել աշակերտներին։

ԼՂՀ ԳԹԿ կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն իր խոսքում նշեց, որ 2017-18 ուստարվանից 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտները հնարավորություն կունենան իրենք ընտրելու արտաքին ընթացիկ ստուգումների առարկաները։ Բանախոսն իր դժգոհությունը հայտնեց շրջանում 9-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության արդյունքներից, որի  60 մասնակիցներից 24-ն անբավարար է գնահատվել։ Նա կարևորեց անաչառ և անկողմնակալ գնահատումը, ինչը թույլ կտա խուսափել նման անախորժություններից։

Կրթության պետական տեսչության պետ Մանվել Մխիթարյանը ներկայացրեց 2016-17 ուստարվա արդյունքում  տեսչության կողմից շրջանի Ծար, Քարվաճառ, Դադիվանք, Չարեքտար և Ակնաբերդ համայնքներում իրականացված ստուգումների արդյունքները։ Այդ բնակավայրերի դպրոցներում վիճակն ընդհանուր առմամբ գնահատելով բավարար` Մ. Մխիթարյանը, այնուամենայնիվ, նշեց  մտահոգիչ որոշ հանգամանքներ։ Մասնավորապես՝ Ծարում և Չարեքտարում առկա է մասնագետների պակաս։  

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն իր խոսքը սկսեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքով։ Նախարարը դժգոհություն հայտնեց շրջանում ցուցանիշների ցածր մակարդակից՝ հատկապես շեշտելով մարզական միջոցառումներին մասնակցության պակասը։ Հարկ է նշել, որ վերջինը հիմնականում պայմանավորված է շատ գյուղերում մարզադպրոցների բացակայությամբ կամ դրանց ոչ բարվոք վիճակով, ինչպես նաև շրջանի բնակչության սակավությամբ և նոսր բնակեցվացությամբ։

Նախարարը կարևորեց բնագիտական առարկաների դասավանդման խորացումը և դրանց մասնագետների պատրաստումը, քանի որ վերջինների լուրջ կարիք կա։ 

Ս. Ասրյանը նաև նշեց, որ 2017-18 ուստարում մի քանի դպրոցներում փորձնական կներդրվի երգ ու պարի ուսուցանումը, որը հաջորդ ուստարվանից, հավանաբար, պարտադիր կդառնա նաև Արցախի մյուս դպրոցներում։

Խորհրդաժողովի ավարտին որոշ ուսուցիչներ դժգոհություն հայտնեցին արձակուրդայինների ուշացման վերաբերյալ։ Բարձրացվեց սոցիալական ապահովության ծրագրի անհրաժեշտության հարցը, ինչին Ս. Ասրյանը պատասխանեց, որ  նախարարությունն առաջիկա տարիներին հնարավոր է` ստեղծի նման ծրագիր։

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ