[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է։ Նման օր առաջին անգամ հռչակվել է 1982թ.՝ Լատինական Ամերիկայում։ Այսօր այն նշվում է աշխարհի շատ երկրներում։ Սկսած 2016 թվականից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օրվա կապակցությամբ ցուցահանդես է կազմակերպում նաև Արցախում։ 

 Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում երեկ՝ օգոստոսի 30-ին կազմակերպված հերթական ցուցահանդեսին, որ նվիրված էր ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորածներին, ներկա էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատներ։ 

Ցուցահանդեսի կազմակերպմանը մեծապես աջակցել է ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը. այս մասին բացման խոսքում տեղեկացրեց ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի աշխատող Շառլոտա Յանսը՝ շնորհակալություն հայտնելով գերատեսչության ղեկավարին։  

Ցուցադրված լուսանկարներն արտացոլում են անհայտ կորած անձանց ընտանիքների ծանր ապրումները, որ նրանք ունենում են առայսօր, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ջանքերը՝ օգնել նրանց հաղթահարելու հոգեկան այդ ծանր իրավիճակը։

Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժեվիչն իր ելույթում նշեց, որ այս նախագծով  կազմակերպությունն իր հարգանքն է ցուցաբերում անհայտ կորածների ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրում` օգնելու տուժածներին։ ՙԼուսանկարները բարձրաձայնում են այդ ընտանիքների անվերջ տառապանքները և հիշեցնում մեզ, որ զինված հակամարտության պայմաններում մեր սիրելիների կորուստը ոչ միայն ցավալի հետևանք է, այլև մարդասիրական ողբերգություն՚,-ասաց Դ. Բլաժեվիչը։ Նրա խոսքով՝ Արցախում հարյուրավոր ընտանիքներ շարունակում են ապրել հույսի և հուսահատության մեջ՝ ձգտելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել անհայտ կորած իրենց հարազատի հետ։ Եվ կշարունակեն հույսով սպասել այնքան ժամանակ, քանի դեռ հավաստի լուր չունեն նրանից։ 

ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հավաստմամբ՝  անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտումը եղել և մնում է տարածաշրջանում կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը։ Սկսած 1992 թվականից` ԿԽՄԿ պատվիրակությունները Բաքվում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում գրանցել են ավելի քան 4500 անձանց, ովքեր անհայտ կորել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով։ Եվ ավելի քան 20 տարի անց այս անձանց ճակատագրերը դեռևս անհայտ են։ ԿԽՄԿ-ի և անհայտ կորած անձանց ընտանիքների անունից նա կոչ արեց բոլորին շարունակել ջանքեր գործադրել որոնողական աշխատանքներ իրականացնելու և նման կարգավիճակ ունեցող ընտանիքների համար պատասխաններ գտնել։ ՙԿԽՄԿ-ն հավատարիմ է մնում իր պարտավորվածությանը՝ սատարել համապատասխան բոլոր մարմիններին՝ անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում,- ասաց Դ. Բլաժեվիչը։- Յուրաքանչյուր ոք պետք է անի առավելագույնը՝ հակամարտության ցավալի ժառանգությունը վերացնելու համար։ Մենք պարտավոր ենք դա անել այն բոլոր ընտանիքիների համար, որոնք սրտատրոփ սպասում են լուրի՚։ 

Սրտի խոսք ասացին ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ Փիրուզե Գասպարյանը, Մարիետա Եդիգարյանը։ Հիրավի, ավելի դաժան բան, քան պատերազմն է՝ մարդկությունը չի հորինել։ Անհայտ կորածների հարցն ահավոր է  թե՜ իրենց, և թե՜ հարազատների համար։ Վերջիններիս առջև հառնում է անորոշության պատ, որից անդին բացակայում է որևէ տեղեկություն, թե իրենց որդին, ամուսինը կամ կինն ինչ ճակատագրի են արժանացել, ո՞ղջ են արդյոք, կամ հնարավո՞ր է, որ մի օր վերադառնան։

Իր խոսքում ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ առաքելության ներկայացուցիչներին՝ մշտապես համագործակցելու, անհայտ կորածների ընտանիքներին սատարելու համար և խնդրեց ակտիվացնել որոնողական աշխատանքները։ ՙՄեր՝ անհայտ կորածների հարազատներիս ապրումները տարբերվում են զոհվածների հարազատների ապրումներից, որովհետև վերջիններս հաշտվում են այն մտքի հետ, որ պատերազմն առանց զոհերի չի լինում… Իսկ անորոշության մեջ ապրելն ահավոր է։ Թող այլևս ոչ ոք չկրի անհայտ կորածի խաչը։ Թող ոչ ոք չանցնի տառապանքի այն ուղիներով, որով անցել ու շարունակում ենք անցնել մենք։ Թող հավերժ խաղաղությունը տիրի աշխարհում՚,-ասաց Վ. Գրիգորյանը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ