Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎԵՐՋԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ

Ուսուցիչների օգոստոսյան  խորհրդակցությունները հանրապետության բոլոր շրջաններում անցկացվելուց հետո  եզրափակվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում:  Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի   նախարար Սլավա Ասրյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, փոխքաղաքապետ Արմեն  Հակոբյանը: 

 2016-2017 ուստարվա արդյունքների և նոր` 2017-2018 ուստարում որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ մանկավարժական կոլեկտիվների անելիքների ու խնդիրների մասին  զեկուցումով հանդես եկավ  Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մարգարյանը:  

Նա նշեց, որ մայրաքաղաքում գործող ինը հիմնական, մեկ միջնակարգ, երկու ավագ, մեկ հատուկ (ֆիզմաթ), մեկ ռազմամարզական վարժարանում, մեկ մասնագիտական (պարարվեստի քոլեջ) հաստատություններում անցած ուստարում ընդգրկվել է 7975 աշակերտ` նախկին 7788-ի փոխարեն: Գործել են վեց մանկապարտեզ` 1312, մեկ մանկական ստեղծագործության կենտրոն` 1225, մեկ մարզադպրոց` 628 երեխայի ընդգրկմամբ:

Նախադպրոցական տարիքի երեխաներին դպրոցին հավուր պատշաճի նախապատրաստելու համար դպրոցներում 2016-2017 ուստարում գործել է  նախադպրոցական 31 խումբ` շուրջ 950 երեխայի ընդգրկմամբ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք  ունեցող 118 երեխայից 95-ը ներառվել է հ. 1, 2 և 9 հիմնական դպրոցներում: 

Հաշվի առնելով այն փաստը,  որ, ցավոք, ավելանում է հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների թիվը, ԿՍ բաժնի վարիչն առաջարկեց նման գործընթաց իրականացնող նշված դպրոցների խտության թեթևացման նպատակով մեկ-երկու դպրոցում ևս իրականացնել ներառական կրթություն:

Ավարտական 9-րդ դասարանների գերազանցության նշումով վկայականի հավակնած 17 աշակերտից 5-ին է հաջողվել քննությունների ժամանակ պահպանել գերազանցությունը և ստանալ գերազանցության նշումով հիմնական կրթության  վկայական: Մայրաքաղաքը տվել է 12-րդ դասարանի 366 շրջանավարտ:

Որպես ուսման որակի չափանիշ` բանախոսը ներկայացրեց առարկայական օլիմպիադաներում  դպրոցների ցուցանիշները: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի քաղաքային փուլին մասնակցել են բոլոր դպրոցները, մրցանակային տեղեր գրավել, իսկ որոշ դպրոցներում` հ.9 և հ. 10, գրանցվել է որակական աճ: Ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են հ.11 և ֆիզմաթ դպրոցների  արդյունքները, իսկ հ.3 միջնակարգ դպրոցի մրցանակային տեղերը այս տարի ևս գրանցվել են միայն օտար լեզուներից: 

Հանրապետական փուլի արդյունքներով մրցանակային տեղեր են գրավել 45, ակտիվ մասնակցություն ունեցել 25 աշակերտ:

Այս տարի նույնպես ԼՂՀ նախագահի կողմից առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում հաղթած և դիպլոմների ու գովասանագրերի արժանացած թվով 17 դպրոցականներ արժանացան խրախուսանքի, նմանապես` առաջին կարգի դիպլոմակիր աշակերտների  8 ուսուցիչ:

Զեկուցողը ցավով արձանագրեց, որ առարկայական օլիմպիադաների, տեսչության կողմից անցկացված թեմատիկ և համընդհանուր ստուգումների, ստուգողական գրավոր աշխատանքների արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ շարունակվում է  աշակերտների գիտելիքների գնահատականի արհեստական բարձրացման միտումը, որը  ցածրացնում է ուսման որակը, բացասաբար անդրադառնում ուսուցիչ-անհատի հեղինակության վրա:  

Ատեստավորում անցած 465 ուսուցիչներից 22-ը ստացել է  որակավորման տարակարգ: 

Մայրաքաղաքի դպրոցականների ճիշտ և հայեցի դաստիարակությանը, ինչպես նաև  նրանց օրվա երկրորդ մասի առավել հետաքրքիր ու բովանդակալից  կազմակերպմանն են  ուղղված արտադպրոցական հիմնարկները, որտեղ  հաճախում են մեծ թվով երեխաներ:

Մի շարք խնդիրների թվում զեկուցողն անդրադարձավ դպրոցների շենքային պայմաններին` նշելով, որ  համակարգի համար շարունակվում է հրատապ մնալ հ.10 հիմնական դպրոցի  շենքի հիմնարար վերանորոգման հարցը: 

Ելնելով անհրաժեշտությունից, լրացուցիչ դասասենյակներ են ստեղծվել հ. 2 և հ.10 դպրոցներում, շարունակվում են հիմնարար վերանորգման աշխատանքները հ.8 (մասամբ) և հ.9 դպրոցներում:

Մայրաքաղաքի, մասնավորապես, հ. 1, 7 դպրոցների բեռնաթափման նպատակով հ. 8 դպրոցում սեպտեմբերի 1-ից կգործեն բոլոր դասարանները, ավելացրած՝ նաև նախադպրոցական խմբեր. ԼՂՀ կառավարության որոշմամբ հ. 8 ավագ դպրոցը վերակազմակերպվել է միջնակարգ հոսքային դպրոցի: 

Խորհրդակցությունում  ելույթ ունեցան մի շարք կրթօջախների  ղեկավարներ:  ՆԶՊ քաղաքային մեթոդմիավորման նախագահ Արսեն Հարությունյանն իր դիտարկումները ներկայացրեց մայրաքաղաքի կրթօջախներում ռազմահայրենասիրական դրվածքի մասին` այն գնահատելով բավարար: ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը շնորհակալություն հայտնեց նրան և նրա գործընկեր Վարուժան Աղաջանյանին`  հ. 10 դպրոցի զինղեկին, ինչպես նաև ռազմամարզական վարժարանի տնօրինությանը` Արցախի ՆԶՊ օլիմպիական թիմը լավ պատրաստելու և հինգ տարի անընդմեջ ՀՀ-ում անցկացվող օլիմպիադայում առաջին տեղը գրավելու համար:  

Հ. 1 մանկապարտեզի վարիչ Ժաննա Մարգարյանն իր ելույթում պատկան մարմիններին խնդրեց բարեկարգել մանկապարտեզի բակը, առնվազն մեկ տաղավար ստեղծելով այնտեղ` ֆիզկուլտուրայի պարապմունքներն անցկացնելու նպատակով: 

Ռազմամարզական  վարժարանի տնօրեն Վահրամ Հակոբյանը դիմեց դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին կոչով՝ ռազմամարզական ուղղությամբ կողմնորոշել շրջանավարտներին. ՊԲ սպայական կազմը համալրելու մեծ պահանջ կա: 

 Դպրոցներում իրականացրած տեսչական ստուգումների արդյունքները ներկայացրեց նախարարության տեսչության պետ Մանվել Մխիթարյանը` ուշադրություն հրավիրելով  գնահատման համակարգին: 

ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանն իր նկատառումները ներկայացրեց միասնական քննությունների վերաբերյալ: Նրա տվյալներով` վերջին երեք տարվա արդյունքներով դրանք գրեթե նույնն են և կարելի է բավարար համարել: Նա առանձնակի շեշտեց մաթեմատիկա առարկայի ցուցանիշները. միջին միավորը ավագ դպրոցում ավելի ցածր է, քան միջնակարգ դպրոցներում, ինչը խորհելու տեղիք է տալիս:     

Խորհրդակցությունը եզրափակեց ԱՀ ԿԳՍ նախարար Ս. Ասրյանը: Նա անդրադարձավ նախադպրոցական հիմնարկների գործունեությանը` հրահանգներ տալով ինչպես ուսումնադաստիարակչական գործունեության, այնպես էլ երեխաների սննդի, առողջության հետ կապված հարցերի վերաբերյալ:

Ս. Ասրյանը ընդգծեց, որ ուսման որակի հարցը մնում է օրակարգային` այդ կապակցությամբ նշելով ինչպես վերադաս մարմինների կողմից կատարվող աշխատանքները, այնպես էլ դպրոցների ղեկավարության, մանկավարժական կոլեկտիվների անելիքները: ՙԴպրոցի տնօրենը նրա լոկոմոտիվն է, որին հետևում է կոլեկտիվը: Եթե նա չլինի լավ մասնագետ, նույնը չի կարող պահանջել ուսուցչից՚,-ասաց նա` հորդորելով բոլոր օղակների  ակտիվ աշխատանքը: ՙՈչ մեկի լավ աշխատանքն առանց գնահատման չի մնում՚,-հավելեց Ս. Ասրյանը` վկայակոչելով պետության կողմից լավագույն մանկավարժներին նյութապես խրախուսելը, պետական բարձր պարգևների և կոչումների արժանացնելը:

Ս. Ասրյանը տեղեկացրեց նաև, որ էական փոփոխություններ չեն կատարվել դպրոցական ծրագրերում: Մի քանի դպրոցներում փորձնական կարգով այս տարվանից մտցվում է ՙԱզգային ավանդական երգ ու պար՚ առարկան: 

Ս. Ասրյանը շնորհավորեց համակարգի աշխատողներին` նոր ուսումնական տարին սկսվելու, Գիտելիքի, գրի ու դպրության օրվա, ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում: 

Խորհրդակցությունից հետո Ս. Ասրյանն  առանձին զրույց ունեցավ տնօրենների հետ, իսկ առարկայական մասնագետների հետ  սեմինար-պարապմունքներ  անցկացվեցին մասնախմբերում:        

;