ԵՐԱԶԱՆՔԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՍՈՍԸ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՈՒՆԻ

2017-ի սեպտեմբերի 7-ը Սոսի պատմության մեջ տոնական երանգներով կմնա: Այդ օրը իրականություն դարձավ գյուղի՝ տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդիրներից մեկը: Արցախի կառավարության եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ գյուղում դպրոցի նոր շենք է կառուցվել: 

 ՙՀայաստան՚ հիմնադրամի հովանավորներից շատերն առաջին անգամ են Ամարասի վանական համալիրում եւ Արցախում ընդհանրապես: Հիմնադրամի՝  հայրենաճանաչության այս ծրագիրն արդեն 9 տարեկան է: 2017-ին ծրագիրը մի քանի տասնյակ ամերիկահայերի է հայրենիք բերել: ՙՆրանք տարիներ շարունակ աջակցել են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին, տարբեր ծրագրերի են մասնակցել, սակայն, ցավոք, շատերն առիթ չեն ունեցել Հայրենիքում լինել, տեսնել, թե այդ գումարներն ինչ նպատակի են ծառայել: Սա մի լավ առիթ է, որ նրանք ոչ միայն Հայրենիք այցելեն, այլեւ իրենց մասնակցությամբ իրականացված ծրագրերի շահառուներին հանդիպեն, գնահատեն, թե դպրոցը, մանկապարտեզը կամ հիվանդանոցը, որոնց կառուցման համար գումար են տրամադրել, որքանով է անհրաժեշտ տվյալ համայնքի բնակիչների համար՚,- ծրագրի էությունն է ներկայացնում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանը: 

Հայրենաճանաչության ծրագրի մասնակիցների հերթական խմբի այցելությունը Արցախի կառավարության եւ Հիմնադրամի համատեղ ծրագրերից եւս մեկի ավարտին համընկավ. Սոս գյուղի միջնակարգ դպրոցի նոր շենքն արդեն պատրաստ է: Դպրոցի տնօրեն Մանուշ Վանյանը ուրախությունը չի թաքցնում` դպրոցի նոր շենք ունեն, խնդիրներն արդեն անցյալում են: Սոսեցիների ուրախությանն է միացել նաեւ Արցախի նախագահը` բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Բակո Սահակյանը կարեւորել է դպրոցական ցանցի արդիականացումը` դա համարելով կրթության եւ մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը: Սոսի դպրոցի նոր շենքը կառուցվել է Թրփանջյան ընտանիքի կրթական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 Համայնքի ավագանու որոշմամբ Ջերրի Թրփանջյանն արժանացել է Սոսի պատվավոր քաղաքացու կոչման: Նրա հովանավորությամբ այս պահին կառուցվում է նաեւ Ուղտասարի դպրոցը եւ հիմնանորոգվում Ստեփանակերտի համար 9 դպրոցը: Բարերարը ներկա չէր: Դպրոցական նորակառույց շենքը բացել են կրթօջախի տնօրենն ու ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Միացյալ Նահանգների պատասխանատուն: ՙԱրցախում Հիմնադրամի մասնակցությամբ իրականացվող բոլոր ծրագրերն էլ համաձայնեցնում ենք Արցախի կառավարության հետ: Սոսի դպրոցի պարագայում էլ այդպես էր. կառավարությունից հարցրել, տեղեկացել ենք՝ որտեղ է նոր դպրոցի կարիքն ավելի մեծ է՚,- մանրամասնում է ՙՀայաստան՚ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: 

Օրհնության կարգից հետո բոլորը ներս են շտապում: Այստեղ ամեն ինչ նոր է ու հարմարավետ: Ի դեպ, նորակառույցը երկու մասնաշենք ունի: Երկրորդում մարզադահլիճն է: Մարզասեր աշակերտների համար դա անփոխարինելի նվեր է:

Դպրոցի կառուցումը Սոս գյուղում Արցախի կառավարության եւ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական համատեղ ծրագիրն էր:  Ավելի վաղ այդ համագործակցության արդյունքում Սոսում ջրամատակարարման համակարգ է անցկացվել եւ մանկապարտեզ կառուցվել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ