Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵՄԱՆ` ԲԻԶՆԵՍԸ

Կրթություն նոր ձևաչափով

 Արցախի մայր բուհը շարունակում է համալսարանի զարգացման համար շատ կարևոր ոչ ֆորմալ կրթության ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներից դասախոսություններով հանդես են գալիս հայ և օտարազգի նշանավոր դեմքեր: Նոր ուսումնական տարում  կայացավ նման ձևաչափով առաջին հանդիպումը: Հյուրերը երկուսն էին, ոլորտը` բիզնեսը:

Բացելով հանդիպումը ` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը նշեց, որ ոչ ֆորմալ կրթության ծրագիրը բարերար ազդեցություն  է գործում  ուսանողների մտահորիզոնի ընդլայնման, մասնագիտական գիտելիքների և ընդհանուր  զարգացման  ու աշխարհում կատարվող իրադարձությունների վերաբերյալ պատկերացումների  վրա:  

 Ներկայացնելով բանախոսներին` ռեկտորը նշեց, որ նրանցից  Վահե Այվազյանը երկրորդ անգամ է հանդես գալիս ԱրՊՀ-ում: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, բիզնեսի վերաբերյալ տարբեր դասընթացներ է անցել արտասահմանյան հեղինակավոր ուսումնական հաստատություններում և  այսօր  ամենաթանկ վճարվող բիզնես-թրեյներներից  է:  

Մայք (Մկրտիչ) Լազիևն ավարտել է ԵՊՀ-ն` ֆիզիկայի տեսություն մասնագիտությամբ, նաև հասցրել է սովորել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում, բայց գործունեություն է ծավալել բիզնեսի բնագավառում: 20 տարի է` ապրում է Լոնդոնում, որից 16 տարին զբաղվում է թվային մարքեթինգով:

Մայք Լազիևի դասախոսությունը վերաբերում էր թվային մարքեթինգին: Նա որոշակի մանրամասներ ներկայացրեց այդ համակարգից (ինչպես է աշխատում այն): Բացատրեց, թե որն է թվային և մյուս մարքեթինգների միջև առկա տարբերությունները: Արդյո՞ք թվային մարքեթինգի առավելությունն այն է, որ այն համացանցի հետ է կապված: Նրա պարզաբանմամբ` թվային մարքեթինգն այն է, որը հնարավորություն է տալիս հենց տեղում գործողություն` վաճառք կատարել: Հայաստանում գործող  մի շարք ընկերությունների  օրինակով, որոնք մեծ հաջողությունների են հասել այդ բնագավառում, նա ցույց տվեց այն կարևոր բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են բիզնես-ոլորտը զարգացնելու համար: Դրանց մեջ նա կարևորեց վաճառքը, արդյունքը և հաճախորդներին մշտական դարձնելը: 

Թվային մարքեթինգի կարևոր  կարգախոսն է` հատկությունները չեն վաճառվում, վաճառվում է միայն օգուտը: 

Հանրահայտ Բիլ Գեյթսն ասել է` մի քանի տարի հետո ձեր բիզնեսը կամ կլինի համացանցում, կամ` ընդհանրապես չի լինի: Ինչո՞վ է մեզ օգնում համացանցը: ՙDigitalin հանում է սահմանները, կապ չունի, թե դուք որտեղ եք,  ինչ որ դուք անում եք այստեղ, կարող եք վաճառել Ամերիկայում: Դա համացանցն է. ձեզ կգտնեն, կտեսնեն, բայց եթե դուք այս ամենը ճիշտ ձևով կազմակերպեք և հասկանաք` ինչքան կրեատիվ մաս  կա այս ամենի մեջ, ինչքան հետաքրքիր բան է թվայինը և ինչ հսկայական հնարավորություններ է տալիս ցանկացած մարդու: Դուք կարող եք լավ տեքստեր գրել, գեղեցիկ դիզայն անել, ինչ-որ գեղեցիկ միտք, գաղափար ունեք` տարածել: Սահմաններն այլևս չկան: Դրանք վերջացել են, գլոբալացվել են՚,-պարզաբանեց բանախոսը` հավելելով, որ ապագան թվայինինն է: Առաջին անգամ համացանցը` հեռախոսով, իսկ դա անցյալ տարի էր, աշխարհով մեկ գերազանցել է  համակարգչով համացանցին:  Հայաստանում և Արցախում օգտատերերի 61 տոկոսն  օգտվում է հեռախոսով համացանցից, դա այն դեպքում, երբ տարիքային որոշակի խմբերն են դա այստեղ օգտագործում, քան Ամերիկայում: Նա օրինակ բերեց Հայաստանի իր ուսանողներից  մի քանիսին, որոնք մտել են այդ գործի մեջ  և սկսել իրենց փոքր բիզնեսը ֆեյսբուքով, մեսենջերով և այլն: Եվ այդ բիզնեսը նրանք չեն անում իրենց հարևանի հետ. նրանք  դուրս են եկել եվրոպական երկրներ:  Ի դեպ, պարզվեց, որ Արցախում էլ անմասն չեն այդ գործընթացներից: 

Մարքեթինգում ամենաթանկ ծառայություններից մեկը կարգախոս գրելն է: Ինչպես տեղեկացրեց բանախոսը` մարքեթինգի  խորհրդատուների մեջ շատ են  ֆիզիկոսները,  մաթեմատիկոսները,  հոգեբանները, քան բուն  մարքեթինգի մասնագետները: Նրա խոսքով` մարքեթինգը ճշգրիտ գիտություն է` հաշվված, ձևված, չափած: 

Վահե Այվազյանի դասախոսության թեման կոչվում էր ՙԷմոցիոնալ վաճառքներ՚: Նրա  խոսքով` այդ թեման  նոր է, դա նոր ճյուղ է: Այդ տեսության հիմքը մարդու վարքագիծն է և պրակտիկ տնտեսագիտությունը: Դրա հեղինակն ինքն է և ընդամենը 3 թրենինգ է անցկացրել Երևանում:  Դասընթացի հիմնական նպատակն է փոխել պատկերացումներն իրական վաճառքների մասին, միաժամանակ օգնել բացահայտելու մարդու էմոցիաները: Գիտնականները պարզել են, որ գոյություն ունեն 500-ից ավելի զգացումներ` ուրախություն, հրճվանք, նվիրվածություն, խղճմտանք և այլն: Հետաքրքիրն այն է, որ վաճառքում բացասական զգացումները նույնպես շատ ուժեղ են ազդում: 

Զբաղվել վաճառքով, մարքեթինգով  և անտեսել մարդուն, նրա էմոցիաները, հաջողության չես հասնի` պարզաբանեց մասնագետը: ՙՊետք է կարողանալ ճիշտ աշխատել մարդու էմոցիաների վրա: Լավ ճանաչելով դրանք` կհասնենք մեծ արդյունքի վաճառքում՚,-ասաց նա: 

Այնուհետև Վահե Այվազյանը բացատրեց, թե թվերը, բառերը, տեղեկատվությունը  ինչպես գրավիչ  դարձնել մարքեթինգում: Այսպես` փոխանակ գրելու ՙմեկ ժամ  համակարգչով խաղը` 300 դրամ է՚, պետք է գրել` ՙ60 րոպեն` 300 դրամ՚ և այլն: Նա բացատրեց մարդկանց վրա ազդելու նաև այլ հնարքներ: Անկեղծ ասած` ներկաներից ոչ բոլորին դուր եկավ այդ մեթոդը: 

Բանախոսները պատասխանեցին նաև ներկաների հարցերին:    

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ