ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐԴԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտի ՙՎալեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրում կայացավ ՙՌեաբիլիտացիայի ժամանակակից տեսակետները բժշկության մեջ՚ միջազգային 8-րդ գիտաժողովի վերջին նիստը։

Կլոր սեղանի շուրջ քննարկվեցին վերականգնողական բժշկության միջազգային ժամանակակից մոտեցումները, ուղղությունները, տեխնոլոգիաները, ինչպես նաև տեղի ռեաբիլիտացիոն ծառայության գործունեության ուղղությունները, Արցախում առկա բնական առողջարարական ռեսուրսների ճիշտ օգտագործման և համատեղ ուժերով հասարակական առողջության պահպանման հարցերը։ Գիտաժողովին ներկա էին ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Կարինե Աթայանը, Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ  ռեաբիլիտալոգիայի, ֆիզիոթերապիայի  և սպորտային բժշկության ամբիոնի վարիչ, ՀՀ պաշտպանության նախարարի ռազմաբժշկական հարցերով խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ՀՀ կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտին կից գործող հիդրո-կինեզոթերապիայի կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Նունե Ակունցը, ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ,  պրոֆեսոր Մառլեն Բոստանջյանը, Մոսկվայի վերականգնողական և սպորտային բժշկության գիտագործնական բժշկական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Իրենա Պոգոնչենկովան, ՌԴ Ն.Պիրոգովի անվան ազգային գիտահետազոտական բժշկական համալսարանի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Սկոբլինան, ոլորտի շուրջ 20 այլ առաջատար մասնագետներ։ Ընդհանուր առմամբ` Ստեփանակերտում կազմակերպված գիտաժողովին ներկա էր ավելի քան 40 մասնակից։

Ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին` Կ. Աթայանը հույս հայտնեց, որ Արցախի վերականգնողական թերապիայի ոլորտում սկիզբ կդրվի տեղի և միջազգային մասնագետների լայն համագործակցությանը, ինչը խթան կհանդիսանա փորձի փոխանակմանը և ժամանակակից ռեաբիլիտացիոն բուժմեթոդների կիրառմանը։ Արդի վերականգնողական թերապիայի նոր մեթոդները նպաստում են սահմանափակ կարողություններով անձանց առողջության արագ վերականգնմանն ու արդյունավետ բուժմանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երկրագնդի բնակչության 15%-ն ունի հաշմանդամություն, իսկ 21-րդ դարի վերջում նրանց թիվը կարող է հասնել մեկ միլիարդի։ 

Կ. Աթայանի խոսքով՝ հաշմանդամությունը համաշխարհային սոցիալական երևույթ է, իսկ Արցախում, հատկապես հետպատերազմյան տարիներից հետո, բնակչության մի մասը կարիք ունի հոգեբանական ու վերականգնողական համալիր բուժման։ ԱՀ ԱՆ հանրապետական բժշկական կենտրոնում գործում է ֆիզիոթերապիայի և ֆիզիկական բժշկության բաժանմունք, որը համալրված է ժամանակակից սարքավորումերով։ Բուժսպասարկումն իրականացվում է նաև ՙԱրևիկ՚ մանկական և շրջանային մյուս բուժմիավորումներում, տեղամասային հիվանդանոցներում։ Այդ կառույցների շարքում կարևոր դերակատարում ունի Ստեփանակերտի Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը գործում է 1998թ.-ից։ Ֆիզիոթերապիայի, ջրաբուժության և այլ բուժծառայություններին զուգահեռ այստեղ վերապատրաստվում են նաև ֆիզիոթերապիստներ, ովքեր էլ հետագայում աշխատանքի են անցնում այլ բուժհաստատություններում։ ՙԱյս գիտաժողովը կատարելագործման խթան կհանդիսանա ոլորտի մասնագետների համար, կբացվեն համագործակցության, փորձի փոխանակման նոր շրջանակներ և ժամանակակից մեթոդների կիրառման լայն հնարավորություններ։ Սա մեր առաջին, բայց, հուսով եմ, ոչ վերջին հանդիպումն է՚,- նշեց Կ. Աթայանը։ 

Գիտաժողովի մասնակիցներին Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի գործունեությունը ներկայացրեց կառույցի տնօրեն Վարդան Թադևոսյանը։ Նրա պարզաբանմամբ՝ տեղում աշխատում են ֆիզիոթերապիստներ և օկուպացիոն (զբաղվածության միջոցով բուժում իրականացնող) թերապիստներ, որոնց աշխատանքն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական բուժմանը, որպեսզի վերջիններս ինտեգրվեն հասարակությանը։ Այստեղ բուժվում են տարիքային տարբեր խմբերի հաշմանդամներ։ Բավականին մեծ աշխատանք են տանում լոգոպեդներն ու հոգեբանները, իսկ վերջերս բացված նոր բաժանմունքում բուժվում են աուտիզմով հիվանդ երեխաները։ Վ. Թադևոսյանը վերականգնողական բուժման կարևոր ճյուղ հանդիսացող ֆիզիկական և օկուպացիոն թերապիան Արցախում համարում է կայացած, և կանեն ամեն ինչ, որպեսզի ունենան ավելի լավ արդյունքներ։ 

Անդրադառնալով ներկա աշխատանքային դժվարություններին, տնօրենը խոսեց շենքային պայմաններից և հույս հայտնեց, որ ապագայում դրանք կբարելավվեն և կընդգրկեն նեղ մասնագիտական այլ ծառայություններ։ Իսկ նման միջազգային գիտաժողովը, բնականաբար, դրական ազդեցություն և խթան կհանդիսանա ավելի զարգացնելու բժշկության այս ճյուղը։ Ու քանի որ ֆիզիոթերապիան իրականացնում են նաև էլեկտրասարքավորումներով, դրանք պետք է համապատասխանեն համաշխարհային կամ ռուսաստանյան փորձի արդյունավետ մոտեցումներին։

Հանրապետական բժշկական կենտրոնի ֆիզիոթերապևտ Լինա Ավագիմյանի տեղեկատվությամբ՝ վերջին 3 տարիներին ֆիզիոթերապիայի բաժանմունքն համալրվել է նոր սարքավորումներով, և դրանք փորձում են կիրառել վերականգնողական բժշկության ժամանակակից մեթոդներին համապատասխան։ Այդ սարքավորումներով իրականացնում են տարբեր հիվանդությունների ժամանակ ցուցված բուժումներ, հատկապես արդյունավետ են բուժվում սթրեսների հետևանքով առաջացած դիմային նյարդի նևրիտ հիվանդությունները։ Իսկ ապրիլյան պատերազմից հետո նման ախտանշաններով հիվանդների թիվն աճել է, և բաժանմունք դիմողների շարքում ընդգրկվել էին Մարտակերտի շրջանի Թալիշ ու Մատաղիս գյուղերի բնակիչներ։       

Միջազգային գիտաժողովի համանախագահ Բենիկ Հարությունյանն իր հերթին ողջունեց  մասնակիցներին և շեշտեց, որ երկու տարին մեկ կազմակերպվող վերականգնողական բժշկության ոլորտի ժամանակակից մոտեցումներին նվիրված միջոցառումներին ամեն անգամ մասնակցում են  համաշխարհային հռչակ ունեցող առաջատար մասնագետներ։ ՙՍովորաբար այս գիտաժողովները բաղկացած են գիտական և մշակութային մասերից։ Գիտական փուլում մտքեր փոխանակելով` վեր ենք լուծում տվյալ ժամանակաշրջանին բնորոշ ոլորտի զարգացումները, ուղղություններն ու խնդիրները, չլուծված հարցերը և առաջատար տարբեր երկրների մասնագետների այդ հարցերին լուծում տրվող ժամանակակից առաջարկներն ու դիրքորոշումները։ Նման շփումները մեծ դերակատարություն ունեն ոլորտի զարգացման համար, որովհետև մենք նաև այդ բոլոր աշխատությունները հրատարակում ենք ձեռնարկի ձևով և դարձնում տպագիր նյութ՝ նախ երիտասարդ գիտնականների համար, ապա նաև որպես հայտնի մասնագետների հստակ դիրքորոշումներով լուրջ աշխատանքներ, որոնք էլ որոշիչ են դառնում ոլորտում՚,-ասաց պրոֆեսորը։ Նա գոհ է գիտաժողովի աշխատանքներից, հատկապես որ, որպես նորություն, այս տարի որոշել են գիտաժողովի առաջին օրն անցկացնել Երևանում, երկրորդը՝ Ստեփանակերտում՝ կլոր սեղանի ձևաչափով։ Տեղի մասնագետների հետ քննարկեցին ոլորտի կարևորագույն հարցերը, ներկայացրին երկկողմ ծառայությունների գործունեությունը, սպասելիքները, ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ գործունեության և գիտական համագործակցության շրջանակներում։ Բ. Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ նման գիտաժողովներին ներառել նաև Արցախը, համոզված լինելով, որ ԱՀ նախագահն այդ հարցում կընդառաջի։

 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ