Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՄԻՇՏ ԱՐԴԻԱԿԱՆ Է

Արցախի գրողների միությունը  սեպտեմբերի 27-29-ը  կրկին կազմակերպեց ՙՄուրացանյան օրեր՚: Նկատենք, որ  մեծանուն գրող Մուրացանին նվիրված այս միջոցառումը մեզ մոտ կազմակերպվում է 1980-ական թթ. կեսերից:

Առաջին միջոցառումը տեղի է ունեցել Մուրացանի արձանի մոտ (ներկայիս ԱԳՆ-ին հարող տարածքում): Սակայն  հետագայում հուշարձանը տեղափոխվեց Շուշի  և տեղադրվեց գրողի անունը կրող դպրոցի բակում, ուստի և հանդիսությունների մեկնարկը  սկսվում էր հենց այստեղից: Այս տարի էլ  ավանդույթը չխախտվեց. չնայած ներկայումս Շուշիի Մուրացանի անվան  դպրոցը միավորվել է Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային  դպրոցի հետ, իսկ նախկին կրթօջախի շենքում տեղակայվել է մեկ այլ ուսումնական հաստատություն: 

Միջոցառման մասնակիցները` գրողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ, ծաղիկներ դրեցին մեր անվանի հայրենակցի հուշարձանին:

Առաջին օրը տեղի ունեցան գրողների հանդիպումներ Շուշիի Ն զորամասի և Ասկերանի պաշտպանական շրջանի զինվորականության հետ: Գրողներն իրենց հեղինակած գրքերից նվիրեցին զորամասերի գրադարաններին, հանդես եկան զինծառայողների առջև: 

Հաջորդ օրը գրողները խմբերով հանդիպումներ ունեցան  Ստեփանակերտի հ. 3, Հադրութի շրջանի Մեծ Թաղերի, Մարտակերտի շրջանի Կուսապատի և Քաշաթաղի դպրոցների աշակերտների հետ, իսկ Մարտունիում գրողների մեկ այլ խումբ եղավ Ն զորամասում: Բոլոր հանդիպումներում թեման Մուրացանի միասնության գաղափարն էր: ՙԱմենից ավելին սիրեցեք միությունը, որովհետև դա այն ուժն է, որ լեռներ է պատառոտում, ամբարտակներ է կործանում, գետերի ընթացքն է կասեցնում: Սովորեցեք զոհել այդ միության ամենը` ինչ որ ունիք աշխարհում թանկագին, և նա կբերե ձեզ և ձեր որդոց այն երջանկությունը, որին շատերն են որոնում, բայց շատ քչերն են ժառանգում՚,-այսպես է գրել իր ժամանակին ՙԳևորգ Մարզպետունու՚ հեղինակը: 

Մուրացանի գաղափարաբանության հենքը ընտանիքի ամրությունն է: Նրա համոզմամբ` հզոր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ: Հայրենասիրությունը լոկ բառերով չպիտի արտահայտվի, այն պիտի դրսևորվի ամեն մի հայի գործելակերպում, նրա առօրյա գործողությունների մեջ: Նրա այս պատգամը մեզ ուղեկցում է  արդեն մեկ դարից ավելի, և սակայն այն չի հնանում: Ավելին, Մուրացանի պատգամն այսօր էլ հրատապ է մեր ներքին և արտաքին մարտահրավերների տիրույթում: 

Առհասարակ Մուրացանը   մեծ փիլիսոփա էր, որի մտքի սլաքներն անցյալից մղվում են դեպի ներկա և ներկայից էլ` ապագա: ՙՈրպես մտածող և գեղագետ` նա դրվատեց մարդկային արժեքների գեղեցկությունը, իր իդեալների աշխարհից ոգեկոչեց միջավայրից վեր բարձրացած և մտքի արտակարգ սրությամբ ու զգացմունքների հարստությամբ օժտված ներարժեք անհատին`  նրա ներքին էներգիան լիցքավորելով կյանքը վերափոխելու բուռն ձգտմամբ: Մարդու գոյության իմաստը չափելով անցողիկի ու հավերժականի խորհրդով` Մուրացանն ամենասուր տագնապներով վերապրեց ներքին հակասություններից տրոհվող հասարակության սարսափները և կեցության հազարամյակների դասերից հանելով էթիկական սրբագործված արժեքներ` փորձեց կանխել մասնավորի ու ընդհանուրի ողբերգական խզումը: Մարդկային արժեքների էսթետիկական ու փիլիսոփայական այս բովանդակության մեջ է Մուրացանի ստեղծագործության արդիական նշանակությունը՚.- իրավամբ գրել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը:

Հատկանշական է, որ Արցախի գրողների միությունը ՙՄուրացանյան օրեր՚-ի շրջանակում դարձյալ ներառել է նաև գրքերի շնորհանդեսներ: Գրական այս միջոցառումը տեղի ունեցավ Մարտակերտի մշակույթի պալատում: Ներկայացվեցին ճանաչված մանկավարժ Նատաշա Պողոսյանի ՙՄանկավարժի օրագիր՚, ՙԳրողն ու ուսուցիչը՚ գրքերը, որոնք կարելի է ՙՄուրացանյան  օրեր՚-ի տրամաբանության մեջ գնահատել` արժենշելով հիշյալ գրքերի դերն ու նշանակությունը Արցախի գրական-մանկավարժական կյանքում: 

ՙՄուրացանյան օրեր՚-ի ծրագիրը եզրափակվեց Ստեփանակերտում` ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում: Բուհի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով` ՙՄուրացան. ազգային միաբանության գաղափարը երեկ և այսօր՚ թեմայով: Գիտաժողովը բացեց Արցախի ԳՄ նախագահ, նշված համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Վարդան Հակոբյանը: Շեշտելով Մուրացանի գրական մեծ ժառանգությունը` Վ. Հակոբյանը միաժամանակ նշեց, որ գրողի ստեղծագործություններն ընթերցողին հնարավորություն են տալիս նաև ինքն իրեն ճանաչելու, որովհետև այն մտահոգությունները, որոնք առկա են Մուրացանի երկերում, գեղագիտական ըմբռնումով համահունչ են այսօրվա խնդիրներին: 

Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Զինաիդա Բալայանը և ուրիշներ: 

Վերջում ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը ասմունքեց մի հատված ՙՌուզան՚ պատմական դրամայից:   

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ