ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի օրն է: Տոն, որ նշվում է ավանդաբար:
Արցախի պետականակերտման գործընթացում անուրանալի է ուսուցչի դերը, որովհետև առաքելություն ունի պիտանի սերունդ աճեցնելու մեր հասարակության համար. ուսուցչի շնորհիվ են կայանում հայրենիքի վաղվա պաշտպանը, գիտնականն ու շինարարը: Հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ պատկառանք է ունեցել ուսուցչի հանդեպ:
Օրվա կապակցությամբ Արցախի շուրջ 4500-հոգանոց ուսուցչական բանակից ընտրել ենք երեքին` ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանին, Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անվան հ. 4 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ մրցույթի քաղաքային փուլի հաղթող Նորա Թամրազյանին, Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի, ՙՏարվա լավագույն ուսուցիչ՚ շրջանային փուլի հաղթող Շուշան Մինասյանին, որոնք իրենց մտորումներն են կիսել մեզ հետ ՙՈ՞վ է մեր օրերի ուսուցիչը՚ հարցադրման շրջանակում:
Ներկայացնենք դրանք:
Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ. - Ո՞վ է ուսուցիչը: Հարց, որ ամեն անգամ բարձրաձայնում եմ ու փորձում վերաարժևորել այս մասնագիտությունը կրող անձանց, որոնք սերունդներ են կրթում, նորովի դաստիարակում գալիք օրերի հողի մշակներին, սահմանը պաշտպանող հայորդիներին...Տնտեսագետ չեն ծնվում և ոչ էլ` բժիշկ, երկրի նախագահն էլ դպրոցական կյանք է անցել, ու պատկառանքը ուսուցչի հանդեպ դարերն են ծնել, որ ծնրադրեն նրանց, ովքեր ուսուցիչ են կոչվել: Ու վեհագույն են դարձել նրանք, և խոնարհվել են նրանց առջև` որպես սրբություն սրբոց:
Բայց ժամանակնե՞րն են փոխվել գուցե, որ երբեմն թերարժեքության զգացումն է իշխում ուսուցչի հանդեպ: Իսկ ես ուսուցչին տեսնում եմ ժամանակին համաքայլ, նոր օրերի աշակերտության հետ սիրով շաղկապված, փոխադարձ հասկացվածությամբ, իր օրինակելի կերպարով, իր անձի հանդեպ դեռահասի ցուցաբերած համակրանքով: Ուսուցիչն ինձ երևում է իր մանկավարժական նորարարությամբ, նրբանկատ ու ազնիվ վերաբերմունքով, երբեմն` դեռահասի հետ ունեցած հավասար իրավունքներով:
Ո՞վ է ուսուցիչը. ում բացակայությամբ անհանգստանում է աշակերտը, հարցնում նրա որպիսությունը... Երբեմն վեհության պատվանդանից իջնել է պետք, որ դեռահասի բացահայտումին, թե` ՙԴուք գեղեցիկ եք այսօր՚, կարողանաք ժպտալ: Գաղտնիքներ գիտե՞ք, որ աշակերտն է պատմել իր հույզերի մասին, որ թեթևանա հոգին: Երբեմն թաքուն, երբեմն անթաքույց սրբե՞լ եք աչքերը ձեր, որ արցունքով են մշուշվել նրանց հետ զրուցելիս: Աղաղակե՞լ եք երբեմն այն անարդարների դեմ, որ աշխարհ են քանդում, երկիր ավերում:
Բացե՜ք ձեր սրտի դռները, երբ օրենք պահողն է օրենքը խախտում, բացե՜ք դրախտի դռներն այն դեռահասների առջև, որ չհուսահատվեն, թե աշխարհն այս շատ նեղ է... Իսկ ո՞վ է այն ուսուցիչը, ում համար դասաժամի րոպեներն անգամ թռչում են սահուն` վայրկյաններ դարձած: Երբեմն խոստովանե՞լ եք այդ դեռահասներին, որ սիրում եք նրանց: Գուցե ծիծաղե՞ք նրանց հետ, երբ կատակում են, ու զսպում իրենց, որ ծիծաղ սպանեն: Անկեղծանալ է պետք երբեմն, որ սերը թևեր առնի, ու դեռահասի համար դառնանք ընդօրինակելի կերպար:
Ամենապատվաբեր աշխատանքն է ուսուցչի մասնագիտությունը, որին պետք է տիրապետել ու նվիրվել անհագուրդ սիրով: Այն ո՞վ է, որ երազել է իր ամբողջ կյանքում ուսուցիչ լինել, ու երազանքն այդ թևեր է առել, երբ դասարան է մտել: Մտքերի մեջ ընկած այն վերջին նստարանին նստած աշակերտին խոսեցրե՜ք երբեմն, ու կարող է ցնցվեք հանկարծ նրա մեկ բառով անգամ: Եթե լույսի սերմնացան ենք, ապա լույս սփռենք այս սերնդի առջև, որ լուսավոր լինի նրանց անցնելիք ճամփան: Լուսավորենք նրանց միտքն ու հոգին, առ Աստված ուղղված աղոթքները մեր սուրբ հավատք դառնան, որ հոգիներ բուժեն:
Միշտ էլ մանկավարժի գործն ակնածանքով է գնահատվել հասարակության, ընդհանրապես` պետության կողմից: Ստեղծագործող ուսուցիչների հանդեպ առանձնակի ուշադրության կարիք կա, որ երբեմն անտեսվում է, երբեմն` ընկալվում: Դրա վառ ապացույցը սահմանամերձ բնակավայրում ապրող ուսուցչուհուս վերջերս հրատարակած գրքերն են, որ նվիրեցի ուսուցիչներին, աշակերտներին...Իմ ՙՄանկավարժի օրագիրը՚ դարձավ ուսուցչի նվաստացուցիչ աշխատավարձով նվիրատվություն, երբ պատկան մարմինները հրաժարվեցին այն հրատարակել:
Ուսուցիչն ո՞վ է...Մարդ, որ մտահոգ է սերնդի վաղվա օրով, ու այդ սերնդին սահմանից եկող կրակոցների արձագանքների տակ հայրենասիրության դաս է ուսուցանում: Այդ ուսուցիչն է գիրք ստեղծում, ստեղծագործական պաթոսով այս սերնդին տանում դեպի ճշմարտություն, սերունդ, որ պատերազմի ականատես է և իր ուսուցչի գրքի հերոսն է դառնում ու ամուր կառչում այս հող ու ջրին: Այս սերունդն է, որ իր ուսուցչից դաս առած ՙո՜չ՚ է ասում արտագաղթին ու պատերազմին, և հայացքը հառած ջինջ երկնքին` խաղաղություն է երազում: Այս սերունդն է մեր երկրի ապագան, նա էլ ամենքի հետ շնորհավորում է Ուսուցչի տոնը, ցանկանում բոլորին ստեղծագործական նորանոր վերելքներ:
Ո՞վ է ուսուցիչը..., նորից կրկնում եմ ես ու դառնում մեկն այն հազարավորներից, որը խաղաղ ու անհոգ կյանք է երազում մեր երեխաների համար, որ պիտի դառնան այս երկրի սյունը, նրա ապագան:
Նորա ԹԱՄՐԱԶՅԱՆ. - 36 տարի է` ընթանում եմ մանկավարժի ոչ դյուրին ուղիով: Սկսել եմ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի միջնակարգ դպրոցից, որտեղ աշխատել եմ 8 տարի, շարունակել Շոշում, ապա` Ստեփանակերտի 10-րդ միջնակարգում և առայսօր` հ. 4 հիմնական դպրոցում: Համատեղության կարգով դասավանդում եմ նաև Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում: Միշտ աշխատել եմ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:
Լավագույն ուսուցիչների օրինակը ցույց է տալիս, որ ուսուցչի էության մեջ ոչինչ չի փոխվում` կախված ժամանակից: Բոլոր ժամանակներում իսկական ուսուցչի կոչումը սերունդ կրթելն է, և նա մնում է իր բարձունքի վրա: Ոմանք բողոքում են, որ հիմիկվա աշակերտների հետ դժվար է աշխատել, բայց կասեմ` եթե ճիշտ դաստիարակություն է տարվում, դժվար չէ: Ուսուցիչը հենց այն ուժն է, որը պետք է աշակերտին տանի ճշմարիտ ճանապարհով: Զուտ ճշմարտությունը քարոզել աշակերտին` ուսուցչի մեծությունը չէ. ուսուցիչը պետք է աշակերտի միջոցով կարողանա բացահայտել այդ ճշմարտությունը: Հիմա սովորեցնողները շատացել են, միայն ուսուցիչը չէ, բայց ուսուցչի դերակատարությունը հենց այն է, որ կարողանա ճիշտ ուղու վրա դնել երեխային, որպեսզի նա կյանքում չսխալվի, ճիշտ կողմնորոշվի, կարողանա գնահատել լավը, վատը, ճիշտը, սխալը: Իսկ եթե չի կատարվում այդ աշխատանքը, ուրեմն ուսուցիչը թերանում է:
Ասում են` լավ ուսուցիչը նա է, ով լավ է սովորեցնում, լավ է տիրապետում իր մասնագիտությանը: Ես մի ընդհանրացում կանեմ. լավ մանկավարժը նա է, ով սիրում է իր աշխատանքը, իսկ ավելի լավ մանկավարժը նա է, ով սիրում է իր աշակերտներին: Ուսուցիչը կարող է շատ գիտելիքների տիրապետել, բայց չսիրել իր աշակերտներին: Նա արդեն չի դառնա լավ մանկավարժ, որովհետև այն նպատակին, ինչին ինքն է կոչված, հնարավոր չէ հասնել զուտ պարտականություն կատարելով: Իմ համոզմամբ` ամենաառաջին նախապայմանը լավ ուսուցչի սերն է դեպի աշակերտը: Հայտնի ճշմարտություն է. եթե երեխան սիրում է իր ուսուցչին, սիրում է նաև նրա առարկան: Տարիներ շարունակ աշխատում ես` առանց մտածելու, որ քո աշխատանքը կգնահատեն ուրիշները: Ամենամեծ ու անկեղծ գնահատականը տեսնում ես աշակերտիդ հայացքում, ու դու քեզ վարձատրված, ոգևորված ու, միևնույն ժամանակ` պարտավորված ես զգում:
Քո ամենամեծ գնահատականը նաև քո գոհունակության զգացումն է ինքդ քեզնից: Ոչ ոք քեզանից լավ չի կարող գնահատել աշխատանքդ. ինքդ ավելի լավ ես հասկանում` ինչ հաջողվեց քեզ, ինչում թերացար: Ամենայն անկեղծությամբ` 36 տարում չի եղել մի դեպք, որ դասարան մտնելուց ու դուրս գալուց հետո ինքս ինձ դասը չվերլուծեմ: Երբեք տվյալ դասը նման չի լինում նախորդին: Գուցե նաև դրանում են ուսուցչի ստեղծագործականությունը, արարումը: Նույնիսկ դասի պահին աշակերտի հայացքը, գնահատական ստանալուց, դիտողությունից կամ գովեստից հետո ինչ զգաց նա` օրը պտտվում է գլխումդ, և ամեն դասից հետո կարծես վերածնվում ես:
Դասարանը չի սահմանափակվում միայն դպրոցի պատերով: Ուսուցիչը օրվա բոլոր պահերին է ուսուցիչ և ամբողջ ժամանակ աշակերտների հետ է մտքով ու հոգով:
Այնպիսի մի պահ չի եղել, որ ես մտածեմ. ինչու ընտրեցի այս մասնագիտությունը: Ավելին, մեր ընտանիքում մեծ մասը մանկավարժ է` ամուսինս, դուստրս, հարսներս, քույրս, և չենք կարող ասել` որտեղ է ավարտվում դասարանը, որտեղ սկսվում ընտանիքը:
Ընդհանրապես, մարդկային արժանիքներից գերադասում եմ ազնվությունը, խոհեմությունը, համեստությունը: Դա է թելադրում նաև մեր մասնագիտությունը: Խելոք մարդը չի ցուցադրում իր սեփական անձը: Համեստությունից սկսվում են ուսուցչի` աշակերտի հետ հաղորդակցվելու, առողջ փոխհարաբերություններ ստեղծելու ընդունակությունները:
Ուսուցչի առջև նստած աշակերտն անմիջապես զգում է նրա ձայնի կեղծ նոտան. ուսուցչի սովորական մի խոսքից զգում է` նա իսկականի՞ց ցավեց, թե՞ հենց այնպես ձևական խոսք ասաց: Հաջողության հասնելու գրավականն այդ ամբողջի գումարն է: Ուսուցչի մասնագիտությունը մասնագիտությունների մասնագիտությունն է, որովհետև բոլորը նրա ձեռքի տակով են անցել:
Ես հպարտ եմ, որ ունեմ մանկավարժ դարձած աշակերտներ: Նրանք այժմ լավ մասնագետներ են: Եվ երբ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք, ուրախանում եմ, որ ինչ-որ տեղ նրանք կգերազանցեն ինձ: Հպարտությամբ կմտածեմ` այն, ինչ արել եմ, սխալ չի եղել: Հպարտ եմ նաև, որ նրանք` իմ աշակերտները, լավ բժիշկներ են, սպաներ, շինարարներ, պարզապես լավ քաղաքացի ու մարդ: Ճիշտ է ասված` մարդն է մարդուն մարդ դարձնում:
Շնորհավորում եմ ուսուցիչներին` մասնագիտական օրվա առթիվ: Դա եզակի տոներից մեկն է, որը չի վերաբերում միայն այդ մասնագիտությունը կրող մարդկանց: Դա վերաբերում է ուսուցիչներին և աշակերտներին` ներկա և նախկին: Իսկ մեր հասարակության մեջ բոլորը երբևէ աշակերտ են եղել, և յուրաքանչյուրը սրտի խորքում պահում է սիրելի ուսուցչի անունը: Անսահման եռանդ եմ կամենում և մեծ սեր դեպի իրենց աշակերտները, քանի որ բոլոր մեծ ու հաջողված գործերը ստեղծվում են մեծ սիրուց: Պետք է սիրես քո գործը, դիմացիդ մարդուն, նրան, ում նվիրվում ես, և հաջողությունները անխուսափելի կլինեն:
Շուշան ՄԻՆԱՍՅԱՆ. - Ըստ իս, ուսուցչի հաջողության ամենամեծ գրավականը լրիվությամբ մանկավարժությանը և մասնագիտությանը նվիրվելն է: Սակայն մանկավարժ լինելու համար մասնագիտությանը խորությամբ տիրապետելը դեռևս բավարար չէ: Պետք է կարողանաս այն մատուցել աշակերտներին, մտածես` ինչ ձևով և ինչ եղանակով, ապրես նրա հոգսերով` լինի դպրոցական թե ընտանեկան:
Ճիշտ է ասված` ժամանակը ոսկի է: Ուսուցչի համար այն առավել ցայտուն է: Կկարողանա՞ս, արդյոք, դասապրոցես լինի, թե արտաժամյա աշխատանք, բավարար հարաբերություններ ստեղծել աշակերտական, ծնողական հանրույթների, գործընկերների, հարազատների հետ, ընտանիքում:
Միևնույն ժամանակ մտածում ես` կհասկանա՞ն քեզ, եթե չկարողանաս դիմացինի մոտ ցանկալի ձևով դրսևորվել: Չէ՞ որ ժամանակի խնդիր է փոխադարձ հարաբերությունները բավարար հիմքերի վրա դնելը:
Ես հավատացած եմ, որ ուսուցչի աշխատանքն աննպատակ չի անցնում, աննկատ չի մնում: Ուսուցիչը լույսի ակունք է, և առաջին ու ամենամեծ գնահատական տվողը աշակերտն է: Արամայիս Սահակյանի այս խոսքերը`ՙՀողագնդին անհրաժեշտ են ուսուցիչներ…՚, գրված են հավերժության համար: Կարծում եմ` ուսուցչի աշխատանքը գնահատվում է, թե չէ` չէին ծնվի այս տողերը:
Մանկավարժ լինել ամեն ինչում, կարողանալ լսել, հարգել, հասկանալ, խրախուսել, հանդուրժել և, ամենից կարևորը` սիրել աշակերտներին: Մանկավարժության հիմնարար խնդիրներից մեկն էլ երեխայի հոգին լավ ըմբռնելն է: Եթե սիրենք նրան, կվարձատրվենք նրա շռայլ սիրով: Սեր աշխատանքի նկատմամբ և ինքնակրթություն` ահա հաջողության հասնելու ամբողջ գաղտնիքը:
2001 թվականից աշխատում եմ Ասկերանի Էդ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում: Կրթօջախ, որն ունի լավագույն ավանդույթներ, ունեցել է բարձրակարգ թողարկումներ: Ինքս էլ ավարտել եմ այդ կրթօջախը. ոչ միայն ուրախանում եմ նրա հաջողություններով, ձեռքբերումներով, այլև ձգտում եմ ինքս էլ իմ լուման ունենալ այդ ամենում: Ամեն մեկիս հաջողությունը բոլորինս է, իսկ ընդհանուր հաջողությունների արդյունքը մեր թողարկած շրջանավարտներն են, որոնք կյանք են մտնում անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով զինված և տարբեր բնագավառներում արդարացնում են իրենց: Առանձնապես ուրախալի է, որ նրանց մոտ հարգի է մանկավարժ դառնալու ձգտումը, և նրանցից շատերը ձեռք են բերել արհեստավարժ մանկավարժի համբավ: Դյուրին չէ մանկավարժի աշխատանքը, բայց քաղցր են նրա պտուղները: Իրոք, արժե ուսուցիչ դառնալ, քանզի աշակերտների հարգանքն ու սերը մեղմացնում են բոլոր հոգսերը:
Ուսուցչի օրվա առթիվ հանրապետության բոլոր մանկավարժներին մաղթում եմ առողջություն, լավատեսություն և ամենից կարևորը` շատ սիրել մեր աշակերտներին:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ