[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻՆԵԼ ԱԶԱՏ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

Հոկտեմբերի 12-ին նույն ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում տեղի ունեցավ բաց քննարկում ՙԼինել ազատ. հնարավորություններ և խոչընդոտներ՚ թեմայով:

Այն վարում էր հոգեբան և լրագրող Սոնա Բուռնազյանը: Քննարկումն ինտերակտիվ էր, ուղեկցվում էր սլայդերի ցուցադրումով, տեքստերով, հագեցած էր հետաքրքիր ինֆորմացիայով:

Մասնակիցները թեստի, հարց ու պատասխանի միջոցով հնարավորություն ունեցան արտահայտել իրենց կարծիքներն ՙազատություն՚ հասկացության մասին: Ակտիվ քննարկում տեղի ունեցավ ներքին ազատության դրսևորումների, կարծրատիպերի, ներքին և արտաքին խոչընդոտների մասին: Որքանո՞վ են դրանք սահմանափակում անհատի ազատությունը: Եվ ի՞նչ ենք պատկերացնում ազատություն ասելով: Որտե՞ղ է անցնում ազատության և անազատության սահմանը: Ազատությունն ավելի շատ ներքին հոգեվիճա՞կ է, թե՞ կախված է արտաքին հանգամանքներից: 

Քննարկման դրված այս հարցերին ներկաներն ամենայն անկեղծությամբ էին պատասխանում` ձգտելով գտնել ճշմարիտ  այն եզրագիծը, որ հավասարակշռում է ազատ ու ոչ ազատ լինելու անընդհատ փոփոխվող իրողությունը: Որ ամեն մարդ յուրովի է պատկերացնում ազատ լինելու հասկացությունը, բազմիցս հաստատվեց երեկոյի ողջ ընթացքում: Ազատություն արտահայտող ցուցադրվող նկարներին երկու տասնյակ ներկաների տված գնահատականները բոլորովին իրարամերժ էին: Տասը նկարներից միայն երկուսին տրվեցին գրեթե նույն գնահատականները: Ուշագրավ էր նաև ազատության մասին յուրաքանչյուր մասնակցի պատկերացումների զանազանությունը: Բանախոսի ՙԻ՞նչ է ազատությունը՚ հարցի պատասխանները հետևյալն էին: Լինել բնական: Ապրել լիարժեք կյանքով: Չլինել հպատակ: Երբ ամեն ինչ պարզ է: Լինել բաց: Լինել պատասխանատու: Ունենալ ներքին խաղաղություն: Ունենալ հոգու հանգստություն: Ազատ լինել թերություններից: Ունենալ  ընտրության հնարավորություն: Լինել ներդաշնակ դրսի և ներսի աշխարհի հետ: Ազատությունը սեր է, ամեն ինչ է, ազատ թռիչք է, ժամանակի կառավարում է… Այնուամենայնիվ, ներկաները, կարծիքների այս բազմազանությամբ հանդերձ, եկան մի եզրահանգման. ազատությունն այն է, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի ազատ արտահայտվելու, ընտրություն ունենալու: Ապրել այնպես, ինչպես կամենում է, բայց ոչ ուրիշի ազատության հաշվին:

Քննարկման մասնակիցները շնորհակալություն հայտնեցին թե՜ Սոնա Բուռնազյանին` մարդուն հուզող, հրատապ հարցեր բարձրացնելու, պրոֆեսիոնալ մոտեցման համար, թե՜ ՙԱրմատներ՚ կենսակենտրոնին` նման միջոցառումներ կազմակերպելու համար:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ