[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 14-ին Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոցում Արցախի պետական համալսարանի կողմից իրականացվող ՙՈւսանող-աշակերտ-զինվոր՚ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցում էին Քարվաճառի դպրոցի 2, Նոր Վերինշեն և Եղեգնուտ համայնքների դպրոցներից մեկական թիմեր։

Այդ առթիվ Քարվաճառ էին ժամանել  Արցախի պետական համալսարանի ուսանողներ, համալսարանի ուսանողական խորհրդի ու ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներ, համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։Միջոցառման մասնակիցներին ողջունեց Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար, ԱրՊՀ շրջանավարտ Հարութ Մնացականյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համալսարանականներին՝ շրջան այցելելու, հետաքրքիր միջոցառում կազմակերպելու համար, իսկ խաղի մասնակիցներին մաղթեց հաջողություն։ 

Ներկաներին ողջունեց նաև ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ով ներկայացրեց համալսարանի ուսանողական խորհուրդն ու ուսանողական գիտական ընկերությունը, որոնց նախաձեռնությամբ անց են կացվում ինտելեկտուալ մրցույթները։

Խաղը վարեց համալսարանի ուսանողական գիտական կենտրոնի նախագահ Լուիզա Ներսեսյանը, ով կազմել էր հարցաշարը։

Երեք փուլերի 30 և լրացուցիչ հարցերին պատասխանելու արդյունքում առաջին տեղը գրավեց Քարվաճառի դպրոցի ՙՔարվաճառ՚ թիմը, Նոր Վերինշեն համայնքի դպրոցի ՙԱրցախի սաներ՚ թիմը գրավեց երկրորդ իսկ Եղեգնուտ համայնքի ՙՊետո՚ թիմը երրորդ տեղերը։ Չորրորդ տեղում էր Քարվաճառի դպրոցի ՙՀայոց արծիվներ՚ թիմը։

Մրցույթի վերջում թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, հավաստագրերով և գրքերով։ 

Համալսարանականները եղան նաև շրջանի Դադիվանք  համայնքում, այնտեղ դպրոցականների հետ մասնակցեցին այդ օրը կազմակերպված շաբաթօրյակին։

 

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ