Logo
Print this page

ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ

Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ ստացանք հեղինակի մահվան բոթը: Ցավում ենք, որ Ալբերտ Խաչատրյանի` թերթի լավագույն բարեկամի մասին, արդեն խոսում ենք անցյալ ժամանակով…

 Ընթերցողների սեղանին է դրվել  Արցախի  կրթական համակարգի ամբողջական պատմության եռահատոր աշխատությունը (հեղինակներ՝ Արպատ Ավանեսյան-մանկ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Գրիգորի Հարությունյան-մանկ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր): Աշխատությունը գրախոսել և երաշխավորել են տպագրության ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Արցախի պետական համալսարանի գիտական խորհուրդը և ԼՂՀ գիտական կենտրոնի գիտական խորհուրդը:

Առաջին հատորն ընդգրկում է 5-րդ դարից մինչև 20-րդ դարի երկու տասնամյակները: Դա մի պատմական շրջան է, երբ հայ ժողովրդի այս հատվածն իր գոյության ամենաօրհասական պահերին անգամ չի կորցրել հոգու արիությունն ու մտքի սլացքը, միշտ մաքառել է իր գոյության, մշակույթի և այդ մշակույթը ժողովրդի մեջ վառ պահող կրթական օջախների համար:

Աշխատության առաջին գլխում ներկայացվում են Արցախի կրթական համակարգի ձևավորման ու զարգացման ուղղությունները 5-18-րդ դարերում, կրթական, հոգևոր և մշակութային գործիչների լուսավորչական գործունեությունը: Իրենց ուսումնասիրությունների համար հեղինակները լայն չափով օգտագործել են Մատենադարանի ձեռագրերը, վավերագրերը, հայ պատմիչների, մեր ժամանակաշրջանի պատմաբանների աշխատությունները, մանկավարժ-պատմաբանների  տպագիր, ձեռագիր գրականությունը (հատորում ներկայացվում են 505 հայերեն, ռուսերեն աղբյուրներ), արխիվային նյութեր, պարբերական մամուլ  և երախտաշատ մանկավարժ-գիտնականների անձնական արխիվային նյութեր և ըստ արժանվույն գնահատել մեղվաջան բնույթ կրող վերոնշյալ և այլոց ուսումնասիրությունները, որ նրանք կատարել են պատմական Արցախի դպրոցի, մշակույթի բազմադարյան պատմության առանձին փաստերը հայտնաբերելու և պարզաբանելու ուղղությամբ: Հեղինակները գնահատել են նաև Հ. Գրիգորյանի, Գ. Հարությունյանի (սույն հատորի համահեղինակ) հեղինակությամբ հրատարակված ՙԱրցախի դպրոցը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը՚ համառոտ ակնարկ-գիրքը:

Փաստագրական հարուստ նյութերի ուսումնասիրումը հնարավորություն է ընձեռել հեղինակներին 2-րդ գլխում (ՙԱրցախի կրթական նոր համակարգի ձևավորման ու զարգացման նախապայմանները 19-րդ դարի առաջին կեսին՚)  նորովի լուսաբանել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նշանակությունն արցախահայության կրթական գործի զարգացման գործընթացում:

Աշխատության մյուս չորս  գլուխներում  ընդարձակ տեղեկություններ կան 19-րդ դարի առաջին կեսին Արցախի թեմի լուսավորիչ մանկավաժների և դպրոցական գործիչների, 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի երկու տասնամյակում Արցախի կրթական համակարգի զարգացման ողղությունների, մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման կարգի ու պատրաստման հիմնախնդիրների, Շուշիի թեմական դպրոցի սաների լուսավորչական գործունեությանը, կին լուսավորիչ-մանկավարժների լուսավորչական գործունեության, Արցախի թեմի առանձին գավառների դպրոցների պատմության մասին:

Աշխատության երկրորդ հատորը բովանդակում է ԼՂԻՄ  կրթական համակարգի ամբողջական պատմությունը (1923-1988թթ.): Հարկ է նշել, որ այն առ այսօր ուսումնասիրված չէ: Որպես այդպիսին էլ այն լուրջ ներդրում է յոթ տասնամյակների՝ մարզի հայ կրթական համակարգի պատմության ուսումնասիրման բնագավառում:

Նրա  վեց գլուխներում ներկայացվում են ԼՂ-ում խորհրդային կրթական համակարգի ձևավորման և զարգացման փուլերը 1920-1941թթ.` արխիվային հարուստ  նյութերի, սկզբնաղբյուրների և ժամանակակիցների հուշերի համադրական վերլուծության հիման վրա, մարզում ուսուցչական առաջին կոնֆերանսներն ու համագումարները, Մեծ Հայրենականի տարիներին Արցախի հանրակրթական դպրոցների աշխատանքները,  մարզի հայկական դպրոցների ուսուցիչների և նրանց սաների սխրանքները, հետպատերազմյան շրջանում մարզի հայ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները, յոթնամյա, ընդհանուր միջնակարգ պարտադիր կրթության իրականացման հիմնախնդիրները, կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները, օգոստոսյան ուսուցչական խորհրդակցություններում, գիտագործնական կոնֆերանսներում քննարկված բազմաբնույթ հարցերի, առաջավոր դպրոցների, հատկապես գիշերօթիկ դպրոցների (Մարտակերտի, Ստեփանակերտի, Շուշիի) առաջավոր փորձի վերլուծությունը,Ղարաբաղի կրթական գործի կազմակերպիչների արգասավոր գործունեությունը 1923-1988թթ. մարզլուսբաժնի վարիչների, շրջանային կրթության բաժինների վարիչների, ԼՂԻՄ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտի տնօրենների և վերապատրաստման դասընթացների կազմակերպիչների, վաստակաշատ մանկավարժների գործունեությունը, համառոտ տեղեկություններ մարզի միջնակարգ մասնագիտական կրթական հաստատությունների, Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտի, մանկավարժական ինստիտուտի  գիտակրթական գործունեության մասին: Երկրորդ հատորի վերջում ներկայացվում է նաև  կին մանկավարժների 1920-1988թթ. հասարակական, քաղաքական և մանկավարժական գործունեությունը: Համոզիչ փաստերով ու մեկնաբանություններով հեղինակները հանգամանորեն ցույց են տալիս, որ երկրամասի կին մանկավարժները ոչ միայն բեղմնավոր մանկավարժական գործունեություն են ծավալել, այլև արցախահայության համար դժնդակ տարիներին ակտիվորեն մասնակցել են մարզի հասարակական, քաղաքական աշխատանքներին: Ադրբեջանի ազգայնամոլ քաղաքականության պայմաններում հայրենասեր մանկավարժները երբեք չեն կորցրել իրենց հավատն ու հույսը լուսավոր ապագայի նկատմամբ, ամեն ինչ արել են ազգային մշակույթն ու հայեցի կրթություն տվող լուսավոր օջախները պահպանելու ու զարգացնելու համար:

 Աշխատության երրորդ  հատորը` ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթական համակարգը՚,  ընդգրկում է 1991-2016 թվականները: Բազմածավալ նյութը բաշխված է յոթ գլուխներում: Նրանցում հեղինակները պատմահամեմատական, քննական վերլուծություններով ցույց են տալիս կրթական համակարգի վիճակը մինչև Արցախի անկախության շրջանը (1988-1991թթ.), այնուհետև պատշաճ մակարդակով լուսաբանում ԼՂՀ-ի կրթական նոր համակարգի ձևավորման ու զարգացման ուղղությունները, կրթական համակարգի զարգացման անցումային, կայունացման, կայացման և արմատական վերափոխումների շրջափուլերը (1991-2016թթ.), ՀՀ և ԼՂՀ կրթության միասնական քաղաքականությունն ու զարգացման միտումները, կրթության համակարգի միասնական կառավարման հիմնախնդիրները համահայկական կրթադաշտում և այլ հիմնահարցեր: Այստեղ տեղ են գտել  ԼՂՀ կրթության և գիտության նախարարների, փոխնախարարների, բարձրակարգ մասնագետների, շրջանային կրթության բաժինների վարիչների, վերապատրաստման դասընթացների կազմակերպիչների, ԼՂՀ վաստակավոր մանկավարժների, գիտության վաստակավոր գործիչների, հանրակրթական դպրոցների տարվա լավագույն ուսուցիչների, տնօրենների հայրենանվեր գործունեությունը, նոր գծերով է հաստատված վաստակաշատ մանկավարժների, գիտության վաստակավոր գործիչների գիտական դիմանկարը: Համառոտակի բնութագրվում է ԼՂՀ նախադպրոցական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների գործունեությունը (1991-2016թթ.), արհեստագործական (նախնական մասնագիտական) ուսումնարանների, ռազմամարզական վարժարանի, արվեստի, պարարվեստի քոլեջի, երաժշտական, մարզական դպրոցների համառոտ պատմությունը:

Ա. Ավանեսյանի, Գ. Հարությունյանի եռահատոր աշխատությունում կարմիր թելի պես անցնում է այն գաղափարը, որ արցախահայությունը, դարերով ապրելով պատմական դժնդակ պայմաններում, նաև դպրոցի, կրթության ու մանկավարժության ասպարեզում հասել է մեծ բարձունքների, և արժեքավորը հենց այն է, որ հեղինակներն այս միտքը ոչ թե ընդհանուր ձևով լոկ հայտարարում են, այլ հաստատում ու հիմնավորում են բազմաթիվ անառարկելի փաստերով ու փաստաթղթերով: Պատմագիտական որոշակի արժեք է ներկայացնում նաև փաստագրական այն նյութը, որ հեղինակները հայտնաբերել են Մատենադարանի ձեռագրերից, արխիվային ֆոնդերից և այլ աղբյուրներից:

Մեր կարծիքով, հետազոտողի համար Արցախի կրթական համակարգի ամբողջական պատմություն ստեղծելը չափազանց ծանր ու աշխատատար մի գործ է, այն առումով, որ առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ:

Անշուշտ, հայ մանկավարժության պատմության հետագա ուսումնասիրողները ևս շատ շնորհակալ կլինեն սույն եռահատոր աշխատության հեղինակներից:

 

 Ալբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԼՂՀ վաստակավոր մանկավարժ

                                                                                                                                                  ՙԱԱ՚

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.