Logo
Print this page

ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՐԱՆՑՈՒՄ

Օրերս Ստեփանակերտում անցկացված Արցախի խառը մենամարտերի (MMA)  գավաթի բաց առաջնությանը մասնակցել են Շահումյանի շրջանի ՙԽաչեն՚ մանկապատանեկան մարզադպրոցի ՙԱղվան Գևորգյան՚ մարզական ակումբի սաները։ 

 Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ակումբի մարզիչ Աղվան Գևորգյանը, առաջնությանը մասնակցում էին թիմեր Արցախի տարբեր շրջաններից։ 

ՙՔարվաճառի հավաքականում ընդգրկված էր 8 պատանի մարզիկ, և նրանք բոլորն էլ մրցանակային տեղեր են նվաճել։ 8 մարզիկներից 4-ը գրավել են 1-ին մրցանակային տեղը, 2-ը՝ երկրորդ, 2-ն էլ՝ երրորդ տեղը։ Քարվաճառի թիմը ճանաչվել է առաջնության լավագույն թիմ, տեղեկացրեց Աղվան Գևորգյանը։

Թիմն արժանացել է դրամական պարգևի, որը, ըստ մարզիչի, կծախսվի պարապմունքների համար անհրաժեշտ պիտույքների գնման վրա։ 

1-ին տեղ գրաված պատանի մարզիկները ևս արժանացել են անհատական դրամական պարգևների։ Առաջնությունն անց է կացվել երկու՝ 12-18 և 18-ից բարձր տարիքային խմբերով։ Քարվաճառի մարզիկներն ընդգրկված են եղել 12-18 տարեկանների տարիքային խմբում։ 

ՙՍա մինչև այժմ մեր մարզիկների ունեցած ամենադժվար մրցույթն էր, բայց երեխաները կարողացան արդարացնել իմ հույսերն ու հաղթանակ նվաճեցին՚,- նշեց Աղվան Գևորգյանը։

Խոսելով առաջիկա ծրագրերից՝ մարզիչը տեղեկացրեց, որ դեկտեմբերին ևս Ստեփանակերտում սպասվում է առաջնություն, որին կմասնակցեն մարզիկներ նաև Հայաստանի Հանրապետությունից։ Այս մրցույթին ակումբը պատրաստվում է ներկայանալ ավելի մեծ թվով մարզիկներով։

Տեղեկացնենք, որ ներկայումս ակումբում մարզվում է 36 սան, որից 5-ը աղջիկներ են։ 

Թամար Գրիգորյան

ք.Քարվաճառ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.