[ARM]     [RUS]     [ENG]

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ` ՄԻՏՎԱԾ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Նոյեմբերի 13-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունում տեղի է ունեցել ՙՏոհմածառ՚ և ՙԱրցախյան գորգարվեստ՚ մրցույթների հանրապետական փուլի արդյունքների ամփոփումը:

Տեղեկացնենք` այդ մրցույթները կազմակերպվում են նախարարության կողմից  2013 թվականից: Այս տարի երրորդ անգամ են դրանք անցկացվում: Կազմակերպիչների նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը: Մրցույթներն ունեն յուրաքանչյուրն իր  այժմեական և հեռանկարային խնդիրները, որոնք կոչված են աշխուժացնելու ոլորտը:

ՙԱրցախյան գորգարվեստ՚ մրցույթը նպատակաուղղված է գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնմանը, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացմանը, ժողովրդական արհեստների հանրահռչակմանը, զարգացմանը և փոխանցմանը սերունդներին, ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանքի ու հոգածության վերաբերմունքի  արմատավորմանը:

ՙՏոհմածառ՚ մրցույթի նպատակներն են` պատմական, ծագումնաբանական և պատմաերկրագիտական գիտելիքների զարգացումը, հասարակության մեջ ծագումնաբանական ավանդույթների վերածնումը, երիտասարդության շրջանում հարազատ ժողովրդի պատմության, ծագումնաբանության և պատմաերկրագիտության ուսումնասիրության մասսայականացումը, գիտության և մշակույթի բնագավառում սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նախագծի իրականացումը տարածքային կառավարման մարմինների և պետական կրթական ու մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ, ազգակցական կապերի ուժեղացմամբ, հանրապետությունից դուրս գտնվող արցախցիների հետ կապերի ամրապնդմամբ:

Ի տարբերություն առաջին երկու մրցույթների, նշում է նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Երազիկ Ավանեսյանը, այս տարի թե՜ մասնակիցների թիվը, և թե՜ աշխատանքների հմտավարժության մակարդակը զիջում էին նախորդներին: Նաև կային նախորդ տարիներին մասնակցած աշխատանքներ, ինչը կանոնակարգով չի թույլատրվում, մեկնաբանում է բաժնի պետը: Այս երկու հանգամանքները պատճառ դարձան այն բանի, որ որոշ մրցանակային տեղեր մնացին թափուր: Սակայն կազմակերպիչները համոզված են, որ հաջորդ տարի մրցույթն ավելի մեծ հաջողությամբ կանցկացվի, ինչպես եղել է առաջին երկու մրցույթների դեպքում, և մարդիկ ավելի ակտիվորեն կընդգրկվեն այս գեղեցիկ գործընթացի մեջ: Հետևություններ արեցին նաև հանձնաժողովում ընդգրկված մասնագետները, ովքեր կոչված են արդարացիորեն տալու իրենց պրոֆեսիոնալ գնահատականները և արտահայտելու նկատառումները` հաջորդ մրցույթներն ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով:

ՙԱրցախյան գորգարվեստ՚ մրցութային հանձնաժողովի անդամ, ՙՂարաբաղ կարպետ՚ ՍՊԸ արտադրության պետ Հասմիկ Մխիթարյանը նշում է, որ մրցույթի որոշ պահանջներ` աշխատանքների թե՜ չափերի և թե՜ զարդանախշերի վերաբերյալ, պետք է վերանայվեն: ՙՄրցույթին մասնակցել ցանկացող վարպետները լավ չեն պատկերացնում իրենց առջև դրված խնդիրները,- նկատում է նա:- Ուստի հաջորդ տարվա մրցույթի պահանջները կլինեն առավել հստակեցված, որպեսզի մասնակից-վարպետն ավելի հեշտ կողմնորոշվի պահանջվող պայմանների մեջ և լիարժեք կատարի իր աշխատանքը՚:

Եվ այսպես, ՙՏոհմածառ՚ մրցույթի 1-ին կարգի մրցանակին արժանացավ Յուրի Բեգլարյանը, 2-րդ  մրցանակին` Սուրեն Բաբայանը: ՙԱրցախյան գորգարվեստ՚ մրցույթի ՙԱսեղնագործություն՚ անվանակարգում 1-ին մրցանակային տեղը զբաղեցրեց Անահիտ Մելքումյանը: 2-րդ մրցանակային տեղը բաժանվեց Անժել Կարապետյանի և Մանանա Չիթչյանի միջև: Երրորդ տեղը մնաց թափուր: ՙԿարպետ՚ անվանակարգում 1-ին մրցանակային տեղին արժանացավ Սվետլանա Խաչատրյանը: Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը նույնպես մնացին թափուր: ՙԳորգ՚ անվանակարգում 1-ին մրցանակային տեղը շնորհվեց Ռիտա Ավանեսյանին, երկրորդ, երրորդ տեղերը մնացին թափուր, բայց խրախուսական մրցանակների արժանացան երեք գորգեր, որոնց հեղինակներն են Վարսիկ Ավանեսյանն ու Սոնյա Ստեփանյանը, Ինգա Բաղդասարյանը և Ելիզավետա Առուշանյանը: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ