[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Հոկտեմբերի վերջին շաբաթներին ՙԱրմատներ՚ կենսակենտրոնում երեխաների համար անց էին կացվում ուսուցողական բնույթի յուրատեսակ խաղեր: Դրանք անց էր կացնում Ֆրանսիայում բնակվող, մասնագիտությամբ երաժշտագետ, դաշնակահար, ՙՄկնիկ՚ հայ-ֆրանսիական աշխատանոցի հիմնադիր Արմինե Խաչատրյանը, ով հենց այդ խաղերի հեղինակն է:

 Հերթական ուրբաթ օրն անցկացվող խաղին ես նույնպես ականատես եղա: Հենվելով երեխաների ուշադրության, տրամաբանելու ունակության վրա` հետաքրքրաշարժ այս խաղերով, փաստորեն, կարելի է ամրապնդել զանազան գիտելիքներ տնային կենդանիների, ձկների, թռչունների, խոտաբույսերի, հացահատիկայինների, պտղատու ծառերի, տոհմի և բարեկամական կապերի, մի խոսքով, կյանքի տարբեր ասպարեզների վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվում հայոց պատմության, մշակույթի մասին գիտելիքների յուրացմանը: Ամենակարևորն այն էր, որ այս խաղերը տարվում են հայերեն լեզվով: Մի խոսքով` աշխարհը հայ երեխան առաջին հերթին պետք է ճանաչի հայերենով, համոզված է խաղերի հեղինակը:

ՙԱզատ Արցախ՚-ի հյուրասրահում է դաշնակահար, երաժշտագետ, ՙՄկնիկ՚ հայ-ֆրանսիական աշխատանոցի հիմնադիր Արմինե ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-Տիկին Խաչատրյան, ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ խաղերը, ինչպե՞ս են ստեղծվել և, երեխաների հետ խաղալուց, ի՞նչ նպատակներ են հետապնդվում:

-Խաղերն այդ ստեղծվել են Փարիզում, 27 տարի առաջ: Մի քանի ծնողներով շաբաթօրյա աշխատանոց ստեղծեցինք մեր երեխաների համար: Համոզված էինք, որ երեխաները հայախոս կլինեն: Ֆրանսիան միալեզու երկիր է: Ժողովրդի մտայնության մեջ ֆրանսերենը գերիշխող դիրքում է, ընդ որում, ֆրանսերենով պետք է որակյալ, բարձր մակարդակով խոսել: Ասենք, Կանադան երկլեզու երկիր է, այնտեղ մարդն ավելի ազատ է հաղորդակցվելու մեջ: Իսկ Ֆրանսիայում հակառակն է, դու ամենուրեք պետք է խոսես ֆրանսերեն: Ուստի մենք` մի քանի ծնողներ, ուզում էինք, որ մեր երեխաները լինեն հայախոս: Ճիշտ է, Ֆրանսիան հին հայկական գաղութ է, վաղուց գործում են շաբաթօրյա, կիրակնօրյա, անգամ ամենօրյա հայկական դպրոցներ: Բայց այդ դպրոցներում երեխաներն իրար հետ հաղորդակցվում են ֆրանսերենով, դրա հետ մեկտեղ հայերեն դասեր են անցնում: Դա իրական երկլեզվություն չէ: Մենք ցանկացանք իրական երկլեզվություն լինի. թե՜ հայերենը և թե՜ ֆրանսերենը համազոր առաջ գնան:

-Բավականին դժվար նպատակ եք դրել: Ինչպե՞ս էիք հաղթահարում բարդությունները:

-Անշուշտ, դժվար էր: Մենք խիստ  պայման դրեցինք` ընդունում ենք միայն հայախոս երեխաների: Իրականում մենք ծնողներին էինք փնտրում: Ծնողը պետք է համոզված լինի, որ բավարար չէ, որ իր երեխան 3-5 տարեկանում է հայերեն խոսում: Դա մանկապարտեզային տարիք է: Իսկ հենց երեխան դառնում է 6 տարեկան և գնում դպրոց, որտեղ շատ են ստիպում կարդալ, գրել ֆրանսերենով, ծնողը տարվում է դպրոցի պահանջներին և ինքնըստինքյան աչքաթող է անում երեխայի հայերեն խոսելու անհրաժեշտությունը: Ուրեմն, մենք նպատակ ենք դնում, որպեսզի հայ երեխան հայերեն խոսի, այն լիարժեք իմանա մինչև 18 տարեկանը: Ի դեպ, մեր աշխատարանի անվանումը ՙՄկնիկ՚ է…

-Շատ խորհրդանշական է. մանր-մանր ՙկրծելով՚` հասնել նպատակին...

-Այո, հենց այդպես էլ սկսեցինք: Ես նրանց հետ սկսեցի աշխատել երաժշտությամբ: Այո, իմ մասնագիտությամբ: Ավարտել եմ Սորբոնի համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետը: Հետո սկսեցինք խաղերը, ձեռքի աշխատանքները հայերենով բացատրությամբ: Խաղը շատ հարմար միջոց է, որպեսզի գիտելիքը փոխանցես, բառապաշարը հարստացնես, մթնոլորտը դարձնես հայեցի: Սկսեցի ստեղծել այդ խաղերը: Փորձը ցույց տվեց, որ հաջողված գաղափար է: Հրատարակեցի, և այդ խաղերի միջոցով աշխարհը դարձրինք հայերեն ընկալելի: Բավականին հրատարակված խաղեր ունեմ: Կան նաև չհրատարակված, բայց հրատարակության պատրաստ նոր խաղեր:

-Երբ հասկացաք, որ գաղափարը հաջողված է, և Դուք ճիշտ ուղու վրա եք, ինչպե՞ս ցանկացաք զարգացնել այն` անալիտիկ մտածողությա՞ն, հայ երաժշտության զանազանությա՞մբ, թե՞ այլ ուղղությամբ: Այսինքն, երեխային ի՞նչ ուղղությամբ է պետք զարգացնել:

-Խաղի միջոցով, անշուշտ, ամեն մի բովանդակություն հայերենով է արտահայտված: Միաժամանակ երեխան սովորում է նյութը դասակարգելով գիտելիքներ ստանալ: Հետագայում, երեխաների ավելի մեծ տարիքում ծրագրերի մեջ մտցրինք խաղ հորինելը: Օրինակ, մեծերի հետ խաղ ենք հորինել: Այսպես ծնվեց թռչունների վերաբերյալ խաղը: Ի դեպ, ֆրանսիացիները չեն սիրում պարզապես ՙթռչուն՚ ասել, նրանք ամեն թռչունի իր անունով են կոչում: Ես տեսնում էի, որ փոքր երեխաները ֆրանսերեն գիտեն յուրաքանչյուր թռչունի անունը, իսկ ես դրանց անգամ հայերենը չգիտեմ: Սկսեցինք թռչուններից: Հետո փնտրեցինք հայկական թագավորական շրջանները, ամեն մի շրջան` որպես մեկ ընտանիք, ասենք, Բագրատունիների թագավորությունը և այլն: Անցանք պատմական, մշակութային ականավոր գործիչների կյանքին ու գործունեությանը, արվեստի հին ու նոր գործերին:

-Դուք ասացիք, որ խաղերը բարդության տարբեր մակարդակներ ունեն: Դա ի՞նչ տրամաբանությամբ է արվում:

-Այո, խաղը պետք է սահմանափակ չլինի: Եթե սահմանափակ է, երեխան կխաղա երեք-չորս անգամ և հետաքրքրությունը կկորցնի: Բարդացնելով, նոր մակարդակներ կարգելով, պարզեցինք, որ հայերենում կան ընտանիքը, տոհմը, կապերն արտահայտող 80-ից ավելի խոսքեր: Ինչպիսի՛ ճոխ բառապաշար ունենք, ես էլ չէի պատկերացնում: Ի դեպ, ասեմ, որ երեխան սիրում է դժվարությունը հաղթահարել:

-Ընդունված է հակառակը պնդել, որ երեխան դժվարություն չի սիրում, և պետք է հնարավորինս պարզեցված մատուցել գիտելիքը:

-Ոչ, համաձայն չեմ: Երբ երեխայի առջև մի քանի խնդիր է դրված, որոշները պետք է հեշտ լինեն, որ իրեն ոգևորեն, մի քանիսն էլ մի քիչ ավելի դժվար, որպեսզի հաղթահարի: Եթե բոլորը հեշտ եղան, նա նույնպես կձանձրանա: Իսկ եթե բոլորը դժվար լինեն, այդտեղ կանգ կառնի, կվախենա առաջ գնալ:

-Այսինքն, Դուք երեխայի հոգեբանությունն ու կարողությունները միահյուսված եք հաշվի առնում և կառուցում խաղերը:

-Անպայման: Պարզը, հասարակը շուտ ըմբռնելով, նրանք ավելի հեշտ կմտնեն ավելի բարդ մակարդակի մեջ:

-Բացի խաղից Ձեր դպրոցում էլ ի՞նչ են սովորում երեխաները:

-Թատրոնը միշտ է եղել: Երգն էլ վաղուց է դասավանդվում: Պարը մի քիչ ուշ մտավ, բայց նույնպես վաղուց է մեր ծրագրերի մեջ: Ընդունում ենք թե՜ արևելահայերենով, թե՜ արևմտահայերենով խոսող երեխաների, ու շատ համերաշխ անց ենք կացնում դասերը: Վարիչները միշտ եղել են երկու լեզուներով խոսող: Երբեք երեխային չենք ստիպել խոսել մյուսով: Ունենք ձեռքի աշխատանքի խմբակներ, որոնք շատ զանազան են: Օրինակ, խոհարարությունը հիանալի միջոց է զանազան գիտելիքներ փոխանցելու երեխային` սկսած բաղադրատոմսից, գործողություններից, ավարտած ազգային ավանդույթներով: Կավագործություն ենք դասավանդում, նկարչությունը միշտ եղել է: Այս բոլորը Ֆրանսիայի, այսինքն, Արևմուտքի պայմաններում հայկական միջավայր ենք ստեղծում: Մենք զրուցում ենք հայերեն, երեխան իր հասակակիցների հետ է զրուցում հայերեն: Դա բնավ նույնը չէ, ինչ երեխան ծնողի հետ կխոսի հայերենով: Բոլոր մեր երեխաները հաճախում են ֆրանսիական դպրոցներ և վարժված են իրար հետ ֆրանսերենով խոսել: Իսկ մեզ մոտ աշխատանքային լեզուն հայերենն է, կապ չունի, որ խմբակում է ընդգրկված երեխան: Խաղերը գրված և խաղացվում են հայերեն, այսինքն, բնական են դարձնում շփումը, ինչը շատ կարևոր է լեզուն խորը զգալու, այդ լեզվով մտածելու իմաստով:

-Ովքե՞ր են դասավանդում դպրոցում: Ինչպե՞ս եք ընտրում դասատուներին:

-Մենք` ծնողներս ենք դասավանդում: Ծնողից լավը չկա: Ուսուցչի տիտղոս ունեցողները մի քիչ շատ ուսուցիչ են, մի քիչ շատ են ուզում գիտելիք փոխանցել: Մինչդեռ մենք ընտանեկան միջավայրն ենք կարևորում: Եվ երեխաները սիրով են գալիս: Հայերենը, ուզես-չուզես, ընտանեկան միջավայրի հետ է կապված: Անգիտակցաբար երեխայի ուղեղի մեջ ավելի է տեղն ընկնում, թե ինչու պետք է հայերեն խոսի: Դրան ավելացնենք ջերմությունը` թեթև ընթրիքի պահերը, տարեդարձերի տոնումը: Այո, երեխաներն իրենք ազատ ժամանակ սիրով, հաճույքով, անհամբերությամբ գալիս են մեր դպրոց` ամեն ինչ ստանալու: 

-Կարելի՞ է ասել, որ այդ 27 տարիների ընթացքում Ձեր դպրոցում սովորած երեխաները երբեք չեն մոռանա հայկական լեզուն, մշակույթը, պատմությունը:

-Գիտե՞ք, մանկավարժության մեջ երեխային տալիս ես այնքան, ինչքան կարողանում են: Երբ նա չափահաս է դառնում, ինքն է որոշում իր հետագա անելիքը, ապագան: Համենայն դեպս, որակի ապահովման խնդիրը մեր դպրոցում բարձր է դրված: Իսկ կորուստը ցանկացած գործում է լինում:

-Պարզապես, մարդու սրտում պետք է ապրեն հայրենիքը, հարազատ լեզուն ու մշակույթը…

-Այո՜: Բայց նաև գիտակցաբար: Ես ծնունդով Պարսկաստանից եմ: Դե, գիտեք, Պարսկաստանում բոլոր հայերը հայախոս են, բնականաբար: Բայց նույն հայերը թողնում, գնում են Ամերիկա, դրան արդեն կարևորություն չեն տալիս: Շատ հեշտ կարող են փոխվել, մոռանալ հայրենի լեզուն: Իրականում պետք է այն գիտակցությանը գաս, որ այդ արժեքները պարտավոր ես պահել:

-Ի՞նչ հաճախականությամբ եք գալիս Արցախ, և ի՞նչ լումա եք փորձում ներդնել այստեղ:

-Նախ` գալիս եմ, որովհետև տղաս է այստեղ աշխատում: Նա Ստեփանակերտի ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենն է: Նրան այցելության համար եմ գալիս: Բայց միշտ մտքիս եղել է գնալ Մշակույթի կամ Կրթության, գիտության նախարարություն` այս խաղերը ներկայացնելու, դպրոցներում կիրառելու առաջարկով: ՙԱրմատներ՚ կենտրոնում անցկացրած մի քանի պարապմունքներն առաջին փորձն էին, որ կիրառեցի այստեղ: Անշուշտ, ճիշտը նախապես պայմանավորվելն ու համագործակցելն է: Կաշխատեմ մյուս իմ այցելության ժամանակ նախօրոք պայմանավորվել:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ