[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻՆ ՆԱՅԵԼ ԱՐԱՐԱՏԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում նոյեմբերի 16-ին  ԱրՊՀ-ի հյուրը գրող, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանն էր:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը, բազմամարդ լսարանին ներկայացնելով բանախոսին, նշեց նրա ծանրակշիռ ավանդը հայ  մշակույթի զարգացման գործում: Դ. Մուրադյանը 2014թ.-ից ղեկավարում է  Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:

Դասախոսության թեման էր ՙՄշակույթը` որպես պետականաստեղծ համակարգ՚:

Որպեսզի պարզաբանի` ինչ է մշակույթը, նա մեջբերեց գերմանացի մեծ բանաստեղծ Գյոթեի խոսքը. ՙԵթե ուզում եք ազգ ստեղծել, թատրոն բացեք՚: Տարիմաստ է թվում, բայց  հույներին, իբրև  ամբողջական ազգ,  ձևավորել է իրենց թատրոնը, ասաց Դ. Մուրադյանը:  Բանախոսը շարունակեց  զարգացնել միտքը. ո՞վքեր էին հույները, պետականության ինչ կարգավիճակ ունեին նախքան իրենց թատրոնը. քաղաք-պետություններ էին, որոնք պատերազմում էին իրար դեմ` խոսելով նույն լեզվով: Այդ ժամանակներից մեզ հայտնի է Տրոյայի պատերազմը, թեպետ այդպիսի պատերազմներ բազմաթիվ են եղել, բայց  մեկն ենք հիշում, որովհետև այն ունեցել է իր բանաստեղծը, այն մյուս պատերազմները Հոմերոս չեն ունեցել, դրա համար էլ մոռացվել են:  Նշանակում է` մշակույթը  հիշողություն է, այն ի սկզբանե ստեղծում է մի պատմական տարածություն, որի մեջ ազգը կարող է ապրել հազարամյակներ շարունակ: Նորից հույների օրինակով բանախոսը շարունակում է միտքը.  միմյանց դեմ պատերազմող  նույն հույներն իրենց թատրոններում դիտում էին ներկայացումներ և աստիճանաբար սկսեցին ունենալ նույն հերոսները, նույն արժեհամակարգը, բարոյական նույն իդեալները,  որոնց շուրջ միավորվեցին և  դարձան մեկ միասնական ազգ-պետություն:  Այստեղից, ըստ բանախոսի `առաջին  բանաձևումը` 

ոչ թե երկիրն է մշակույթ ստեղծում, այլ մշակույթն է երկիր ստեղծում. ինչպիսի մշակույթ ունենաս` այնպիսին էլ կլինես: Եվ  եթե հողն առանց մշակույթի աշխարհագրություն է, ապա մշակույթի հետ միասին`  հայրենիք է, որը դեմք, դիմագիծ է ստանում, աշխարհին ներկայանում իր ես-ով և մենք-ով: 

Բայց մշակույթը միայն կինոն, թատրոնը, գրականությունը, երաժշտությունը չէ.  դրանք  մշակույթի կարևոր, բայց գեղարվեստական մասն են: Մարդն  ունի բանականություն և հոգի, միշտ  ուզում է իր կենսատարածությունը մեծացնել: Եվ ահա երկրորդ բանաձևումը` մշակույթը մարդ արարածի հավելումն է իրականությանը: Օրինակը  Տերյանն է, որի առաջին գիրքը`  1908թ. հրատարակած ՙՄթնշաղի  անուրջներ՚¬ը, հեղաշրջում մտցրեց  հայ պոեզիայի լեզվի մեջ,  նախանշեց մայրաքաղաքի (իսկ պետություն պիտի ունենաս, որ մայրաքաղաք լինի) ազնվականական լեզուն, որը ստեղծեց համապատասխան միջավայր: Այդ համատեքստում Դ. Մուրադյանն անդրադարձավ լեզվին` որպես ազգապահապանության կարևոր գործոնի: 

Հայաստանը գտնվում է երկրների խաչմերուկում: Հայկական քաղաքակրթությունն ընդունակ է բնականորեն հարաբերվել և՜ արևելյան, և՜  արևմտյան մշակույթի հետ. հայոց լեզուն կրող  Վահրամ Փափազյանը եվրոպականացված մարդ էր:  Փարաջանովի  ՙՆռան գույնը՚ հավասարապես սիրում են Եվրոպայում և Արևելքում, որովհետև այն  քրիստոնեական հոգեհյուսվածքի ֆիլմ է և գեղեցիկ է արևելյան գորգի պես: Արամ Խաչատրյանը քաղաքակրթություններ միավորող կոմպոզիտոր է:  Այստեղից  բանախոսի հաջորդ բանաձևումը` Հայաստանը քաղաքակրթական հավասարակշռության վայր է: Եվ սա տալիս է  քաղաքական  մեծ առավելություն մեզ` աշխարհի երկու թևերի հետ համատեղվելու և բնականորեն ապրելու այս երկու թևերի միջև: Սա այն վիթխարի  ներուժն է, որ ունենք, պարզաբանեց արվեստագետը:  ՙԱշխարհագրական առումով մեր տեղը չի փոխվել, բայց աշխարհայացքի փոփոխության խնդիր կա: Մենք` որպես հայկական մշակույթ, ապրել ենք՝  միշտ Արարատին նայելով, բայց գուցե նոր հազարամյակը նո՞ր պահանջ է դնում` Արարատի գագաթից նայել աշխարհին՚,-ասաց նա` հիշեցնելով, որ  Աբովյանը  դա  արել է ֆիզիկապես, Չարենցը` իր  պոեզիայով, Խաչատրյանի երաժշտությունն  աշխարհին նայող  հայացք է: Արվեստագետը օրինակ բերեց  նախորդ դարի 60-ականների մշակույթը, որի հեղինակները` ստալինյան վանդակից դուրս եկած մարդիկ,  բարձրացրին   սեփական ինքնության, փոքրության հաղթահարման  գիտակցությունը: Բանախոսը շարունակեց օրինակներ բերել, թե ինչպես էր մշակույթը թելադրում իրականությանը, ինչպես է ձևավորվում մարդու նոր տեսակ`  բարոյական,  հոգևոր,  ինտելեկտուալ և ընդհանուր կուլտուրայի առումով, ինչպես է այդ տեսակը դառնում հայրենիք կերտող,  հայրենիք պաշտպանող ու  հայրենիք հարստացնող: 

Մեր ինքնաճանաչումից էլ կսկվի մեր մշակույթի նոր վերելքը, համոզված է արվեստագետը: ՙԻնչքան  էլ կյանքից, աշխարհից, բախտից, սոցիումից,  և գուցե շատ արդարացի, հայերս դժգոհենք, վերջին 50 տարում մենք այն քիչ ժողովուրդներից  ենք, որը կարողացել է ազգային երազանք իրականացնել.  Արցախը ազգային երազանքի իրականացման մարմնացումն է՚,- փաստեց Դ. Մուրադյանը` հավելելով, որ սա պիտի մոբիլիզացնի մեր ներքին էությունը, ինտելեկտը, մեր վստահությունը ինքներս մեր հանդեպ: Նրա խոսքով` այստեղից է սկսվում հայկական պատմական և քաղաքակրթական ինքնագիտակցական նոր փուլը:  Ստեղծել ենք պատմական և քաղաքական նոր իրականություն, որն այսօրվա հայ մշակույթից առաջ է անցել: Հայ մշակույթին արդեն իրականությունն է  տալիս մարտահրավերը` ասելով` արի ինձ հավասարվիր:

Երկխոսության մեջ մտնելով լսարանի հետ և պատասխանելով այն հարցին, թե մեծ հաշվով գտնված չէ մեր մշակույթի  նոր ժամանակների ես-ը և մենք-ը, բանախոսն ասաց, որ  գուցե պատմական միջանկյալ ժամանակաշրջան է դարից դար, հասարակարգից հասարակարգ անցումը. ամեն դար իր ՙԵրկիր Նաիրի՚-ն է ուզում: Պատմության ինտերմեդիայի մեջ ենք: 

ՙԱմեն ինչ չէ, որ լավ է, և  գուցե լավը քիչ է, բայց լավի քիչը ավելի կարևոր է, քան վատի շատը:  Դա կյանքի օրենքն է: Պատասխանները միշտ արագ են հնանում, հարցերը մնում են հավերժորեն, բայց ես հավատում եմ,  որ կգտնվեն՚,-լավատեսորեն եզրափակեց բանախոսը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ